Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Starmus IV. Մարդկության ապագան փնտրելով աստղերի մեջ

Starmus IV. Մարդկության ապագան փնտրելով աստղերի մեջ

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երբևէ պատկերացրե՞լ եք, որ կգա մի օր, երբ Լուսին թռիչքները կլինեն նույնքան սովորական ու ամենօրյա, որքան Երևան-Մոսկվա կամ Փարիզ-Նյու Յորք թռիչքներն են։ Իսկ պատկերացրե՞լ եք, որ կգա մի օր, երբ մարդկությունն իր գոյությունը պահպանելու նպատակով ստիպված կլինի թողնել Երկիր մոլորակն ու իր «տունը» որոնել այլ աստղերի շուրջ։ Առաջին հայացքից գիտաֆանտաստիկա թվացող այս գաղափարները վերջին տարիներին ավելի հաճախ են քննարկվում մասնագիտական հանրության շրջանում։ Ոլորտի լավագույն ներկայացուցիչների համար այս և այլ հարցերի քննարկման յուրօրինակ հարթակ էր դարձել Starmus IV-ը, որը կրկին մեկ հարկի տակ էր հավաքել գիտության, երաժշտության ու արվեստի սիրահարներին։

Starmus IV. «Կյանքն ու Տիեզերքը» 

Starmus-ի չորրորդ փառատոնը տեղի ունեցավ 2017 թվականի հունիսի 18-23-ը։ Այս անգամ փառատոնը փոխեց իր աշխարհագրությունը՝ Իսպանիայից տեղափոխվելով Նորվեգիա՝ Թրոնդհայմ քաղաք։ Starmus IV-ը անցկացվեց «Կյանքն ու Տիեզերքը» խորագրի ներքո։

Նորվեգիայում անցկացված փառատոնն աննախադեպ էր մասնակիցների կազմով ու թվաքանակով։ Գլխավոր բանախոսը, ինչպես նախորդ երկուսի դեպքում, գիտության «ռոք աստղ» Սթիվեն Հոքինգն էր։ Մասնակիցների շարքում էին 10 տիեզերագնացներ, այդ թվում և լուսնագնացներ Բազ Օլդրինը, Չարլի Դյուքը, Հարիսոն Շմիթը, Նոբելյան 11 մրցանակակիրներ, գիտնականներ, օսկարակիր կինոռեժիսոր Օլիվեր Սթոունը, ականավոր լրագրող Լարի Քինգը և այլոք։ Այս տարվա պատվիրակների թիվն ավելի քան 2300-ն էր։

 

Երեք լեգենդար լուսնագնաց՝ մեկ բեմում 

Երեք լեգենդար լուսնագնաց՝ «Ապոլոն 11» առաքելության աստրոնավտ, Լուսնի վրա քայլած երկրորդ մարդը՝ Բազ Օլդրինը, «Ապոլոն 16»-ի աստրոնավտ Չարլի Դյուքը և դեպի Լուսին մարդու մասնակցությամբ վերջին՝ «Ապոլոն 17» առաքելության անդամ Հարիսոն Շմիթն առաջին անգամ նույն բեմում հանդես եկան միասին՝ «Դեպի Լուսին ու դրա սահմաններից այն կողմ» խորագիրը կրող քննարկման շրջանակում։ 

Լուսնի վրա քայլած երեք ամերիկացի աստրոնավտները վերհիշում են իրենց առաքելությունների ուշագրավ մանրամասները 

Աստրոնավտները պատմեցին Լուսնի վրա իրենց առաքելությունների, դրանց ուշագրավ, երբեմն՝ զվարճալի դրվագների մասին։  Դյուքը, ով կատակեց, որ Լուսնի վրա իջնելուց հետո երևի մոտ 900 անգամ կիրառել է «ֆանտաստիկ է» արտահայտությունը, պատմեց.

«Երբ նայում ես Լուսնի՝ հիմնականում մոխրագույն լանդշաֆտին, հետո բարձրացնում ես հայացքդ ու նայում հորիզոնին, իսկ կտրուկ հորիզոնից այն կողմ՝ Լուսնի մակերևույթից անմիջապես վերև ուղղակի սև երկինքն է, մտածում ես՝ ինչպիսի կոնտրաստ։ Եվ շարունակ ինքդ քեզ ասում ես՝ ես Լուսնի վրա եմ։ Ու չես հագենում դրանից»։

Շմիթը՝ միակ գիտնականը, ով եղել է Լուսնի վրա, խոսեց դեպի Մարս մարդկանց ուղարկելու կարևորության մասին՝ նշելով.«Մարսը մարդկության համար հստակ նպատակ է։ Հարցն այն է, թե ո՞րն է ամենաարագ ու ամենաքիչ ռիսկային ճանապարհը։  Իմ կարծիքով՝ դա հնարավոր է դառնալու Լուսնի միջոցով։ Մենք պետք է ներգրավենք երիտասարդների երկու-երեք սերունդ, որոնք պետք է սովորեն, թե ինչպես վարվել խորը տիեզերքի ռիսկերի հետ, որոնք շատ տարբերվում են մերձուղեծրային ռիսկերից։ Հենց այս պատճառով էլ Լուսինը կարևոր է։ Կարծում եմ՝ հենց Լուսինն է այն կրիտիկական ուղին, որը մարդկանց տանելու է դեպի Մարս»։

Նրա այս տեսակետը կիսեց Դյուքը՝ ասելով. «Մենք ամեն բան պետք է սկսենք Լուսնի վրայից՝ զարգացնելով համակարգեր, որոնք երկարակյաց են ու վերականգնվող։ Երբ հայտնվենք Մարսի վրա, ըստ էության, լինելու ենք ինքնավար։ Երբ այնտեղից ասես. «Բարև, Հյուսթոն», Հյուսթոնը չի կարողանալու պատասխանել 10-15 րոպե։ Ես շարունակ լսում եմ՝ ինչպես են մարդիկ հարցնում՝ ինչո՞ւ ենք այդքան գումար ծախսում Լուսնի վրա։ Սակայն իրականությունն այն է, որ Լուսնի վրա մենք ոչ մի լումա չենք ծախսել, այդ ողջ գումարը ծախսվել է Միացյալ Նահանգներում կամ Եվրոպայում, որտեղ ունենք պայմանագրեր»։

Լուսնի վրա երկրորդ մարդը՝ Բազ Օլդրինը, ով քննարկմանը մասնակցում էր տանից՝ Ֆլորիդայից և կրում էր «Get your ass to Mars» գրությամբ շապիկ, դեպի Մարս հասնելու ճանապարհին կարևորեց տիեզերքի ուսումնասիրման գործում կարողություն ունեցող երկրների միջև համագործակցության հաստատումը՝ նշելով, որ առանց այլ կարող երկրների մասնակցության հնարավոր չի լինելու հասնել այդ նպատակին։   

 

Մարդկությունը դատապարտված է լքել Երկիր մոլորակը

Մարդկությունն ապագայում պետք է լքի Երկիր մոլորակը. բրիտանացի տեսաբան ֆիզիկոս Սթիվեն Հոքինգն իր այս հայտարարությունն արեց Starmus IV-ի շրջանակում՝ «Մարդկության ապագան» խորագրով ելույթում։ Հոքինգն այս անգամ փառատոնին մասնակցում էր տեսակապի միջոցով, սակայն դա չխանգարեց նրան իր խոսքերի ու գաղափարների վրա սևեռել հազարավոր մարդկանց ուշադրությունը։

Հոքինգը կոչ արեց առաջատար երկրներին մինչև 2020 թվականը տիեզերագնացների ուղարկել Լուսին, այնտեղ առաջիկա 30 տարիների ընթացքում կառուցել լուսնային կայան, իսկ մինչև 2025 թվականը մարդկանց ուղարկել Մարս։  Գիտնականի խոսքով՝ դա նոր կայծ կհաղորդի տիեզերական ծրագրին, նոր դաշինքների առաջացման պատճառ կդառնա ու մարդկությանը միասնական նպատակի զգացում կտա։ 

Հոքինգը խոսում է մարդկության՝ Երկիրը լքելու անխուսափելի հեռանկարի մասին 

«Տիեզերական էքսպանսիան ամբողջությամբ կփոխի մարդկության ապագան։ Հուսով եմ՝ դա կմիավորի մրցակից երկրներին մեկ նպատակի շուրջ՝ առերեսվելու բոլորիս համար ընդհանուր մարտահրավերներին»,- նշեց Հոքինգը։ Նրա խոսքով՝ մարդու մասնակցությամբ տիեզերական ճամփորդությունն առանցքային է մարդկության ապագայի համար, քանի որ Երկիր մոլորակը վտանգված է՝ ինչպես կլիմայական փոփոխությունների, այնպես էլ սպառվող բնական ռեսուրսների պատճառով։

«Մեզ չի բավարարում տարածքը, և միակ վայրը, ուր մենք կարող ենք գնալ, մյուս աշխարհներն են։ Ժամանակն է ուսումնասիրել մյուս արեգակնային համակարգերը։ Տարածվելը գուցե լինի միակ տարբերակը, որը կփրկի մեզ ինքներս մեզնից։ Ես համոզված եմ, որ մարդիկ պետք է լքեն Երկիրը։ Իսկ Երկիրը լքելու համար հարկավոր են կենտրոնացված ջանքեր, բոլորը պետք է լծվեն գործին։ Մենք պետք է վերակենդանացնենք տիեզերական ճամփորդության հետ կապված այն ոգևորությունը, որը կար 60-ականների սկզբին»,- ասաց Հոքինգը՝ շեշտելով, որ երկարաժամկետ ապագայում մարդկությունը Երկրի վրա ապագա չունի։

Պրոֆեսորը նշեց, որ կան ֆիզիկայի ու հավանականության տեսություններով երաշխավորված արտաերկրային (extraterrestrial) ապոկալիպսիսներ, օրինակ՝ աստերոիդները, խիստ վտանգավոր են նաև Երկրի կլիմայական փոփոխությունները, սառցաշերտերի հալոցքը, կենդանատեսակների վերացումը, բնական ռեսուրսների սպառումը և այլն։ 

Գիտնականի խոսքով՝ մոլորակների գաղութացումն այլևս գիտաֆանտաստիկա չէ։ Նա նշեց, որ Ալֆա Կենտաուրի համակարգում գտնվող Պրոքսիմա B մոլորակը խոստումնալից թիրախ է՝ հավելելով. «Եթե մարդկությունը պետք է շարունակի իր գոյությունը ևս միլիոն տարի, ապա մեր ապագան համարձակորեն գնալն է այնտեղ, որտեղ մինչև հիմա ոչ ոք դեռ չի եղել։ Ես լիահույս եմ։ Մենք այլ ճանապարհ չունենք»։

 

The Spacewalker. ֆիլմ խորհրդային տիեզերագնացության անհավանական թվացող ծրագրի կյանքի կոչման մասին 

Starmus IV-ի շրջանակում՝ Նորվեգիայում տեղի ունեցավ խորհրդային լեգենդար տիեզերագնաց, բաց տիեզերքում առաջինը քայլած Ալեքսեյ Լեոնովի մասին պատմող The Spacewalker ֆիլմի եվրոպական պրեմիերան։ Ֆիլմը պատմում է 1960-ական թվականների մասին, երբ Սառը պատերազմի տարիներին Խորհրդային Միությունն ու Միացյալ Նահանգները տիեզերական թեժ մրցավազքի մեջ էին։ Հենց այդ ժամանակահատվածում Խորհրդային Միությունը որոշում է առաջին երկու տիեզերագնացներին ուղարկել բաց տիեզերք։ Ֆիլմը պատմում է այն մարտահրավերների ու ռիսկերի մասին, որոնք հաղթահարելով իրականություն է դառնում խորհրդային տիեզերագնացության հերթական անիրական ու խիստ վտանգավոր համարվող նախաձեռնությունը։ 

Ֆիլմի նախագծման ու նկարահանման աշխատանքներին մասնակցել էր անձամբ Լեոնովը։ The Spacewalker-ը նվիրվել էր Լեոնովի հետ 1965 թվականին «Վոսխոդ-2»-ի առաքելությանը մասնակցած մյուս տիեզերագնացի՝ Պավել Բելյաևի հիշատակին։ 

 

Գիտությունից մինչև երաժշտություն ու ֆիլմ. Սթիվեն Հոքինգի մեդալակիրները 

Starmus IV-ի շրջանակում երկրորդ անգամ հանձնվեցին Սթիվեն Հոքինգի մեդալները, որոնք երեք անվանակարգերում՝ գիտություն, արվեստ և ֆիլմ, շնորհվում են գիտությունը հանրայնացնելու գործում ունեցած ավանդի համար։

Հեռուստատեսային շոուների, գրքերի ու դասախոսությունների միջոցով գիտությունը հանրայնացնելու գործում ունեցած ավանդի համար մեդալներից մեկը հանձնվեց աստղաֆիզիկոս Նիլ դե Գրաս Թայսոնին։ Փառատոնի կազմակերպիչները նշել էին, որ «նրա ջանքերն օգնել են հանրահռչակել գիտությունը ողջ աշխարհում՝ բերելով նոր խանդավառություն ու հետաքրքրություն գիտական տարբեր ուղղությունների նկատմամբ»։ His efforts have helped popularize science around the world – bringing new enthusiasm and interest to many disciplines within Science.

Ֆիլմի ոլորտում մեդալը շնորհվեց The Big Bang Theory («Մեծ պայթյունի տեսություն») սիթքոմին, իսկ արվեստի ոլորտում՝ ֆրանսիացի կոմպոզիտոր, էլեկտրոնային երաժշտության հիմնադիրներից մեկը համարվող Ժան Միշել Ժառին։

2017 թվականի Հոքինգի մեդալակիրներ 

 

Միջազգային տիեզերակայանից արևածագերին հետևող աստրոնավտը 

Փառատոնի եզրափակիչ ելույթով հանդես եկավ ամերիկացի տիեզերագնաց Թերի Վըրթսը (Terry Virts)։ Նա դեպի Միջազգային տիեզերակայան երկու թռիչք է իրականացրել՝ NASA-ի Endeavour և Ռոսկոսմոսի «Союз ТМА-15М» տիեզերանավերով, եղել է Միջազգային տիեզերակայանի հրամանատար ու ընդհանուր առմամբ 200 օր է անցկացրել տիեզերքում։

Նա ներկայացրեց Տիեզերքում անցկացրած օրերն ու առաքելության մանրամասները։ Աստրոնավտը Միջազգային տիեզերակայանում անցկացրած ժամանակահատվածում ավելի քան 300 հազար լուսանկար է արել, որոնք ուղարկվել են NASA և օգտագործվել 2016 թվականի ապրիլին հեռարձակված IMAX-ի A Beautiful Planet ֆիլմում: Վըրթսը կատակեց, որ տիեզերակայանում իր գտնվելու ժամանակահատվածում NASA-ի աշխատակիցները ահագին տանջվել են, քանի որ մինչ այդ դեռ ոչ ոք այդքան մեծ ծավալի կադրեր Տիեզերքից չէր ուղարկել իրենց։

Իր ելույթը Վըրթսն ավարտեց հետևյալ խոսքերով.

«Կյանքը Երկրի վրա միշտ չէ, որ զվարճալի է։ Բոլոր մարդիկ սխալական են, բոլոր մարդիկ ունեն խնդիրներ։ Վերջին տարիներին, ամեն անգամ, երբ որևէ վատ բան է տեղի ունենում, ես փակում եմ աչքերս ու մտովի տեղափոխվում Տիեզերք, մտածում այնտեղ իմ տեսած արևածագի կամ մայրամուտի մասին։ Ապա սկսում եմ մտածել, որ այսպիսի միլիարդավոր արևածագեր ու մայրամուտներ են եղել, միլիարդավորներ լինելու են նաև ապագայում։ Ինչ-որ մի տեղ Երկրի վրա հենց այս պահին է այն տեղի ունենում։ Ամեն անգամ, երբ իմ կյանքում որևէ բան է պատահում կամ ինչ-որ խնդիր եմ ունենում, ես մտովի գնում եմ այնտեղ և ինքս ինձ ասում՝ ամեն բան լավ է լինելու։  Կարևոր չէ, թե ինչքան վատ է ամեն ինչ թվում,  իրականում ավելի լայն պատկերի մեջ ամեն բան այդքան վատ չէ։ Ամեն բան լավ է լինելու։ Գուցե այս պահին ամեն ինչ սարսափելի է թվում, սակայն վաղն Արեգակը նորից կծագի… Իսկ եթե Միջազգային տիեզերակայանում ես, ապա Արեգակը կծագի 90 րոպեից»։

Կարդացեք նաև՝ 

STARMUS I. Լուսնային մարդու վերջին ելույթից մինչև բաց տիեզերքում առաջինը քայլած տիեզերագնացի դիտարկումները

Մոծակի ոտքերով ռնգեղջյուրից մինչև սև խոռոչի գաղտնիքները. հետահայաց STARMUS II-ին

Լուսավոր մարդիկ խոսում են «մութ» թեմաներից. հետահայաց Starmus III-ին 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]