Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Մեկնարկում է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը

Մեկնարկում է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 9-րդ միջազգային 
փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2022 թ-ի օգոստոսի 18-28-ը կիրականացնի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը՝ ներառական ուղղվածությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս տարի   փառատոնը հանդես է գալիս «Միասին կարող ենք» խորագրով:

«Ֆրեսկո» փառատոնը մշակութային երկխոսության առիթ է, որը Հայաստանը դարձնում է արդիական շփումների խաչմերուկ: Երևանի Սբ. Կաթողիկե և Սբ. Աննա եկեղեցիների տարածքում և ք. Վանաձորի ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում տեղի կունենան ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր, ինչպես նաև մարզային ներառական մշակութային ճամբար: Այս տարի փառատոնը իր շուրջ կհամախմբի տարբեր երկրներից արվեստագետների, կինոգործիչների և այլ մտավորականների: Փառատոնի նպատակներից է ակտիվացնել հատկապես մարզային մշակութային կյանքը: Վանաձորում տեղի կունենան հանդիպումներ հայաստանյան և օտարերկրացի արվեստագետների հետ, որոնց թվում կլինեն վրացի լուսանկարիչ Յուրի Մեչիտովը («Փարաջանովի ֆենոմենը» խորագրով հանդիպում), իսրայելացի լուսանկարիչ, լրագրող՝ Դմիտրի Բրիկմանը («Երուսաղեմի աղոթքը. ֆոտոթարգմանություն» խորագրով հանդիպում) և այլք:

Մշակութային հագեցած օր է նախատեսվում իրականացնել  «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»-ում, որտեղ կցուցադրվի միջազգային ներառական ֆիլմ,ինչպես նաեւ տեղի կունենա հանդիպում-քննարկում փառատոնի օտարերկրյա արվեստագետների հետ:

«Ֆրեսկոն» համախմբում է տարբեր սերնդի և ճաշակի պատկանող հանդիսատեսի՝ ռոքից մինչև դասական, դասականից մինչև ժողովրդական: Փառատոնի շրջանակում կայանալիք համերգային ծրագրերին կմասնակցեն «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն»-ը, դաշնակահար Հայկ Մելիքյանը, երաժիշտ Վահան Արծրունին, «Հորովել» երգի-պարի անսամբլը, Վանաձորի «Կամերային երգչախումը», «Հովել» երաժշտական նախագիծը և «Ադանա Փրոջեքթ» ռոք խումբը: Հանրաճանաչ արտիստները ելույթ կունենան հաշմանդամություն ունեցող տաղանդաշատ երաժիշտների հետ միասին: Համերգները կհամալրվեն յուրօրինակ պերֆորմանսներով:

Փառատոնի շրջանակներում կցուցադրվեն շուրջ 40 միջազգային ֆիլմեր՝ (Հայաստան, Ֆրանսիա, Լեհաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Կորեա, Իսպանիա, Իտալիա, Բրազիլիա և այլն) խաղարկային, անիմացիոն, լիամետրաժ, կարճամետրաժ, որոնք ժխտում են պատերազմները, էկոլոգիական աղետները, բռնությունը, քարոզում խաղաղություն, մարդասիրություն, հայրենասիրություն, անդրադառնում են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին, ներկայացնում են նրանց կարողությունները, արարելու և աշխատելու ներուժը:

Այս տարի փառատոնի շրջանակներում Վանաձորի «Ծիծեռնակ» ճամբարում կիրականացվի ներառական մշակութային ճամբար: Ճամբարին կմասնակցեն «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի և այլ մասնագիտացված կառույցների սաներ: Իրենց տեսակով Հայաստանում եզակի «Ֆրեսկո» ճամբարները, այս երեխաների համար ոչ միայն հասարակության լայն շրջանակներում ինտեգրվելու հրաշալի միջոց են, այլև՝ Հայաստանը ճանաչելու նոր ձևաչափ:

Փառատոնի կազմակերպիչ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը արտադպրոցական ստեղծագործական հաստատություն է, որը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին ապահովում է գեղագիտական մասնագիտական կրթությամբ:

Փառատոնի գլխավոր աջակիցն է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, աջակիցներն են՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, «Ֆորմիկա Արտ» փրոդաքշնը, ՀԵՀԵՄ գրասենյակը և «Ծիածան» սոցիալական հասարակական կազմակերպությունը:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]