Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իտալիայում լույս է տեսել Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» երկլեզու հատորը

Իտալիայում լույս է տեսել Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» երկլեզու հատորը

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում ՀՀ դեսպանության և «Լեոնիդա էդիցիոնի» խմբագրատան միջև ինտենսիվ համագործակցության արդյունքում ս. թ. օգոստոսի 4-ին Կալաբպիայի շրջանի Ռեջջո Կալաբրիա քաղաքում լույս է ընծայվել Եղիշե Չարենցի ստեղծագործությունների՝ հայերեն և իտալերեն «Ես իմ անուշ Հայաստանի» երկլեզու հատորը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հատորը ներառում է Չարենցի առաջին շրջանի երկերը՝ 1911-1922 թթ.։ Այն մեկտեղել է լուսահոգի Մարիո Վերդոնեի, Հայր Լևոն Զեքյանի, Անուշ Թոռունյանի, Ալֆոնսո Պոմպելայի, Մարիամ Երեմյանի, Հասմիկ Վարդանյանի, Գրիգոր Ղազարյանի կատարած թարգմանությունները՝ Նաիրա Ղազարյանի համակարգմամբ։

Մուտքի խոսքը Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանինն է, նախաբանը գրել է Ստեֆանո Գարձոնիոն, իսկ Չարենցի կարճ կենսագրական ակնարկը՝ Լետիցիա Լեոնարդին։ Հատորը լույս է տեսել Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերություների հաստատման 30-ամյակի և Եղիշե Չարենցի 125-ամյակի առիթով։

Հատորն առաջին անգամ իտալացի ընթերցողին է ներկայացվել ս. թ. օգոստոսի 6-ին «Xenia book Fair» գրքի տոնավաճառի շրջանակում կազմակերպված՝ Եղիշե Չարենցի 125-ամյակին նվիրված միջոցառմանը։ Միջոցառման ժամանակ իտալական հասարակությանն է ներկայացվել Եղիշե Չարենցի կյանքն ու ստեղծագործությունը, երկերի վերլուծությունը։ Ելույթներով հանդես են եկել Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը, «Անասսիլաոս» մշակութային ասոցիացիայի նախագահ Ստեֆանո Իորֆիդան, Միջերկրական համալսարանի պրոֆեսոր Ջուզեպպե Բոմբինոն, «Pro Loco Brancaleone» ասոցիացիայի հիմնադիրներ Կարմինե Վերդուչին և Սեբաստիանո Ստրանջեսը։ Չարենցին նվիրված միջոցառումն ավարտվել է Նաիրա Ղազարյանի կողմից «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության հայերեն և իտալերեն ասմունքով։

Նույն օրը, Xenia գրքի տոնավաճառի շրջանակներում, Իտալիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանին է շնորհվել խաղաղության և ժողովուրդների միջև համագործակցության համար Annassilaos XXXIV մրցանակը՝ հետևյալ շարժառիթով.

«Իր անձնական ջանքերի և այն մեծ ազգի ջանքերի համար, որ նա ներկայացնում է և որը հավատքով, մշակույթով և պատմությամբ այնքան մոտ է Իտալիային, ի նպաստ խաղաղության՝ բացարձակ մի արժեք, որ զուգորդվում է ազգերի ինքնորոշման և ժողովուրդների ազատության հետ, որպեսզի անցյալ դարի սարսափելի աղետները, որ պատուհասեցին նաև սիրելի Հայաստանին (Մեծ Եղեռն - Մեծ չարիք), այդ սարսափելի ցեղասպանությունը, որը բազմահազար մարդկանց մահվան պատճառ դարձավ, այլևս չկրկնվի»:

Սա արդեն երկրորդ գիրքն է, որ այս տարի տպագրվում է Իտալիայում Եղիշե Չարենցի 125-ամյակի առիթով, առաջինը՝ բանաստեղծի առաջին իտալերեն կենսագրությունը, գրվել է գրող և լրագրող Լետիցիա Լեոնարդիի, հրատարակվել՝ «Lettere» հեղինակավոր հրատարակչության կողմից։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]