1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն անցկացրեց Վարդենիսի համայնքապետարանում

Գեղարքունիքի մարզպետը  խորհրդակցություն անցկացրեց Վարդենիսի 
համայնքապետարանում

ԳԱՎԱՌ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օգոստոսի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիսի համայնքապետարանում խորհրդակցություն անցկացրեց Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, համայնքապետարանի աշխատակազմի եւ բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ խորհրդակցությանը մասնակցում էին նաեւ Գեղարքունիքի մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները։ Քննարկվող հարցերի շրջանակը բավականին ընդգրկուն էր, կարեւոր  ու առաջնահերթ լուծում պահանջող։  

Կարեն Սարգսյանը նախ խոսեց Վարդենիս համայնքի բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման  անբավարար ցուցանիշների մասին, շեշտելով, որ 2023 թվականի յոթ ամիսների կտրվածքով 61, 7 տոկոսանոց արդյունքն անբավարար է ու մտահոգող։ «Նման ցուցանիշներով Վարդենիս համայնքը չի կարող  զարգանալ ու առաջընթաց գրանցել, լուծում տալ բնակչության առջեւ ծառացած բազմապիսի հիմնախնդիրներին։ Սեփական եկամուտների հավաքագրումից են կախված բոլոր պետական ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Ձեր առջեւ խնդիր է դրված՝ ամենասեղմ ժամկետներում իրավիճակը շտկելու, սեփական եկամուտներն ամբողջապես հավաքագրելու համար։ Այստեղ առավել անելիքներ ունեն բնակավայրերի վարչական ղեկավարները, ովքեր պետք է հանդես բերեն պատասխանատվություն ու հետեւողականություն»,-նշեց մարզպետը։

Այնուհետ Կարեն Սարգսյանն անդրադարձավ գյուղնշանակության հողերի նպատակային օգտագործման, ոռոգվող հողատեսքերի իրական թվերի ճշգրտման, ընդերքի ապօրինի օգտագործման, սուբվենցիոն ծրագրերի կազմման եւ ներկայացման, փոքր չափերի ֆուտբոլի խաղադաշտերի կառուցման ընթացքում թույլ տրված թերությունների շտկման, ապօրինի հողօգտագործման, պետական ծրագրով գյուղատնտեսական կոոպերատիվներին հատկացված գյուղատնտեսական տեխնիկաները բնակչության շահերին չծառայեցնելու հետ կապված խնդիրներին։ Մարզի ղեկավարն առաջարկեց՝ սեղմ ժամկետներում եւ հետեւողականորեն բոլոր ոլորտներում Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցությամբ կարգավորել բոլոր հիմնախնդիրները՝ բացառելով որեւէ օրինախախտում։ «Կառավարությունը ոռոգման համակարգերն արդիականացնելու խոշոր ծրագրեր ունի, սակայն դրանց իրականացման համար հարկավոր է համապատասխան  գույքագրում կատարել՝ ամբողջովին ճշգրտելով այն ոռոգվող հողատեսքերի մակերեսները, որոնք առկա են իրականության մեջ։ Մեր հաշվարկներով, հաշվի առնելով  Վարդենիս համայնքում  ոռոգելի մշակաբույսերի ցանքատարածությունների մակերեսները, դեռ  ստվերում են մնում ոռոգվող տարածքների մեծ մասը։ Համայնքապետարանի եւ վարչական ղեկավարների առաջնահերթ անելիքն է՝ օրինական դաշտ բերել ստվերում գտնվող բոլոր ոռոգելի հողատեսքերը՝ կանխելով ապօրինի ջրօգտագործման դեպքերը։ Շատ լուրջ է գյուղնշանակության հողերի նպատակային օգտագործման խնդիրը։ Տարիներ շարունակ խոտհարքերն ու արոտները վարձակալել են այնպիսի մարդիկ, որոնք, ինչպես սահմանում է օրենքը, անասնապահական տնտեսություն չեն վարել կամ չեն ունեցել համապատասխան անասնագլխաքանակ ։ Եվ դա այն դեպքում, երբ մեզ այսօր դիմում են ֆերմերային տնտեսությամբ զբաղվող մարդիկ՝ խնդրելով համապատասխան հողատարածքներ։ Հարցի  կարգավորման համար պետք է ուսումնասիրություն կատարել, միակողմանի լուծել պայմանագրերն այն վարձակալների հետ, ովքեր չունեն համապատասխան անասնագլխաքանակ, չեն ներկայացրել ներդրումային ծրագրեր, եւ փոխարենը բավարարել այն մարդկանց պահանջները, ովքեր իրականում ուզում են անասնապահություն զարգացնել։

ՈՒԵՖԱ-ն Հայաստանի կառավարության հետ համագործակցությամբ պետք է հարյուրավոր մարզադաշտեր կառուցի մեր երկրում։ Մեր մարզում նախատեսված մարզադաշտերի կառուցման ծրագիրը որպեսզի դրվի գործողության մեջ, անհրաժեշտ է, որ շատ արագ շտկվեն Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի եւ Գեղարքունիքի մարզպետարանի համագործակցությամբ կառուցված որոշ խաղադաշտերի շինարարական թերությունները։ Խոսքը վերաբերում է Ակունքի եւ Ծովակի ֆուտբոլի փոքր դաշտերին։ Սուբվենցիոն ծրագրերը կազմելիս՝ դրանք պետք է անպայման բխեն այն հիմնախնդիրներից, որոնք առկա են համայնքի բնակավայրերում, մինչդեռ մեր հանդիպումների ընթացքում բնակչության արտահայտած տրամադրություններն այլ բան են ասում։ Հաջորդ կարեւոր խնդիրը ընդերքօգտագործման ոլորտում լիակատար օրինականության հաստատումն է։ Ամեն վարչական ղեկավար իր տարածքում պետք է բացառի ապօրինի ընդերքօգտագործումը՝ ժամանակին կանխելով նման դեպքերը, օգտագործելով իր լծակները։ Առանց համապատասխան թույլտվության, առանց հողի կարգի փոփոխության, առանց համայնքապետարանի հետ համապատասխան պայմանագրի՝ ոչ մի կազմակերպություն կամ անհատ իրավունք չունի այս ոլորտում գործունեություն ծավալելու։ Վիճակն անհուսալի է նաեւ հողօգտագործման ոլորտում։ Շատ բնակավայրերում հողերը, արոտներն ու խոտհարքերը վարձակալության են տրվել օրենքի կոպիտ խախտումներով, իսկ ապառքների գանձումը դեռ մնում է անբավարար»,-խիստ գնահատական տվեց մարզպետը։

Որոշ հարցերի շուրջ պարզաբանումներով հանդես եկան Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը, քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, հողաշինարարության եւ հողօգտագործման բաժնի վարիչ Մարատ Ղուրշուդյանը։

Խորհրդակցության ավարտին մարզպետը համագործակցված ու արդյունավետ աշխատանքի կոչ հնչեցրեց։ «Կառավարությունը նախատեսել է առաջիկա տարիներին սոցիալ-տնտեսական եւ կենսական նշանակության լայնածավալ ծրագրեր իրականացնել Վարդենիս համայնքում։ Կկառուցվեն ճանապարհներ, խմելու եւ ոռոգման ջրատարներ, դպրոցներ ու մանկապարտեզներ, բժշկական կենտրոն, լուսավորության ցանցեր։ Բայց այդ ծրագրերի իրականացման համար մեր կողմից անհրաժեշտ է ջանադիր, հետեւողական ու համագործակցված աշխատանք։ Մարզպետարանը կցուցաբերի բավարար մեթոդական ու խորհրդատվական օժանդակություն, այսօր առաջ քաշված խնդիրների կարգավորումը պետք է գտնվի մեր ամենօրյա ուշադրության ու հոգածության ներքո»,-խորհրդակցությունն ամփոփեց Կարեն Սարգսյանը։

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն իր հերթին հավաստիացրեց, որ Վարդենիսի համայնքապետարանը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի սեղմ ժամկետում կարգավորվեն խորհրդակցության ժամանակ առաջ քաշված բոլոր հարցերը։

Խոսրով Խլղաթյան

  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]