Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարում օգոստոսի 23-ին իրենց ուժերն են չափելու 100-ից ավելի մասնակից

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարում օգոստոսի 23-ին իրենց ուժերն 
են չափելու 100-ից ավելի մասնակից

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարին, որն անցկացվելու է Սևանում օգոստոսի 23-ին, գրանցվել է 100-ից ավելի մասնակից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը նշեց, որ նախապատրաստական աշխատանքներն ակտիվ փուլում են: Տեղանքն ընտրված է, մրցումներն անցկացվելու են Շողակաթ համայնքին հարակից լողափնյա տարածքում:

«Այժմ տեղում ակտիվ ընթանում են կահավորման, նախապատրաստական աշխատանքները: Մրցումների ժամանակ ներկա են լինելու ԱԻՆ-ի փրկարար ծառայության, ոստիկանության, «Շտապ օգնություն» ծառայության ներկայացուցիչները: Ամբողջ միջոցառման ընթացքում մասնագետների կողմից վերահսկողական աշխատանքներ են իրականացվելու»,-ասաց Դավիթ Բաղումյանը:

Ընդհանուր 4 խմբի համար գրանցված է 105 մասնակից, որից 5-ը դեռ ստուգատեսի փուլում է: Կանանց 18-35 տարեկան տարեքային խմբում գրանցվել է 12 մասնակից, 36-ից բարձր տարիքային խմբում՝ 21 հոգի:  Տղամարդկանց 18-40 տարեկան տարիքային խմբում գրանացվել է 31 հոգի, 41-ից բարձր տարիքային խմբում 36 հոգի:  Գրանցումները կշարունակվեն մինչև օգոսոստի 15-ը: «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի գլխավոր մրցավար Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ  Կանանց խմբում ամենաավագ գրանցված մասնակիցը 1949 թվականի ծնված է, տղամարդկանց խմբում՝ 1941 թվականի:

«Մրցումների ընթացքում մասնակիցների մոտակայքում լինելու են նավակներ, հսկվելու է ամբողջ գործընթացը: Ունենք մրցավարական կազմ, որը բաղկացած է 20 հոգուց, բոլորը նախկինում պրոֆեսիոնալ մարզիկներ են եղել և ներկա պահին մարզիչներ են աշխատում: Մեր բոլոր մասնակիցներին խորհուրդ եմ տալիս նախ չընկճվել, ընդհանուր պահպանեն հանգստություն ու փորձեն հաղթահարել սահմանված տարածությունը»,-ասաց Արթուր Հովհաննիսյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ մասնակիցներին տեղափոխելու համար: Օգոստոսի 23-ին, ժամը 8:15-ին գնացքը Երևանից կուղևորվի Շորժա: Ժամը 11:30-ին կլինեն տեղում, որից հետո սպասվում է խորհրդատվական, մանդատային գործընթաց: Մեկնարկը տրվելու է ափից, մասնակիցները լողալու են դեպի խորքը՝ 25 մետր երկարությամբ, այնուհետև շրջվելու են դեպի համապատասխան լողուղի և փորձելու են հաղթահարել նախատեսված տարածությունը: Կանայք կմրցեն 1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածություններում:

Դրամական մրցանակներ են նախատեսված 1-ից 10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցների համար:  1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ, 4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ, 5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ, 6-10-րդ տեղերը՝ 75.000 ՀՀ դրամ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը նկատեց, որ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարարերի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա հասարակության շրջանում: Այս տարի միայն սեղանի թենիսի մրցաշարին մասնակցել է 1600-ից ավելի մարդ, դպրոցականների թիմային խճուղավազքում գրանցվեց 1724 աշակերտի մասնակցություն: Այս ցուցանիշները խոսում են այն մասին, որ մարդիկ սպասում են, պատրաստվում են ու մասնակցում են մրցաշարերին:

Առջևում ևս մեկ մրցաշար է սպասվում: Սեպտեմբերի 20-ին Փարաքար-Էջմիածին մայրուղու 10 կմ հատվածում կանցկացվի խճուղավազքի մրցաշար, որին մեծ թվով մարդկանց մասնակցություն է սպասվում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]