1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Եռագույնով ներկված ևս մեկ ինքնաթիռ շուտով կմիանա ազգային ավիաընկերության ավիապարկին

Եռագույնով ներկված ևս մեկ ինքնաթիռ շուտով կմիանա ազգային ավիաընկերության 
ավիապարկին

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ազգային ավիափոխադրող Fly Arna-ի՝ եռագույնով ներկված ևս մեկ ինքնաթիռ շուտով կսկսի թռիչքները. ավիաընկերությունն իրականացնում է 2-րդ օդանավի ձեռքբերման աշխատանքներ:

Ազգային ավիափոխադրողը մտադիր է ընդլայնել չվերթների աշխարհագրությունը. հայերեն խոսող օդաչուներն ու բորտ-ուղեկցորդուհիները, հայերեն հայտարարությունները, հայկական խմիչքը, սնունդը և այլ ծառայություններն ապահովում են հայկական մթնոլորտը, դե իսկ Հայաստան եկող զբոսաշրջիկներին դեռ ինքնաթիռից Հայաստանի հետ ծանոթացնելու համար ազգային ավիափոխադրողն իր SkyTime անվճար սթիմինգային ծառայությունում նոր բաժին է ավելացնելու։

«Այս տարվա հունիսին մեր ավիաընկերությունը մեկնարկեց իր առաջին առևտրային չվերթները 2 ուղղությամբ՝ Երևան-Հուրգադա և Երևան-Շարմ Էլ Շեյխ: Քանի որ հատկապես ամառային ամիսներին այս երկու զբոսաշրջային ուղղությունները պահանջված են Հայաստանում, մեծ ոգևորությամբ գործարկեցինք չվերթները երկու սիրված հանգստավայրերի ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:

Ավիաընկերությունը թռիչքներ իրականացնելու թույլտվությունն առաջինը ստացել է հենց Եգիպտոսից: «Եվ մենք որոշեցինք օր առաջ մեր հայրենակիցներին հնարավորություն ընձեռել այսուհետ ազգային ավիափոխադրողի միջոցով բացահայտել Եգիպտոսի ծովափնյա այս քաղաքները, մինչ մեր թիմը հետևողականորեն կաշխատի նոր ուղղությունների ձեռքբերման շուրջ»,-ասաց նա:

Իսկ թե ինչու է ազգային ավիափոխադրողն իր գործունեությունը սկսում, չվերթներ իրականացնում ոչ թե նոր ուղղություններով, այլ ընտրել է ուղղություններ՝ Հուրգադա, Շարմ Էլ Շեյխ, որոնք Հայաստանում գործող այլ ավիաընկերություններ արդեն իսկ առաջարկում էին՝ Անտոնյանն ասաց. «Մենք՝ որպես Հայաստանի նոր ազգային ավիաուղիներ, ի սկզբանե ունեցել ենք Հայաստանը աշխարհի տարբեր երկրների և քաղաքների հետ կապելու նպատակ և հավատարիմ ենք մեր ընտրած ուղուն։ Հուրգադա և Շարմ Էլ Շեյխ ուղղությամբ թռիչքները մեկնարկային թռիչքներ են: Մենք չենք սահմանափակվելու միայն նշված ուղղություններով և հստակ քայլերով Հայաստանը կապելու ենք մյուս բոլոր պահանջված ուղղությունների հետ ևս։ Շատ շուտով տեսանելի կդառնան մեր թիմի կողմից տարվող աշխատանքների արդյունքները»:

Սակայն, ըստ խոսնակի, «Ֆլայ Արնա»-ի արագ աճը սահմանափակվում է այլ երկրների օդային տարածքով թռիչքների իրականացման թույլտվության ստացման ժամանակատարությամբ։ «Ֆլայ Արնա»-ի գործունեության մեկնարկին հայտարարվել էր նախատեսվող 4 ուղղության մասին, Եգիպտոսի ուղղություններից բացի մյուս երկուսը Բեյրութն ու Քուվեյթն էին: Թե երբ կմեկնարկեն այս ուղղությամբ չվերթները, խոսնակը հայտնեց. «Մենք այժմ բանակցում ենք բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի ձեռք բերենք դեպի Բեյրութ և Քուվեյթ թռիչքների իրականացման թույլտվություն և վերջնականացնենք այդ ուղղություններով մեր թռիչքների մեկնարկի նախապատրաստական աշխատանքները»:

«2020 թվականից արգելվել է բոլոր հայկական ավիափոխադրողների մուտքը ԵՄ օդային տարածք՝ ԵՄ ավիացիոն «սև ցուցակում» հայտնվելու պատճառով: Մենք, լինելով Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և  Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն, սերտ համագործակցում ենք Հայաստանի  քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ՝ փորձելով իր միջազգային փորձը ներդնել թռիչքային ստանդարտների և ավիացիոն անվտանգության բարելավման աշխատանքներում»,- նշեց խոսնակը։

Մինչ ավիաընկերության ավիապարկը կհամալրվի երկրորդ ինքնաթիռով, այս պահին ազգային ավիափոխադրողը շահագործում է մեկ Airbus A320 մոդելի ինքնաթիռ: Անդրադառնալով հենց այդ մոդելի ինքնաթիռի առավելություններին՝ Անտոնյանն ասաց, որ եռագույնով ինքնաթիռն ունի առավել հարմարավետ ներքին հարդարում։ «Ինքնաթիռն ունի 174 նստատեղ, որոնց միջև հեռավորությունը 32 դյույմ (81սմ) է, ինչի շնորհիվ ուղևորները կարողանում են հանգիստ տեղավորել իրենց ոտքերը և հարմարավետ ճամփորդել։ Մյուս առավելություններից է օրինակ այն, որ մեր ուղևորներն ունեն հնարավորություն ընտրելու սնունդ, ուղեբեռ և նստատեղ, ինչի արդյունքում կարողանում ենք բալանսավորել հարմարավետությունը և հասանելի արժեքներ»,-ասաց Անտոնյանը:

Ավիաընկերությունից վստահեցնում են՝ եռագույնով ներկված ինքնաթիռն առաջարկում է հենց ազգային ավիափոխադրողին հարիր ծառայություններ: Ազգային ավիափոխադրողի ինքնաթիռում գործում է SkyTime սթրիմինգային ծառայությունը, որը թռիչքի ժամանակ ուղևորներին տրամադրում է անվճար ժամանցային ֆիլմերի, հեռուստածրագրերի, երաժշտության և աուդիոգրքերի լայն ընտրանուց օգտվելու հնարավորություն, այդ թվում՝ գտնել հայկական ֆիլմեր և հեռուստածրագրեր:

«Ուղղությունների ավելացման հետ մեկտեղ «Ֆլայ Արնա»-ն ընդլայնելու է նաև SkyTime-ի ծառայությունները՝ Հայաստանի պատմության, տեսարժան վայրերի, այսինքն՝ զբոսաշրջային գրավչությունների մասին պատմող նյութերով, տեսահոլովակներով։ Վստահ ենք, որ կունենանք հետաքրքիր բովանդակություն, որը կծառայի իր նպատակին, այն է՝ Հայաստան ժամանող զբոսաշրջիկներին հենց ինքնաթիռից ծանոթացնել Հայաստանի հետ և դրական վերաբերմունք ստեղծել մեր երկրի նկատմամբ»,-ասաց նա:

Անտոնյանի վստահեցմամբ՝ ազգային ավիափոխադրողի ինքնաթիռում փորձել են հնարավորինս պահել հայկականությունը, մենյուում ևս մեծամասամբ ընդգրկված է հայկական արտադրության սնունդ, խմիչք: «Թռիչքի ժամանակ մեր ուղևորները լսում են հայերեն: Եվ առաջին մեկնաբանությունը, որ անում են, հենց հայերեն հնչող հայտարարությունների մասին է, շատ տպավորվում են, երբ օդաչուն հայերեն է ողջունում, բորտուղեկցորդները հայերեն են խոսում»,-ասաց նա:

Ուղևորների կողմից հաճախ հնչող հարցերից է, թե ինչու է ընտրվել Fly Arna անվանումը, ինչ է նշանակում (Armenian National Airlines-ի հապավումը):

Այս պահին ավիաընկերությունն ունի 70 աշխատակից, սակայն թիմն ապագայում համալրվելու է: Ներկայում  «Ֆլայ Արնա»-ի աշխատակիցների ավելի քան 80  տոկոսը հայեր են: Ավիաընկերությունում աշխատում են ինչպես հայ, այնպես էլ օտարերկրացի տեխնիկական անձնակազմ: «Նրանք սիրում են Հայաստանը, Հայաստանի մշակույթը և փորձում են հնարավորինս մոտենալ մեզ։ Օրինակ՝ մեր օտարերկրացի աշխատակիցներից մի քանիսն արդեն տևական ժամանակ հաճախում են հայերեն լեզվի դասընթացների և արդեն բավականին լավ հասկանում և խոսում են հայերեն, որպեսզի հայկական շունչն էլ ավելի շատ զգացվի մեր ինքնաթիռում»,-ասաց խոսնակը:

Ավիաընկերությունը ուղևորներից դրական ազդակներ է ստացել նաև թռիչքների ժամերի հետ կապված: Թռիչքները հիմնականում առավոտյան ժամերի են: Ընկերությունը նաև աշխատանքներ է տարել, օրինակ, դեպի Հուրգադա թռիչքի տևողությունը կրճատելու ուղղությամբ:

«Մեր ուղևորների ոգեւորությամբ ու ուրախությամբ մոտիվացված՝ էլ ավելի մեծ եռանդով և հետեւողականորեն ենք աշխատելու չվերթների աշխարհագրության ընդլայնման և ուղևորներին մատուցվող ծառայությունների որակը բարձր պահելու համար։ Մենք չունենք այլ տարբերակ, քան ապահովել ազգային ավիաընկերության հաջողումը և դնել Հայաստանի ավիացիայի պատմության զարգացման նոր դարաշրջանի սկիզբը։ Հենց այս մոտեցմամբ ենք առաջ շարժվում: Մենք՝ որպես Հայաստանի ազգային ավիաուղիներ, մեծ կարևորություն ենք տալիս մեր ինքնաթիռում ուղևորների հնարավորինս հայկական փորձառության ապահովմանը և հնարավորինս շատ ազգությամբ հայ բորտ-ուղեկցորդներ ունենալուն»,-եզրափակեց Անտոնյանը:

Ներկայում ավիաընկերությունը Հուրգադա և Շարմ Էլ Շեյխ ուղղություններով չվերթներն իրականացնում է յուրաքանչյուր շաբաթ՝ շաբաթական 3 անգամ հաճախականությամբ։

Աննա Գրիգորյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]