Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ճկուն հարկային համակարգ, արտոնություններ օտարերկրյա բիզնեսին․ Հարավային Կորեան՝ գրավիչ երկիր ներդրողների համար

Ճկուն հարկային համակարգ, արտոնություններ օտարերկրյա բիզնեսին․ Հարավային 
Կորեան՝ գրավիչ երկիր ներդրողների համար

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գերտերություն համարվող Հարավային Կորեան իր տնտեսական հսկայական ներուժով գրավիչ երկիր է ներդրումների համար։ Այս երկրում ներդրում է կատարել և աշխատում է օտարերկրյա շուրջ 15 հազար ընկերություն։ Եվ չնայած այս հանգամանքին՝ երկիրը պատրաստ է ներգրավել նորանոր ներդրումներ, իսկ օտարերկրյա ներդրողների համար առաջարկվում  է հարկային արտոնությունների փաթեթ, ինչն առավել բարենպաստ է դարձնում երկրի ներդրումային միջավայրը։

Երկրում ներդրումները խթանելու համար գործում է Կորեայի առևտրա-ներդրումային առաջխաղացման գործակալություն (KOTRA) կառավարական կազմակերպությունը, որը ներկայացուցչություններ ունի աշխարհի 127 երկրում։ KOTRA-ի համակարգում ակտիվորեն ներգրավված է Invest KOREA ինստիտուտը, որն աշխատում է երեք հիմնական ուղղություններով։ Ինստիտուտն ակտիվորեն աշխատում է պետական համակարգի ծառայողների հետ՝ իրականացնելով խորհրդատվական աշխատանք։ Invest KOREA-ի գործունեության երկրորդ ուղղությունը Կորեայում ներդրումների խթանումն է տարբեր ծրագրերի միջոցով, իսկ երրորդը երկրում ներդրումներ կատարած ընկերությունների իրավունքների պաշտպանությունն է և նրանց աջակցելը։

Կորեայի մշակույթի և տեղեկատվության ծառայության կազմակերպած մեդիատուրի շրջանակներում «Արմենպրես»-ը զրուցել է Invest KOREA ինստիտուտի ներդրումների հանրային հաղորդակցության թիմի  տնօրեն Լի Հյոյոնի հետ։

Նրա խոսքով տեխնոլոգիաների ոլորտն ամենագրավիչն է օտարերկրյա բիզնեսի համար։ Մեծ է հետաքրքրությունը նաև էլեկտրամոբիլների սարքավորումների նկատմամբ։ «Կորեայում ներդրումներ արած օտարերկրյա ընկերությունների թիվը շուրջ 15 հազար է։ Մեր երկրում ամենաշատ ներդրումներ անող ընկերություններն ԱՄՆ-ից ու Չինաստանից են»,- մանրամասնեց մասնագետը՝ որպես օրինակ բերելով այն հանգամանքը, որ Fortune ամսագրի ցուցակում ներառված 500 ամերիկյան խոշոր ընկերություններից շուրջ 300-ը Կորեայում ներդրումներ ունեն։

Հետաքրքրվեցինք՝ արդյոք կան Կորեայում ներդրում արած հայկական ընկերություններ։

«Հարցազրույցից առաջ մենք ստուգել ենք, սակայն այս պահին Հայաստանից ներդրումներ, ցավոք, չկան»,- նշեց Լի Հյոյոնը։

Այնուհետև նա ներկայացրեց այն հարկային արտոնությունները, որոնք առաջարկվում են ներդրողներին։ Նախ նա հավաստեց, որ երկրի մրցունակության բարձրացման նպատակով վարում են հարկերն ու տուրքերը կրճատելու քաղաքականություն, որպեսզի ընկերությունները կարողանան ավելի արդյունավետ կառավարել բիզնեսը։ Մշակվում են տարբեր հարկային արտոնություններ, որոնք որոշակի չափանիշներ են ապահովում։

Օտարերկրյա ներդրողները, որոնք Կորեայում բիզնես սկսելու համար հողատարածք կամ շինություն են ձեռք բերում, առավելագույնը 7 տարի ժամկետով ստանում են գույքահարկի արտոնություն․ նրանց համար գույքահարկը կարող է կրճատվել 50-100 տոկոսով։

Կորեան արտոնություն է տրամադրում նաև աշխատակիցների եկամտահարկի մասով։ Լի Հյոյոնը մանրամասնեց, որ օտարերկրացի աշխատակիցներ ներգրավելու համար 5 տարի ժամկետով այդ հարկատեսակը կրճատվում է 50 տոկոսով։ «Օտարերկրացի աշխատողները կարող են ընտրել իրենց եկամտահարկի չափը։ Կորեացիների համար այս հարկատեսակը 6-45 տոկոսի սահմաններում է, սակայն օտարերկրացիները ընտրելու հնարավորություն են ստանում՝ վճարել այնպես, ինչպես կորեացիները կամ վճարել ֆիքսված 19 տոկոս եկամտահարկ։ Սա հարկային արտոնություն է օտարերկրացի աշխատակիցների համար»,- մանրամասնեց նա։

Կորեայում գործունեություն ծավալող ընկերությունների համար գործում են նաև կորպորատիվ հարկեր։ Կորպորատիվ հարկերի չափը տատանվում է եկամտի 10-25 տոկոսի սահմաններում։ Այս հարկատեսակը տարածվում է նաև օտարերկրյա ընկերությունների վրա, սակայն այս դեպքում էլ կառավարությունը ընկերություններին տարբեր հարկային արտոնություններ է առաջարկում, որոնցից կարող են օգտվել նաև օտարերկրյա ընկերությունները։ «Օրինակ, մշակող արդյունաբերության ոլորտում փոքր և միջին բիզնեսը, որը բացվել է Կորեայում, 5 տարի ժամկետով կարող է արտոնություն ստանալ կորպորատիվ հարկի մասով․ այս հարկատեսակը փոքր և միջին բիզնեսի համար կարող է կրճատվել 50-100 տոկոսով։ Եվս մեկ արտոնություն․ եթե նրանք միջոցներ են ներդրել սարքավորումների ձեռքբերման համար, այդ գումարը կարող է կրճատվել ընդհանուր կորպորատիվ հարկատեսակներից։ Այս արտոնությունները ստանում են ոչ միայն կորեական ընկերությունները, այլ այն արտասահմանյան ընկերությունները, որոնք ներդրումներ են արել Կորեայում»․-ասաց Լի Հյոյոնը։

Կորեայում ներդրումային բարենպաստ միջավայրի վառ վկայությունն է այն հանգամանքը, որ երկիրն անցած տարի Bloomberg-ի հարցման համաձայն՝ առաջատարն է եղել ինովացիայի ոլորտում։ Լի Հյոյոնն ընդգծեց նաև այն փաստը, որ 2021 թվականին Հարավային Կորեան 5-րդ հորիզոնականն է զբաղեցրել Համաշխարհային բանկի Doing Business վարկանիշում։  «Թեպետ Կորեան տարածքով փոքր երկիր է, սակայն այն ահռելի տարածք ունի բիզնեսի, տնտեսական գործունեության համար»,- եզրափակեց նա։

Շանթ Խլղաթյան 

Լուսանկարները՝ PENTA PRESS-ի

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]