Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գագարինում շուտով կշահագործվի ջերմոցային խոշոր տնտեսություն

Գագարինում շուտով կշահագործվի ջերմոցային խոշոր տնտեսություն

ԳԱՎԱՌ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելեց Սեւան համայնքի Գագարին գյուղի նորակառույց ջերմոցային տնտեսության շինհրապարակ, որտեղ այժմ շինարարական ակտիվ եռուզեռ է ընթանում։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ինչպես տեղում ներկայացրեց ներդրումային  խոշոր ծրագիր իրականացնող «Գեւմիգ» ՍՊԸ տնօրեն Հրայր Աթանեսյանը, ջերմոցային տնտեսությունը կառուցվում է 4 հեկտարի վրա, 9 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրմամբ։ Ջերմոցային տնտեսության կառուցման մեկնարկը տրվել է 2021 թվականի օգոստոսին։ Ջերմոցային տնտեսությունը հիմնվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագրի շրջանակներում, որտեղ պետական աջակցությունը վարկի սուբսիդավորման տեսքով կազմում է 800 միլիոն դրամ։  «Այսօրվա դրությամբ արդեն ներդրվել է ավելի քան 6 միլիոն դոլար, որի արդյունքում ամբողջությամբ հավաքվել է մետաղական կարկասը, իսկ այժմ ընթանում են թաղանթապատման աշխատանքներ։ Առաջին երկու հեկտարի վրա կառուցված ջերմոցը կգործարկվի այս տարվա սեպտեմբերից, իսկ հաջորդ երկու հեկտարի վրա գործողը՝ 2023 թվականի հունվարի 20-ից։ Ջերմոցների շինարարության ժամանակ բացվել է ավելի քան 100 ժամանակավոր աշխատատեղ, իսկ դրանց շահագործումից հետո կունենանք 90 մշտական աշխատատեղ։ Ջերմոցում կարտադրվեն ծաղիկներ։ Ջերմոցային տնտեսության գործունեության շնորհիվ Գագարինում կնվազեն աղքատությունն ու գործազրկությունը, էապես կբարելավվի տնտեսությունների սոցիալական վիճակը»,-ներկայացրեց Հրայր Աթանեսյանը։

Այցի ավարտին իր  տպավորությունները ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ «Նման խոշոր ու կարեւոր ներդրումը փաստում է, որ հայրենի կառավարությունը խթանում է տնտեսության զարգացումը ներդրումների միջոցով՝ խրախուսելով մասնավոր ձեռնարկատիրությունը։ Միեւնույն ժամանակ նման կարգի ծրագրերը հուսադրում ու նպաստում են, որ մարդիկ աշխատանք գտնեն հայրենի հողի վրա, ոչ մի կերպ չմտածեն արտագաղթի կամ արտագնա աշխատանքի մասին։ Հուսով եմ, որ առաջիկա տարիներին Հրայր Աթանեսյանի օրինակին կհետեւեն շատ ներդրողներ, ու էապես կփոխվի կյանքի որակը մեր մարզում»,-կարծիք հայտնեց մարզպետ Կարեն  Սարգսյանը։   

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]