Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մարզպետ Կարեն Սարգսյանն այցելեց Գավառ քաղաքի ճանապարհաշինական տեղամասեր

Մարզպետ Կարեն Սարգսյանն այցելեց Գավառ քաղաքի ճանապարհաշինական 
տեղամասեր

ԳԱՎԱՌ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շրջայց կատարեց Գավառ քաղաքի Սայաթ-Նովա եւ Կոմիտաս փողոցներ՝ դիտարկելու ճանապարհաշինական աշխատանքները, որոնք ընթանում են պետական եւ սուբվենցիոն  ծրագրերի հաշվին։ Մարզպետին ուղեկցում էր Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։ Ինչպես Սայաթ-Նովա փողոցի շինհրապարակում ներկայացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող «Քյավառ Սերվիս» ՍՊԸ տնօրեն Հրանտ Մուսոյանը՝ 2021 թվականից ՀՀ կառավարության կողմից հաստատված ճանապարհաշինական սուբվենցիոն ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 84 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է հիմնանորոգել 1 կիլոմետր երկարության ճանապարհ՝ 6 հազար քառակուսի մետր մակերեսով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա մայիս ամսից, իսկ օգոստոսի 1-ի դրությամբ արդեն ավարտվել են հողի շերտի հեռացման, ջրահեռացման համակարգի եւ մայթերի կառուցման ու խճապատման աշխատանքները։ Շինարարի հավաստմամբ՝ առաջիկայում կտեղադրվի նաեւ ասֆալտբետոնյա ծածկը, եւ մոտակա 20 օրերի ընթացքում կավարտվեն ճանապարհաշինական աշխատանքները Սայաթ-Նովա փողոցում։

Մարզպետի շրջայցի հաջորդ կանգառը Կոմիտաս փողոցում էր, որտեղ պետական միջոցների հաշվին արդեն տրվել է ճանապարհաշինական խոշոր ծրագրի մեկնարկը։ Ինչպես տեղում ներկայացրեց    ճանապարհաշինական աշխատանքներն իրականացնող «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ գլխավոր ճարտարագետ Բաղդասար Նազեյանը՝ հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը 3,4 կիլոմետր է, որն ընդգրկում է Գավառ քաղաքի Հրանտ Հակոբյան, Ազատության, Զորավար Անդրանիկի փողոցները եւ Գավառի կենտրոնական հրապարակին հարող հատվածները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ, 536 միլիոն 606 հազար դրամ։

Նախագծով նախատեսվում է կառուցել ջրահեռացման ներքին ցանց, հիմք եւ ավելի քան 60   հազար քառակուսի մետր երկշերտ ասֆալտբետոնյա ծածկ, տեղադրել բազալտե եզրաքարեր։ Երթեւեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ նախատեսված է իրականացնել նաեւ ճանապարհների կահավորման աշխատանքներ։

Օգոստոսի 1-ի դրությամբ արդեն նախկին ասֆալտետոնյա ծածկը եւ հողի շերտը հեռացվել է շուրջ 2 կիլոմետր երկարությամբ։ Որոշ տեղերում տեղադրվել են ջրահեռացման համակարգեր։ Մարզպետը շինարարների եւ համայնքի ղեկավարի հետ քննարկեց շինարարության ընթացքում ի հայտ եկած խնդիրներ, արեց դիտողություններ եւ առաջարկություններ։ Վերջում  Կարեն Սարգսյանը ներկայացրեց այցից ստացած տպավորությունները։

«Ինչպես հավաստիացրին շինարարները, աշխատանքներն ընթանում են անխափան, նախատեսված ժամկետների մեջ։ Սայաթ-Նովա փողոցում դրանք կավարտվեն 15-20 օրերի ընթացքում, Հրանտ Հակոբյան, Կոմիտաս եւ Զորավար Անդրանիկ փողոցներում՝ 8 ամիսների ընթացքում։ Այստեղ պետք է անենք հնարավորը, որպեսզի մինչ տարեվերջ հասցնենք միաշերտ ասֆալտբետոնյա ծածկի տեղադրումն ավարտել՝ ճանապարհային անխափան երթեւեկությունն ապահովելու նպատակով։ Իսկ ասֆալտբետոնյա երկրորդ շերտը կտեղադրվի եկող տարվա ընթացքում, եղանակային բարվոք պայմաններ ունենալուն պես։ Առաջին անգամ քաղաքի պատմության մեջ այս փողոցներում կառուցվում է ջրահեռացման համակարգ, որի շնորհիվ հիմնանորոգված ճանապարհի պահպանության խնդիրը հիմնովին լուծված կլինի։ Շինարարության ընթացքում ի հայտ եկած խնդիրները մենք քննարկեցինք շինարարների եւ համայնքի ղեկավարի հետ համատեղ ու կփորձենք սեղմ ժամկետներում լուծում տալ դրանց։ Մշտադիտարկումն իրականացնելու ենք մարզի բոլոր համայնքների բոլոր շինհրապարակներում, վեր ենք հանելու նկատված թերությունները, անելու ենք համապատասխան դիտողություններ եւ առաջարկություններ, սահմանելու ենք բավարար վերահսկողություն, որպեսզի շինարարություններն իրականացվեն առանց թերությունների։ Մեր մարզն առաջիկա օրերի եւ շաբաթների ընթացքում վերածվելու է մեծածավալ  շինհրապարակի, քանի որ այս տարի նախատեսված է իրականացնել 11,5 միլիարդ դրամ արժողության սուբվենցիոն ծրագրեր, չհաշված պետական մյուս խոշոր ծրագրերը։ Մենք արդեն ոչ թե միջոցների, այլ շինարարների կարիք ենք զգում, որպեսզի կարողանանք ապահովել հսկայածավալ շինարարական աշխատանքների ողջ ծավալը»,-ներկայացրեց մարզպետը։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]