1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նորարարության կենտրոններ, բիզնես ինկուբատորներ. ԿԳՄՍՆ-ն մանրամասնում է ակադեմիական քաղաքի ծրագիրը

Նորարարության կենտրոններ, բիզնես ինկուբատորներ. ԿԳՄՍՆ-ն մանրամասնում է 
ակադեմիական քաղաքի ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության կողմից հաստատված «Կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիր»-ը նախատեսում է էական բարեփոխումներ բարձրագույն կրթության ոլորտում:  Այդ ուղղությամբ աշխատանքների առանցքում ակադեմիական քաղաքի ստեղծումն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը, մանրամասնելով ակադեմիական քաղաքի ստեղծման ծրագիրը, նշեց, որ ներկայում քննարկումներ են ընթանում ամենատարբեր ուղղություններով՝ տարածք, ենթակառուցվածքներ, բուհերի միավորում,  առանձին ֆակուլտետների հիմնում և այլն:

«Այս պահին քննարկվում են քաղաքի տարածքի հարցերը, դրան զուգահեռ՝ ֆինանսավորման չափերը: Ակադեմիական քաղաքն իրենց ենթադրում է մի տարածք, որտեղ պետք է գործեն բուհեր, գիտահետազոտական կազմակերպություններ, ինչը հնարավորություն կտա ուսանողներին այնտեղ ապրելու, սովորելու, ստեղծագործելու, հետազոտելու: Դրա համար պետք է համապատասխան ենթակառուցվածքներ լինեն՝ հանրակացարաններ, գրադարաններ, ժամանակակից չափանիշներով հարուստ լաբորատորիաներ, բազմաֆունկցիոնալ լսարաններ, նորարարության և ձեռներեցության կենտրոններ, բիզնես ինկուբատորներ և այլն»,-ասաց Լուսինե Գրիգորյանը:

Արդյո՞ք տեղում կստեղծվեն նոր բուհեր, թե եղած բուհերը միավորման արդյունքում կտեղափոխվեն այդ քաղաք: Հարցին ի պատասխան, նախարարության ներկայացուցիչը նշեց, որ այժմ քննարկվում են բոլոր հնարավոր տարբերակները: Դրանք վերաբերում են ինչպես բուհերի խոշորացմանը, նրանց մասնաճյուղերի հիմնադրմանը, տվյալ տարածքում առանձին ֆակուլտետների ստեղծմանը, այնպես էլ նոր որևէ բուհ ստեղծելուն: Այդ բոլոր հարցերը դեռ քննարկվում են պետական կառավարման շահագրգիռ կողմերի հետ: Քաղաքի տարածքը դիտարկվում է Երևանից դուրս: Այժմ մի քանի տարածքներ պատկան մարմինների ուշադրության կենտրոնում են:

«Այս ընթացքում ուսումնասիրություններ ու վերլուծություններ են կատարվում՝ վերհանելու ոլորտային ուղղությունները, գնահատելու բուհերի, գիտական կազմակերպությունների ներուժը: Քննարկվում են բնագիտամաթեմատիկական, ինչպես նաև ինժեներական, կրթության առաջատար ուղղությունները: Հիմքում լինելու է այն, որ սերտ համագործակցություն ձևավորվի բուհերի ու գիտական կազմակերպությունների միջև, բարձրացվեն գիտական ներուժի հետազոտական կարողություններն ու հմտությունները, նորարարական գաղափարների օգտագործման արդյունավետությունը»,-ասաց Լուսինե Գրիգորյանը:    

Նախարարության ներկայացուցիչն ընդգծեց, որ նպատակ է դրված ունենալ որակյալ, մրցունակ կրթություն նաև միջազգային տեսանկյունից: Խնդիր է դրված ստեղծել միջազգայնորեն ճանաչված գիտահետազոտական համալսարան, որն էական դերակատարություն կունենա երկրի տնտեսական զարգացման և տեխնոլոգիական, ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային ծրագրերում:

«Նպատակ է դրված նպաստել Հայաստանի տնտեսական մրցունակության, անվտանգության, և պաշտպանունակության բարձրացմանն ու ամրապնդմանը՝ բարձրորակ ինժեներական ներուժի ձևավորման և ինովացիոն գաղափարների ու առաջադեմ տեխնոլոգիաների ստեղծման միջոցով: Նախատեսվում է ստեղծել և իրականացնել երկրի տնտեսության կարիքներին և հասարակության կրթական ու բիոտեխնոլոգիական պահանջմունքներին հնարավորինս համահունչ կրթական ու գիտական ծրագրեր և մատուցել դրանց առնչվող ծառայություններ»,-ասաց Լուսինե Գրիգորյանը:

Աննա Գզիրյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]