1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

FemInno միջազգային համաժողովի ընթացքում ամփոփվեցին Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակային ծրագրի արդյունքները

FemInno միջազգային համաժողովի ընթացքում ամփոփվեցին Սոնա Մնացականյանի 
անվան կրթաթոշակային ծրագրի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անցկացվող FemInno կանանց նորարարական միջազգային երկօրյա համաժողովին ամփոփվեցին Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակային ծրագրի արդյունքները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կրթաթոշակի ընդհանուր ֆոնդը 26 հազար դոլար է, ինչը միմյանց միջև կիսեցին 10 աղջիկներ՝ Հայաստանից և Արցախից։

Կրթաթոշակ տրամադրվեց 3 հիմնական ուղղություններով՝ վերականգնվող էներգիա, տեխնոլոգիա և գիտություն: Այսինքն, աղջիկներն այդ կրթաթոշակը կարող են օգտագործել միայն համապատասխան ոլորտում ներդրում կատարելով: 

Կրթաթոշակի ֆոնդը հավաքվում է «ռեԱրմենիա» հարթակում: Եվս 10 օր հնարավոր է հարթակում հանգանակություն կատարել, որով հնարավոր կլինի կրթաթոշակ հանձնել ևս մի քանի երիտասարդ աղջիկների։ 

Սոնայի ամուսինը` Աշոտ Վարդանյանը, «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց՝ Սոնայի Մնացականյանի անվամբ կրթաթոշակ ստացած երիտասարդ աղջիկները կարող են անմահ դարձնել Սոնային և նրա գործը։

«Սոնայի համար կրթությունը միշտ կարևոր էր։ Խելոք մարդիկ հաճախ ասում են, որ մարդն այնքան երկար է ապրում, ինչքան հիշում ես իրեն ու շարունակում իր գործը։ Սոնայի գործերը շատ-շատ էին։ Ամեն ինչ չենք կարող շարունակել, բայց կրթաթոշակներով հնարավոր կլինի շարունակել իր գործն ու օգնել հասարակությանը»,- նշեց նա։ 

Սոնայի գործընկերուհի ZEVIT ընկերությունից Լիանա Խուցյանը պատմում է՝ վերականգնվող էներգիան հենց այն ոլորտն էր, որտեղ Սոնան իր ներդրումն ուներ։ Սոնայի հիմնադրած ZEVIT ընկերությունը կանաչ էներգիայի ոլորտում տվյալների կառավրմամբ է զբաղվում։

«ZEVIT-ի համահիմնադիրներից մեկը դանիացի էր, Սոնան համաձայնեց մնալ հիմնադիրների շարքում միայն այն պայմանով, եթե ծրագրավորման ամբողջ թիմը Հայաստանից լիներ։ Եթե մենք մեր հասարակությունում նման մարդիկ ունենանք, ովքեր աշխատատեղեր կստեղծեն Հայաստանում և դրսից համագործակցություններ կբերեն, համոզված եմ, որ մեր ապագան ավելի պայծառ կլինի։ Լիահույս եմ, որ կրթաթոշակը դրան կբերի»,- նշեց Խուցյանը։ 

Կրթաթոշակ ստացած երիտասարդներից Սյուզաննա Մամյանը պատմեց, որ քիմիկոս է, երկրորդ կուրսից որոշել է սովորել գիտական ոլոտում։ Ընդունվել է Ֆրանսիայի Դիժոն ակադեմիայի Բուրգունդիայի համալսարան։ Դիմել է կրթաթոշակային ծրագրին` առանց ակնկալելու, որ հենց ինքն է լինելու հաջողակներից մեկը։ Վստահեցնում է՝ իր ստացած գիտելիքները, հմտություններն ու փորձը ներդնելու է Հայաստանում։ 

Կրթաթոշակ ստացած 18 ամյա Անի Մելիքյանն էլ նշեց՝ ուրախ է, որ  Հայաստանում կան Սոնայի նման կանայք, որ իրենց ժամանակը տաղանդն ու ռեսուրսները ներդնում են ՏՏ ոլորտի զարգացման ու այլ կանանց ուժ տալու, ոգևորելու մեջ

«Կրթաթոշակի մասին իմացել եմ Թումո Լաբսի հայտարարությունների բաժնից։ Հայտն ուղարկել եմ վերջին օրը՝ չմտածելով, որ հենց ինձ է վիճակվելու կրթաթոշակ ստանալ։ Ստացած գումարով հոգալու եմ Ամերիկյան համալսարանի ճարտարագիտության բաժնի ուսման վարձը»,- հավելեց նա:

Հայաստանում հուլիսի 30-31-ն առաջին անգամ անցկացվում է FemInno կանանց նորարարական միջազգային համաժողովը, որի ընթացքում ամփոփվելու են ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանցի կանանց ու աղջիկների ստեղծած ստարտափների մրցույթի արդյունքները։

Համաժողովի գլխավոր նպատակներն են՝ բիզնեսի, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում կանանց գնահատելը, ներկայացնելն ու հզորացնելը, կրթության թիրախավորումը՝ որպես հիմնական ուղի, տարբերության և ներառականության խթանումը վաղ տարիքից, խոցելի խմբերի հզորացումը և որակավորումը, աշխատանքի և ցանցային հնարավորությունների ստեղծումը:

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]