1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայկական համի հիշողությունը. «Երեմյան Ակադեմիան» մեկնարկել է նոր նախագիծ

Հայկական համի հիշողությունը. «Երեմյան Ակադեմիան» մեկնարկել է նոր նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժողովրդի ավանդույթներն ու կենցաղավարումը, բնաշխարհի բարիքները մեկտեղվում են հենց ազգային խոհանոցում. ազգային խոհանոցը ժողովրդի դիմագիծն է, մշակույթը բնութագրող ամենագունեղ տարրը:

Հազարամյակների պատմություն ունեցող հայկական խոհանոցն առաջին հերթին ասոցացվում է տոլմայի, հարիսայի, գաթայի և այլ ուտեստների հետ, որոնք զուտ կերակուրներ չեն. այդ ուտեստներից յուրաքանչյուրն ունեցել է ծիսական հատուկ նշանակություն, պատրաստման եղանակներ ու մատուցման գաղտնիքներ: Թեև այդ ամենը պահպանվել և փոխանցվել են սերունդներին, այնուամենայնիվ, այսօր կան այնպիսի բաղադրատոմսեր, որոնք ամբողջովին վերափոխվել կամ գրեթե վերացման եզրին են:

Այդպիսի ուտեստների բաղադրատոմսերի վերականգնման ու հանրայնացման, պատրաստման ու մատուցման, ազգային ծեսերի, ավանդազրույցների տարածման նպատակով «Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան Ակադեմիան» մեկնարկել է նոր նախագիծ: Լինելով ռեստորանային ոլորտի առաջատար՝ «Երեմյան Փրոջեքթսը» պարտավորվածություն է ստանձնել թողնելու այնպիսի ժառանգություն, որը կօգնի հաջորդ սերունդներին տիրապետել հայկական խոհանոցի բոլոր գաղտնիքներին: Նախաձեռնության նպատակը հայկական ավանդական խոհանոցի ամբողջական պատկերն ունենալն ու լայնորեն տարածելն է, այդ իսկ պատճառով ուտեստների մասին տեղեկատվությունը հասանելի կլինի մի քանի լեզուներով։

Երեմյան Ակադեմիայի տնօրեն Աիդա Տիգրանյանը նշում է՝ վաղուց էին ցանկանում ներկայանալ հայկական ազգային ուտեստների պատմությունն ամփոփող նախագծով, որը հիմնված կլիներ ինչպես գիտական աղբյուրների, այնպես էլ բնակչությունից հավաքագրված տեղեկատվության հիման վրա.

«Այս նախագիծն անհրաժեշտություն էր: Չկա այնպիսի մի աշխատություն, որը բացահայտում է Հայաստանի բոլոր մարզերի, Արցախի և Պատմական Հայաստանի խոհանոցն ամբողջությամբ: Մենք նպատակ ունենք հանրայնացնել ազգային ուտեստների ծագումն ըստ պատմական իրադարձությունների, բնակչության տեղաշարժերի և կենցաղավարության փոփոխության: Մեր մշակույթի այդ կարևոր ճյուղը փրկելու, պահպանելու և վերականգնելու, ազգային-ավանդականը, մեր ինքնությունը չկորցնելու և վերաարժևորելու համար մենք պետք է միջոցներ ձեռնարկեինք: Այդպես, որոշեցինք գնալ մոռացված բաղադրատոմսերի հետքերով»:

Ծրագրի մասնակիցներից պատմաբան Վահե Լոռենցը, ով նաև դասախոսում է «Երեմյան Ակադեմիայում», իրականացնում է բանահավաքչությունը, շրջում գյուղե-գյուղ, հանդիպում ու զրուցում տարբեր մարդկանց հետ։ Պատմաբանը նշում է՝ Արցախի ու մարզերի խոհանոցն ամբողջովին բնորոշում է հայ ժողովրդի անցած երկար ճանապարհը. 

«Այս նախագիծն ինձ համար երազանքի իրականացում է, քանի որ այն թույլ է տալիս վերականգնել մեր խոհանոցի ծեսերը, որոնք ժամանակի ընթացքում մենք մոռացության ենք մատնել: Իմ զրուցակիցներն իրենց տատերից ու մայրերից ժառանգել են պատմական Հայաստանի խոհանոցի գաղտնիքները։ Նրանք դողացող ձեռքերով բացում են իրենց մաշված բաղադրագրքերը, թերթում ու ներկայացնում տոհմական բաղադրագրերը։ Հայկական խոհանոցի առանձնահատկություններից ամենագլխավորն իր բազմազանությունն է, գրեթե յուրաքանչյուր գյուղ կամ քաղաք ունի իրեն բնորոշ ուտեստը կամ հայտնի որևէ ուտեստի՝ պատրաստման իր ձևը»:

Նախագծի մասնակիցներից ազգագրագետ Մանան Առաքելյանն ասում է, որ այսօր հայկական խոհանոցը պետք է ոչ միայն հանրայնացվի, վերականգնվի, նորանա և մտնի յուրաքանչյուր ընտանիք, այլ նաև պետք է ճանաչելի դառնա աշխարհին.

«Երեմյան Ակադեմիայի» նախաձեռնությունը հետաքրքրության նոր ալիք  կառաջացնի հայկական խոհանոցի նկատմամբ, քանի որ այստեղ ներկայացվելու են գիտական բացառիկ փաստեր: Առաջին անգամ փորձ է արվելու ներկայացնել հայկական խոհանոցի առողջականության մասին հիմնավորումը, ինչը նոր մոտեցում է և անչափ կարևոր է այսօրվա իրականությունում։ Գիրքը պարունակելու է գիտական մաս, նորահայտ բաղադրատոմսեր, որոնք հավաքվել են բանահավաքչության արդյունքում, ներկայացվելու է հայոց տոնածիսական խոհանոցը»:

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության բրենդ շեֆ Զորո Իսպիրյանն ասում է.

«Մեր ընկերությունը ռեստորանային և մասնագիտական կրթության ոլորտներում արդեն 15 տարի ակտիվ գործունեություն է ծավալում: «Երեմյան Փրոջեքթսը» հիմնադրման առաջին օրվանից հայկական խոհանոցը, ազգային ավանդույթներն ու մշակույթը վերհանելու, պահպանելու և տարածելու առաքելություն է որդեգրել և պատվով այն իրականացնում է: Այս ծրագրի նախաձեռնումն ու իրագործումն էլ ամբողջությամբ բխում է մեր այդ նպատակից։ Հայկական հարուստ խոհանոցն ու ուտեստների պատրաստման առանձնահատկությունները մեկ աշխատությամբ ներկայացնելով՝ մենք կնպաստենք ոչ միայն այդ բաղադրատոմսերի պահպանմանն ու տարածմանը, այլև դրանց ակտիվ ներգրավմանը հայկական ընտանիքների առօրեայում և՛ ազգային խոհանոց ներկայացնող այլ ռեստորաններում, թե՛ Հայաստանում ու թե՛ Սփյուռքում»։

Բանահավաքչությանը կհաջորդի բաղադրատոմսերի մշակման և դրանց արդիականացման փուլը, որը կիրականացնեն Ակադեմիայի շեֆ խոհարարներն ու ուսանողները: «Երեմյան Ակադեմիայի» «Խոհարարական արվեստ» ուսումնական ծրագրերի ղեկավար, շեֆ-խոհարար Կարեն Խաչատրյանը նշում է, որ հավաքագրված բաղադրատոմսերի մեծ մասն արդեն ուսումնասիրման փուլում է.

«Հավաքագրված բաղադրատոմսերից մենք առանձնացնում ենք հանրության շրջանում ոչ այդքան հայտնի և ինքնատիպ ուտեստների բաղադրատոմսերը: Քանի որ մենք տիրապետում ենք հայկական և եվրոպական ժամանակակից խոհանոցի միտումներին, ուստի մեր ուսանողներն ու խոհարարները պատրաստելու են ոչ միայն ավանդական ուտեստները, այլև արդիականացնելու և ներկայացնելու են դրանց նոր տարբերակը»: 

«Երեմյան Ակադեմիայի» տնօրեն Աիդա Տիգրանյանը, ամփոփելով նախաձեռնության շրջանակում կատարված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը, նշում է. 

«2020 թ․ ամառվանից տևական ժամանակ Արցախի շրջաններում և Հայաստանի բոլոր մարզերում հաջողությամբ իրականացվել է բանահավաքչություն, նախագծում ներգրավված մի շարք մասնագետներ հետազոտություններ և ուսումնասիրություններ են կատարել, ունեցել ենք տարբեր հանդիպումներ ու քննարկումներ։ Կարող ենք փաստել, որ մոռացված բաղադրատոմսերը ոչնչացումից փրկելուն և նոր շունչ տալուն ուղղված հսկայածավալ աշխատանք է կատարվել»։

Ավանդական բաղադրատոմսերն ավարտուն ձևով կներկայացվեն շատ շուտով։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]