Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վերանորոգվում են երևանյան շատրվանների պոմպերը

Վերանորոգվում են երևանյան շատրվանների պոմպերը

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքում շահագործվում է 27 շատրվան և 8 ջրավազան: Ջրային այս կառույցների անխափան աշխատանքը կազմակերպելու նպատակով Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով նորոգման միջոցառումներ կսկսվեն 6 հասցեներում:

«12 պոմպ է այս տարվա ընթացքում վերանորոգվելու, որոնք կազմում են վեց շատրվանի հանգույցները: Դեռևս նախորդ տարի Երևանի քաղաքապետի կողմից որոշում կայացվեց ծրագիրն իրականացնել, որպեսզի խուսափենք հաճախակի խափանումներից: Նախ, նախագծի մրցույթ իրականացվեց և հիմա արդեն մեկնարկել է նաև շինարարությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:

Ծրագրում առաջնահերթության կարգով ընդգրկվել են այն շատրվանների պոմպակայանները, որոնք շահագործման օրվանից ի վեր երբևէ չեն հիմնանորոգվել:

«Խնդիրը մեր պոմպերի ու շարժիչների փոխարինումն էր: Դրանք արդեն ֆիզիկապես մաշվել էին, ամիսը երկու-երեք անգամ վթարվում էին, արդեն հասել էր այն վիճակին, որ այդ պոմպերն անիմաստ էր վերանորոգել: Հիմա դրանք փոխարինվում են, և երկար տարիներ շատրվանը կգործի»,- նշել է Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ գլխավոր ճարտարագետ Վաղարշակ Վաղարշակյանը:

«ՌԱՖ ՕՋԱԽ» ընկերության ճարտարագետ-հիդրոտեխնիկ Վաչե Գալստյանի խոսքով՝ ժամանակի ընթացքում կոռոզիայի էին ենթարկվել մետաղական բոլոր կառույցները.

«Միանշանակ է, որ այս պոմպակայանները վերանորոգման կարիք ունեին: Այս պահին կատարվում են ապամոնտաժման աշխատանքներ, որից հետո, ըստ փուլերի, կկատարենք համաշինարարական, մոնտաժման ու էլեկտրականության աշխատանքներ և կհանձնենք շահագործման»:

Գործընթացը մեկնարկել է «Հանրապետության հրապարակ» կայարանի և Գայի արձանի դիմացի հատվածի գեղարվեստական շատրվաններից: Մասնագետները վստահեցնում են՝ այնպիսի հաշվարկներ են արվել, որ շատրվանները երկար ժամանակ անխափան աշխատեն:

Պոմպերի ու շարժիչների փոխարինմանը զուգահեռ՝ նորոգվում են նաև պոմպակայանները:

«Բոլոր պոմպակայաններում նախագծողի հետ ուսումնասիրություններ են արվել, հիդրավլիկական հաշվարկներ: Ելնելով տեղանքից ու շատրվանների բարձրությունից՝ հիմնարար եզրակացություն ունենք, թե որ կայարանի համար ինչ տիպի պոմպեր ենք տեղադրելու»,- ընդգծել է Վաչե Գալստյանը:

Արսեն Կարոյանը նկատում է՝ աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի: Հույս կա, որ 100 տոկոս արդյունավետություն կապահովվի, կունենանք վերազինված պոմպային համակարգ:

Երևանյան ինքնատիպ միջավայրին մշտապես թարմ շունչ հաղորդող ջրային կառույցների պատմությունը սկիզբ է առնում 18-րդ դարից: «Ջրախոս» այս կոթողները տարիների ընթացքում դարձան ոչ միայն Երևանի հմայքն ընդգծող խորհրդանիշերից մեկը, այլև առանձնացան կենսական նշանակությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]