Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պետք է մեր ժառանգությունը փոխանցեմ սերունդներին. Անտուան Ագուջյանը իր լուսանկարներով աշխարհին պատմում է հայերի մասին

Պետք է մեր ժառանգությունը փոխանցեմ սերունդներին. Անտուան Ագուջյանը իր 
լուսանկարներով աշխարհին պատմում է հայերի մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ականատեսների ժառանգ ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանը տարիներ շարունակ տեսախցիկի միջոցով աշխարհին է ներկայացնում Հայաստանն ու հայերի ժառանգությունը: Լուսանկարիչն անդրադառնում է ոչ միայն Հայաստանին, այլև այն երկրներին, որոնք այս կամ այլ ժամանակահատվածում անմիջական կապ են ունեցել հայերի հետ: Անտուան Ագուջյանի լուսանկարներում մարդու տառապանքն է, ցավը, սերն ու հավատն առ Աստված: Ինքը՝ հեղինակը, խոստովանում է, որ իր աշխատանքները դյուրամարս չեն, սակայն յուրաքանչյուր լուսանկարում կա լույս, քանի որ հայերն էությամբ ուրախ ժողովուրդ են:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Անտուան Ագուջյանը պատմել է լուսանկարչության կարևորության, 1988 թվականի երկրաշարժի, Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում կատարած աշխատանքի, ինչպես նաև «Լռության ճիչը. հայ հիշողության հետքերը» խորագրով ցուցահանդեսի մասին, որն ընդգրկում է հեղինակի 30-ամյա որոնումները և հետագծում է հայկական հիշողությունը, որն Ագուջյանը ժառանգել է Հայոց ցեղասպանությունից փրկված ծնողներից:

Նա պատմում է, որ Հայոց ցեղասպանությունը վերապրածների երրորդ սերնդին է պատկանում:  Անտուան Ագուջյանը ծնվել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում, որը համեմատում է հայկական փոքր գյուղի հետ, քանի որ քաղաքում շատ են հայերը, ինչի արդյունքում Ագուջյանը մանկուց յուրացրել է հայկական ավանդույթները, երգն ու պարը:  «Քաղաքում հայկական պարախմբեր կային, և ես հիշում եմ, որ հայրս ինձ պարի էր տանում: Երբ պարում ես, կարող ես պատկերացնել, որ ապրում ես Արևմտյան Հայաստանում: Մեծացել եմ հայկական մթնոլորտում ու ծանոթացել եմ հայկական ժառանգությանը: Մեծ հայրս զինվոր է եղել Հայոց ցեղասպանության ընթացքում և մեծ թվով հայերի է փրկել: Ինձ վրա ազդել է այդ ամենը»,-հիշում է լուսանկարիչն ու հավելում, որ իրենց ցնցել են թուրք դեսպանների դեմ հայերի մահափորձերը, որոնց դեմ են եղել, բայց գիտակցել են, որ այդ գործողությունների արդյունքում բարձրաձայնվում է Հայոց ցեղասպանության խնդիրը: Օտարները հարցրել են, թե ինչի՞ համար են պայքարում հայերը, և հայկական համայնքների ներկայացուցիչները սկսել են պատմել Հայոց ցեղասպանության մասին:

Անտուան Ագուջյանը մեծ ցնցում է ապրել նաև 1988 թվականին Սպիտակի ավերիչ երկրաշարժի օրերին: «Այդ ժամանակ մենք դիտում էինք «Արմենպրես»-ի ֆոտոթղթակից Մխիթար Խաչատրյանի լուսանկարները դեպքի վայրից: Շատ էմոցիոնալ վիճակում էինք, երբ Շառլ Ազնավուրը եկավ Հայաստան՝ օգնություն ցույց տալու: Մենք ևս ուզում էինք ինչ-որ կերպ աջակցել: Ժամանեցի Հայաստան և մեկ տարի մնացի այստեղ: Հենց այդ շրջանում  սկսեցի զբաղվել լուսանկարչությամբ, բայց՝ սիրողական: Լուսանկարում էի արտասահմանյան կազմակերպությունների համար: Երբ վերադարձա Ֆրանսիա, իմ աշխատանքների հիման վրա գիրք-ալբոմ հրատարակվեց: Այդպես սկսվեց իմ պատմությունը»,-ասում է լուսանկարիչը:

Հենց այդ շրջանում է Ագուջյանը որոշել լուսանկարչության միջոցով աշխարհին պատմել հայերի, հայերի ժառանգության մասին: 2000 թվականից սկսել է գնալ տարբեր երկրներ, որոնցում հնարավոր է եղել հայկական հետք գտնել: Եղել է Վրաստանում, Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Իրանում, Իսրայելում, Թուրքիայում: Լուսանկարել է պատերազմներ, հակամարտություններ և իր աշխատանքները  վաճառել է միջազգային լրատվականներին: Ասում է՝ միշտ հետևել ու լսել է փոքրիկ ուրվականներին՝ Ցեղասպանությունը վերապրածներին, որոնք իր հետ են: Ագուջյանը լուսանկարչությունը համեմատում է լեռ բարձրանալու գործընթացի հետ. կա՛մ պետք է մինչև վերջ բարձրանալ, կա՛մ՝ իջնել: Ինքը որոշել է մինչև վերջ բարձրանալ ու ստեղծել իր յուրահատուկ աշխարհը:

Ագուջյանը միշտ սիրել է ազատությունը և չի ցանկացել, որ որևէ մեկն իշխի իրեն, այդ իսկ պատճառով յուրովի է դասավորել իր մասնագիտական կյանքը՝ հրաժարվելով գրավիչ մի շարք առաջարկներից: «Երբ 1997 թվականին մեկնեցի Թուրքիա,  վախ կար, բայց նաև հաճույք կար: Գիտեի՝ այն, ինչ անում եմ, այլ մեկը չի արել: Ես պետք է մեր ժառանգությունը փոխանցեմ մեր երեխաներին, մեր սերունդներին: Ինչո՞ւ մենք պետք է ապրենք, եթե ոչինչ չենք ստեղծում: Պետք է ստեղծել մի բան, որով կկարողանանք օգնել մյուսներին: Միշտ եմ այդպես մտածել: Շատ եմ պատմություն կարդացել, որովհետև այն վայրերը, ուր պետք է գնայի, կապ ունեին մեր պատմության հետ: Այդպես հասունացա ու այժմ կարող եմ ազատ խոսել»,-նշում է լուսանկարիչը, որն իր հայրենակիցների կողքին է եղել նաև Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին:

Ցանկացել է Արցախում աշխատել այնպես, ինչպես Իրաքում՝ համագործակցելով մի ջոկատի հետ, սակայն նման հնարավորություն լուսանկարչին գրեթե չի ընձեռվել:  «Մեկ-մեկ ջոկատի հետ էի գնում ռազմի դաշտ և վերադառնում, երբեմն՝ վարորդիս հետ: Եղել եմ Մարտունիում, Մարտակերտում, Աղդամում, Քարվաճառում: Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում մոմ վառելու կարիք շատ էի զգում ու հասցրի անել դա: Ձգտում եմ լուսանկարել պատմության համար: Վտանգավոր է,  թե անվտանգ, պետք է գտնել լավ լուսանկարներ մեր պատմության համար, իսկ պատերազմի թեման շատ կարևոր էր: Երբ պատերազմներ սկսվեցին Իրաքում, Սիրիայում, առանց հապաղելու մեկնեցի, որովհետև կապ էի տեսնում մեզ հետ: Չգնացի որպես ռազմական լրագրող, այլ մարդ, որը վավերագրելու էր պատմությունը: Եթե նկարիչը գեղեցկություն է ստեղծում, դրան զուգահեռ նաև պետք է դժոխքը պատկերի: Իմ աշխատանքում ևս այդպես է»,-շեշտում է նա:

Նրա խոսքով՝ «Լռության ճիչը. հայ հիշողության հետքերը» խորագրով ցուցահանդեսում ընդգրկված լուսանկարները ծանր են, դրամատիկ, սակայն դրանցում լույս կա: Անտուան  Ագուջյանն  իրեն տխուր մարդ չի համարում, ասում է, որ շատ է սիրում քեֆ անել ինչպես յուրաքանչյուր հայ և անկեղծ է լուսանկարելիս: «Այն, ինչ ներկայացնում եմ, դժվար ժառանգություն է: Չեմ ուզում, որ աշխատանքներս դիտելիս մարդիկ տխրեն, ցանկանում եմ, որ հասկանան՝ պատմությունը դիալեկտիկ է: Ինչո՞ւ է Թուրքիան ճնշում քրդերին, որովհետև չի ընդունում Հայոց ցեղասպանությունը:  Քանի դեռ չեն ընդունել, նույն քաղաքականությունն են վարելու: Իմ աշխատանքներում պետք է տեսնել ոչ թե տխրությունը, այլ քաղաքականությունը: Կան մարդիկ, որոնք ասում են, թե պետք չէ այլևս խոսել Հայոց ցեղասպանության մասին, բայց մինչև Թուրքիան չընդունի Հայոց ցեղասպանությունը, մենք վտանգված ենք: Արցախյան 44-օրյա պատերազմն ապացուցեց դա»,-ընդգծում է լուսանկարիչը:

Նա ցանկանում է ավելի հաճախ լինել Հայաստանում, շատ աշխատել. լուսանկարչությունից զատ այլ բանով զբաղվել չի ուզում: Խոստովանում է՝ լավ է իրեն զգում հայ ժողովրդի հետ: Մտադիր է «Լռության ճիչը. հայ հիշողության հետքերը» ցուցահանդեսը, որը հունիսին ներկայացրեց Երևանում, ցուցադրել նաև Արցախում: «Հատուկ տեղում պետք է կազմակերպել ցուցադրությունը. վայրը պետք է հատուկ ճարտարապետություն ունենա: Միշտ մտածում եմ, որ վայրը ևս կենդանի մարմին է ու պետք է  լսել նրան՝ հասկանալու, թե ինչպես կառուցել ցուցահանդեսը: Այդպես եմ առաջնորդվել Երևանում՝ Նորարար փորձառական արվեստի կենտրոնում ցուցահանդեսը նախաձեռնելիս: Շատ նպատակներ ունեմ ու պետք է շարունակեմ հետաքրքիր լուսանկարներ անել: Եթե հարյուր տարի անց հայազգի կամ օտարերկրացի պատմաբանները, սոցիոլոգները ցանկանան հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել հարյուր տարի առաջ, հնարավոր է՝ նաև իմ լուսանկարներից ևս օգտվեն»,-նշում է Անտուան Ագուջյանը:

Նա վստահեցնում է, որ շարունակելու է լուսանկարել այնքան, քանի դեռ հնարավորություններ կան դա անելու, քանի դեռ ուժերը ներում են:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի և Հայկ Մանուկյանի

Արխիվային լուսանկարները տրամադրել է Անտուան Ագուջյանը

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]