1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Չինաստանում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագիրը համարում են միջազգային համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու հարթակ

Չինաստանում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագիրը համարում են  միջազգային 
համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու հարթակ

ՍԻԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Կոմունիստական կուսակցության, «Ժենմին Ժեբաո» (People`s Daily) թերթի և Շանսի նահանգի ղեկավարության նախաձեռնությամբ անցկացվեց «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» մեդիահամագործակցության ֆորումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Չինաստանի միջազգային մեդիա հաղորդակցության կենտրոնի նախաձեռնած ծրագրի շրջանակներում լրագրողները ևս մասնակցություն ունեցան ֆորումին:

Չինաստանի կոմունիստական կուսակցության հրապարակախոսության բաժնի ղեկավար և Չինաստանի կոմկուսի քաղբյուրոյի անդամ Հուանգ Կունմինգն իր խոսքում ընդգծեց, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գաղափարն ակնհայտորեն զարգացման այլ աստիճանի է հասցրել Չինաստանի համագործակցությունն այլ երկրների հետ:

«Պանդեմիայի պայմաներում միայն միասնական համագործակցությամբ է հնարավոր առաջխաղացում ունենալ: ԶԼՄ-ները մեծ դեր են խաղում ինֆորմացիայի տարածման,  փոխադարձ վստահության ամրապնդման գործում: Անփոխարինելի են համագործակցության այն ուղիները, որոնք ձևավորվում են բազմաթիվ ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջոցով: Մենք լիահույս ենք, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գաղափարի շրջանակներում համագործակցության և փոխըմբռնման նոր մակարդակի կհասնենքՆախագահ Սի Ծինփինի առաջարկած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագիրը վառ գաղափար է, որի իրագործման միջոցով կարելի է ստեղծել համաշխարհային համագործակցության նոր մակարդակ»,-ասաց նա:

Չինաստանի կոմունիստական կուսակցության հրապարակախոսության բաժնի ղեկավարը հետագա համագործակցության հույս հայտնեց օտարերկրյա լրագրողների հետ:

«Լրագրողները կարող են օգնել արդար հասարկություն ստեղծելու հարցում: «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ը քաղաքակրթության նոր ճանապարհ է: Միայն բաց և արդար համագործակցության շնորհիվ առաջխաղացում կապրենք»,-առանձնացրեց նա:

Չինական People`s Daily պարբերականի նախագահ Տու Ժենն ընդգծեց, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գաղափարը հրաշալի պլատֆորմ է համաշխարհային համագործակցության համար:

«Միասին, ձեռք-ձեռքի տված կարող ենք հաղթահարել մեր առաջ ծառացած խնդիրները: Այս կերպ կկարողանանք զարգացնել փոխադարձ ըմբռնումն ու վստահությունը տարբեր ազգերի միջև: Ֆորումների և այլ պլատֆորմների միջոցով մենք համագործակցության նոր մակարդակի ենք հասել: Այս կերպ շահում ենք բոլորս: «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ը թող դառնա խաղաղության և զարգացման կանաչ ճանապարհ»,-ասաց նա:

Պարբերականի նախագահը շեշտեց, որ ԶԼՄ-ները շարունակում են մեծ դեր խաղալ տարբեր երկրների միջև համագործակցությունը խորացնելու գործում:

Չինաստանի Կոմունիստական կուսակցության՝ Շանսի նահանգի քարտուղար Լիու Գուժոնգը ևս կարևորեց ԶՄԼ-ների դերը տարբեր երկրների միջև համագործակցության, համատեղ առաջընթաց ապահովելու գործում: «Այս ֆորումը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գաղափարի շրջանակներում կարող է բարձրացնել համագործակցությունը մի շարք երկրների միջև: Վերջին շրջանում մենք մեծ տեղ ենք տալիս միջազգային կապերի հաստատմանը: Այս հարցում հույսեր ենք կապում օտարերկրյա ԶԼՄ ներկայացուցիչների հետ»,-ասաց նա:

Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի անդամ, արտաքին կապերի տեղակալ Քիան Հոնգշանը նմանատիպ ֆորումները կարևորում է, քանի որ դրանք հատուկ դեր են խաղում երկրների միջև համագործակցությունն ու  կապերը խորացնելու հարցում: «Մենք հավատարիմ ենք մնում հավասարության, արդարության գաղափարներին, որոնք մեծ դեր են խաղում զարգացում և առաջընթաց  ապահովելու համար: «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ը մեզ համար նոր հնարավորություն է զարգացման այլ փուլի անցնելու և առաջ գնալու համար: Այս ամենում մեծ դեր են խաղում ԶԼՄ-ների ներկայացուցիչները»,-իր խոսքում ընդգծեց նա:

Չինաստանի գիտության և տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչ, Կոմունիստական կուսակցության անդամ Լին Խինը շեշտեց, որ ֆորումի նպատակը տեղեկատվությամբ փոխանակվելն է: Նա ևս իր խոսքում կարևորեց Սին Ծինփինի առաջարկած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գաղափար իրագործումը:

«Սինխուա» լրատվական գործակալության գլխավոր խմբագրի տեղակալ Ժու Ժոնգմինը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գաղափարը համեմատեց արդեն արմատներ տված ծառի հետ, որը շարունակում է աճի մեծ հեռանկարներ ունենալ: «ԶԼՄ-ների ուսերին է ծառացած այն բեռը, որը հիմք կծառայի ապագա համագործակցության համար: Մենք պետք է կապող օղակ լինենք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գաղափարի շուրջ համախմբված ժողովուրդների միջև»,-ասաց Ժու Ժոնգմինը:

Ֆորումին մասնակցեցին ներկայացուցիչներ Ռուսաստանից« Կորեայից, Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի երկրներից, Սինգապուրից, ինչպես նաև Չինաստանի կառավարության ներկայացուցիչներ:

Ֆորումը կազմակերպվում է սկսած 2014 թվականից, մինչ այս անցկացվել էր 5 անգամ:  Ֆորումին մասնակցում էին աշխարհի շուրջ 40 երկրների ավելի քան 120 ներկայացուցիչներ:

Լուսանկարը՝ People’s Daily

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]