Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ինչն է ստիպել իտալացի Կարլո Կոպպոլային սիրահարվել Հայաստանին. «Հրանտ Նազարյանց» կենտրոնից մինչև ՀՀ քաղաքացիություն

Ինչն է ստիպել իտալացի Կարլո Կոպպոլային սիրահարվել Հայաստանին. «Հրանտ 
Նազարյանց» կենտրոնից մինչև ՀՀ քաղաքացիություն

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական Բարի քաղաքի «Պուլիայի հայկական ասոցիացիայի» քարտուղար, «Հրանտ Նազարյանց» մշակութային կենտրոնի հիմնադիր և ղեկավար իտալացի Կարլո Կոպպոլան փորձում է Հայաստանի խնդիրներն ավելի հասանելի դարձնել աշխարհին: Նա առաջին անգամ Հայաստան է այցելել 2015 թվականին, և, այդ պահից սկսած, հայանպաստ գործունեություն է ծավալում՝ ցանկություն ունենալով նպաստել աշխարհի տարբեր կառույցների և Հայաստանի միջև սերտ կապերի հաստատմանը:

«Ուզում եմ, որ աշխարհն իմանա, որ Հայաստանն ամեն օր նոր մարտահրավերների է բախվում իր անկախությունը պահպանելու համար: Կարևոր է, որ աշխարհը հասկանա Հայաստանի խնդիրները, հասկանա, որ Հայաստանը իր գոյատևման համար շատ հզոր թշնամու հետ է հակամարտում: Մենք պետք է օժանդակենք, նպաստենք, որպեսզի Հայաստանը ստեղծի կապեր աշխարհի բոլոր կառույցների հետ, երաժշտության, գրականության, կինոյի, արվեստի, գիտության և այլ ոլորտներում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Կարլո Կոպպոլան:

Ի՞նչը ստիպեց իտալացուն սիրահարվել Հայաստանին

Հայաստանի հանդեպ սերը ծագել է դեռևս 2001 թվականից, երբ ծանոթացել է հայկական մշակույթին՝ բացահայտելով պոետ, լրագրող Հրանտ Նազարյանցին: Կարլո Կոպպոլան ընդգծում է՝ այն ամենը, ինչ անում է Հայաստանի համար նվիրված է պոետին: Նրա խոսքով՝ Նազարյանցի ստեղծագործությունները կարևոր նշանակություն ունեն Իտալիայի համար: Հայկական մշակույթը Իտալիայում տարածողը եղել է Նազարյանցը:  Կարլո Կոպպոլան, ով «Հրանտ Նազարյանց» մշակութային կենտրոնի համահիմնադիր ու ղեկավարն է, շեշտում է՝ Ցեղասպանության տարիներին Իտալիայում առաջինը նա է բարձրաձայնել ցեղասպանության մասին: 

«1924 թվականին նրա միջոցով Բարի է եկել մոտ 80 հայ: «Նոր Արաքս» բնակավայրում Նազարյանցը Եղեռնից փրկված հայրենակիցներին աջակցելու համար գորգերի գործարան է հիմնել: «Նոր Արաքս»-ի գորգերից ձեռք են բերել Հռոմի պապեր Բենեդիկտ 15-րդը և Պիոս 13-րդը, Իտալիայի թագավոր Վիկտոր էմանուիլ Երրորդը և թագուհի Ելենան, Եգիպտոսի և Սուդանի թագավոր Ֆարուքը: Բնակավայր են այցելել քաղաքական գործիչ Շահան Նաթալին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմը և այլք: «Նոր Արաքս» բնակավայրից այսօր քիչ բան է պահպանվել՝ անունը, գործարանի շենքն ու փոքրաթիվ հայ բնակչությունը: Բայց Բարիում չեն մոռանում Հրանտ Նազարյանցի անունը»,- նշեց նա: 

«Հայտնվեցի մի հողում, որտեղ հայեր են ապրում»

Կարլո Կոպպոլան առաջին անգամ Հայաստան է եկել ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ 15 օրով: 2018 թվականին ստացել է ՀՀ քաղաքացիություն: Նա նշում է, որ մեր երկիր այցելելիս, փորձում է Հայաստանի պետական մարմիններին կապել Իտալիայի գործընկերների հետ: Անգլալեզու մամուլից Հայաստանի և հայերի մասին թարգմանություններ է անում՝ փորձելով ներկայացնել միջազգային մամուլի տեսակետները ոչ միայն Հայաստանի, այլև հայկական սփյուռքի վերաբերյալ: Կոպպոլան ասում է, որ հայերն ուղղակի չեն կարող ատել այլով, նրանք սիրով լի ազգ են:

«Մինչ Հայաստան գալս ամեն բան այլ էի պատկերացնում: Ինձ համար Հայաստանը մի վայր էր, որը գոյություն է ունեցել Նազարյանցի կամ նրա  նման մտավորականների երազանքներում: Երբ 2015 թվականին, առաջին անգամ Հայաստան այցելելով, իջա ինքնաթիռից, մտածեցի, որ հիմա գտնվում եմ մի հողում, որտեղ հայեր են բնակվում: Դա նշանակում էր, որ Ցեղասպանության նպատակները չեն իրագործվել, Թուրքիան հաղթանակ չի ունեցել: Հայաստանը՝ որպես երկիր, ունի իր կառույցները, որոնք աշխատել են, աշխատում են և կաշխատեն»,- նշեց նա: 

 

Նպատակներն ու հեռանկարները 

Կարլո Կոպպոլան և նրա հայուհի կինը ունեն երկու որդի, որդիները միաժամանակ կրթվում և դաստիարակվում են և՛ Հայաստանի, և՛ Իտալիայի մշակույթների ներքո: Կարլո Կոպպոլան վստահ է՝ երկու մշակույթներն էլ կարևոր են երեխաների համար: Կարլո Կոպպոլան Հայաստանի հետ կապված դեռ շատ մտադրություններ ունի: Պատրաստվում է Իտալիայում հայկական կինոյի, երաժշտության, Սիցիլիայի, Պուլիայի հայ համայնքների պատմության վերաբերյալ որոշ գրքեր վերահրատարակել: 

«Աշխատում ենք, որպեսզի ապացուցենք, որ հին Բարի քաղաքում Հայաստանի մտավորականությունը դեռևս 10-րդ դարից գործունեություն է ծավալել: Պետք է կարևորենք նաև, որ Բարի քաղաքում հայերենով փաստաթուղթ է կազմվել և ստորագրվել 941 թվականին է: Այն Եվրոպայում հայկական ներկայության առաջին փաստաթղթերից է: 2023-ին ուզում եմ Հրանտ Նազարյանցի  մասին որևէ միջոցառում կազմակերպել նրան ավելի ճանաչելի դարձնելու համար»,- նշեց նա: 

1920-ական թվականներին ցեղասպանությունից փրկված մի քանի տասնյակ հայերի համար փրկության կղզի դարձավ իտալական ծովափնյա Բարի քաղաքը: Հայ փախստականներն այստեղ հիմնեցին «Նոր Արաքս» թաղամասը: Փրկված հայրենակիցներին Իտալիա տեղափոխեց գրող, հասարակական գործիչ Հրանտ Նազարյանցը, որը ծննդավայր Պոլսից հեռացել էր 1913-ի գարնանը:

1886 թվականին ծնված պոլսահայ բանաստեղծը կրթություն ստանալու նպատակով Փարիզ ու Լոնդոն է մեկնում: Վերադառնում է ու սկսում ակտիվ ստեղծագործել, աշխատակցում է տասնյակ թերթերի, հանդեսների՝ տպագրելով սեփական երկերն ու կատարած թարգմանությունները:

Անգլերենի, ֆրանսերենի, աստիճանաբար նաև իտալերենի կատարյալ իմացությունը նրան հնարավորություն է տալիս արագ ներգրավվելու Իտալիայի գրական-մշակութային շրջանակներում, տարվում է ֆուտուրիզմով:

Հրանտ Նազարյանցի արխիվը պահվում է Կոնվերսանոյի Մշակույթի և պատմության հետազոտությունների կենտրոնում: 

Երկրորդ աշխարհամարտից հետո Նազարյանցի մասին աստիճանաբար մոռանում են: Բարիից տեղափոխվում է Կոնվերսանո: Կոնվերսանոյից Նազարյանցը տեղափոխվում է ավելի փոքր քաղաք՝ Կազամասիմա, որտեղ երկու տարում վեց տուն է փոխում. ծայրահեղ աղքատ գրողը չէր կարողանում տան համար վճարել:  Իտալիայի ակադեմիայի անդամ, Նոբելյան մրցանակի թեկնածու Հրանտ Նազարյանցը 1962-ի հունվարին մահանում է Բարիի հիվանդանոցներից մեկում՝ միայնակ ու լքված:

Նազարյանցի ժառանգությունը պահպանելու, քիչ հայտնի էջերը հանրահռչակելու նպատակով 2011 թվականին Կարլո Կոպպոլան, Մշակույթի և պատմության հետազոտությունների կենտրոնի տնօրեն Կոզմա Կաֆուերին և փոխտնօրեն Պաոլո Լոպանեն և Ռուբեն Թիմուրյանը հիմնել են «Հրանտ Նազարյանց» մշակութային կենտրոնը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]