1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Գեղարդ» երգեցիկ խումբը Զալցբուրգի հեղինակավոր փառատոնին ներկայացրել է Կոմիտասի, հայ ժամանակակից կոմպոզիտորների հոգևոր ստեղծագործությունները

«Գեղարդ» երգեցիկ խումբը Զալցբուրգի հեղինակավոր փառատոնին ներկայացրել է 
Կոմիտասի, հայ ժամանակակից կոմպոզիտորների հոգևոր ստեղծագործությունները

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գեղարդ» երգեցիկ խումբը օրերս է վերադարձել Զալցբուրգի հեղինակավոր փառատոնից։ «Գեղարդ»-ը ելույթ է ունեցել «Հոգևոր նախերգանք» խորագիրը կրող համերգաշարին, ներկայացրել Կոմիտասի ստեղծագործությունները, միջնադարյան մոնոդիաներ, հայ ժամանակակից կոմպոզիտորների հոգևոր ստեղծագործություններ։

Խմբի գեղարվեստական ղեկավար, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշում է, որ իրենք արդեն երկրորդ անգամ են մասնակցում այս փառատոնին:

«Սա համարվում է դասական երաժշտության արվեստի ամենահեղինակավոր փառատոներից մեկը։ Եթե չեմ սխալվում, մենք առաջին հայկական կոլեկտիվն ենք, որը մասնակցում է այս փառատոնին։ Այս տարի ծրագիրը հետևյալ սկզբունքով էր. մեկ ամբողջ երեկո՝ երեք համերգ։ Առաջին հատվածում Լուիջի Նոնոյի մեկ մեծակտավ ստեղծագործությունն էր հնչում, երկրորդում՝ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը», երրորդը նվիրված էր Կոմիտասին»,-պատմեց Նավոյանը։

Փառատոնի կազմակերպիչների հետ բանակցությունների արդյունքում որոշվել է Կոմիտասի «Պատարագի» հատվածներից զատ ներառել նաև հայ ժամանակակից հոգևոր երաժշտությունը՝ Երվանդ Երկանյան, Դանիել Երաժիշտ, Էդուարդ Հայրապետյան, Դավիթ Հալաջյան, Վաչե Շարաֆյան, Արթուր Ահարոնյան։

Համերգը եզրափակվել է երիտասարդ կոմպոզիտոր Վահրամ Սարգսյանի «Լույս Զվարթ» ստեղծագործությամբ։

«Այս հեղինակներից մի քանիսն ապրում են Սփյուռքում, բայց չափազանց կարևոր է, որ նրանք չեն կտրվում հայ հոգևոր երաժշտությունից ու շարունակում են ստեղծագործել։ Ես այս փաստը շատ մեծ հպարտությամբ եմ ընդգծում։ Մեր համերգի առթիվ ասված բոլոր լավ խոսքերն էլ առաջին հերթին հասցեագրում եմ այս կոմպոզիտորներին, իհարկե՝ Կոմիտասի գլխավորությամբ»,- նշում է Մհեր Նավոյանը։

Խումբն այս հրավերը ստացել է հենց «Կոմիտասի անունով», այլ կերպ ասած Վարդապետի ստեղծագործությունները կատարելու համար. «Կոմիտասի ժամանակը նոր է գալիս, նա կրկին վերադառնում է՝ բոլորովին զարմանալի մոտեցումներով։ Նա համարվում է չափազանց նորարար մշակույթի երևույթներից մեկը, որն այսօր էլ խիստ ժամանակակից է»,- ասում է Մհեր Նավոյանը։

Համերգին մասնակցել է Ավստրիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Պապիկյանը: «Գեղարդ» երգեցիկ խմբի ելույթներն ուղեկցվել են հոտնկայս ծափահարություններով։ Հանդիսատեսը մեծ ոգևորությամբ է ընդունել նաև Մանսուրյանի «Ռեքվիեմը», ինչը Մհեր Նավոյանի խոսքով՝ հպարտության առիթ է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]