1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գեղարքունիքի մարզպետն ու ՄԱԿ-ի «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» համակարգողը քննարկել են համագործակցության հեռանկարները

Գեղարքունիքի մարզպետն ու ՄԱԿ-ի «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» 
համակարգողը քննարկել են համագործակցության հեռանկարները

ԳԱՎԱՌ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Միավորված ազգերի կազմակերպության «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» համակարգող Արմեն Չիլինգարյանին։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հանդիմանը մասնակցեցին նաեւ Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրեն Արտաշ Սարդարյանը, Գեղարքունիքի մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ։

Հանդիպման սկզբում Արմեն Չիլինգարյանը ներկայացրեց ՄԱԿ-ի «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» բովանդակությունը եւ ուղղությունները, Գեղարքունիքի մարզում դրանց  ներդրման հնարավորությունները եւ հեռանկարները։ «Մեր ծրագիրը հիմնականում ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից։ Այն իրականացվում է երեք հիմնական ուղղություններում՝ օդերեւութաբանական կայանների հիմնում, ջրային ավազանների քարտեզագրում  եւ բարելավում,   ոռոգման համակարգերի արդիականացում։ Այդ ուղղություններում ներդրվող ծրագրերը նպաստելու են հիդրոօդերեւութաբանական ճշգրիտ տվյալների ձեռքբերմանը, ջրային ավազանների եւ էկոհամակարգերի, ինչպես նաեւ  ոռոգման համակարգի բարելավմանը, աղետի ռիսկերի կառավարմանը  եւ  Սեւանա լճից իրականացվող ջրառի նվազեցմանը։ Կարող ենք օժանդակել նաեւ համայնքային տնկարանների ստեղծման կամ ընդլայնման ծրագրերին։ Մեզ համար չափազանց կարեւոր է սելավային վտանգի քարտեզագրումը Գեղարքունիքում, քանի որ ձեր մարզն այս ուղղությամբ չափազանց ռիսկային է։ Այս ամենը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է Գեղարքունիքի մարզպետարանի, մարզի համայնքների, Գեղարքունիքի մարզի ջրօգտագործող ընկերության եւ մեր ծրագրի մշտական, ամենօրյա համագործակցությունը»,-ներկայացրեց  ՄԱԿ-ի «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» համակարգողը։

Մարզպետ Կարեն Սարգսյանը շեշտեց, որ թեեւ ծրագրի բոլոր ուղղությունները չափազանց կարեւոր են մարզի գյուղատնտեսության  եւ շրջակա միջավայրի պահպանության, աղետների ռիսկերը կառավարելու  տեսանկյունից, սակայն առաջնահերթ համարեց   ոռոգման համակարգերի արդիականացման ուղղությունը, որտեղ ավելի հրատապ խնդիրների կարգավորման  անհրաժեշտություն կա։ «Մենք միատեղ համալիր ուսումնասիրություն կանցկացնենք Ճամբարակ համայնքի Գետիկի ջրամբարում, որտեղ աղետի ռիսկերի կառավարման եւ նվազեցման խնդիր կա, կուսումնասիրենք եւ կյանքի կկոչենք մյուս առաջնահերթ անելիքները։ Բայց, նկատի ունենալով Մարտունի համայնքի ղեկավարի եւ «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրենի առաջարկությունները, նպատակահարմար ենք գտնում կանգ առնել Մարտունի համայնքի Ծովինար եւ Աստղաձոր գյուղերի ոռոգման  ցանցերի արդիականացման ծրագրի իրականացման վրա։ Այս ծրագիրը կյանքի կոչելու դեպքում մի քանի տասնյակ հեկտարներով կավելացնենք ոռոգվող հողատեսքերը, մյուս կողմից էլ նվազագույնի կհասցնենք ջրի կորուստները։ Բացի այդ, տնտեսություններն արդեն այդ տարածքներում կկարողանան հիմնել պտղատու այգիներ, մշակել եկամտաբեր ու օգտակար այլ մշակաբույսեր»,-նշեց մարզպետը։

Արմեն Չիլինգարյանը նաեւ որպես ծրագրի բաղադրիչ մաս ներկայացրեց պոմպակայանների արդիականացումը՝ դրանք արեւային ֆոտովոլտային կայաններով վերազինելու եւ գործարկելու հեռանկարով։ Գաղափարին հավանություն տվեց մարզպետ Կարեն Սարգսյանը։ «Տարվա մեջ ոռոգման շրջանը մեզ մոտ տեւում է մոտ երկուսուկես ամիս, մնացած ամիսներին արեւային ֆոտովոլտային կայաններում արտադրված էներգիան կարող է տնտեսվել եւ  օգտագործվել ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրերի ուղղությամբ: Կարեւորն այն է, որ մեր պոմպակայանները արեւային ֆոտովոլտային կայանների տեղադրման համար ունեն բավարար հզորություն ունեցող տարածքներ, իսկ մյուս կողմից էլ մեր մարզում արեւոտ օրերի տեւական ժամանակաշրջանը չափազանց նպաստավոր է էլեկտրաէներգիայի արտադրության համար: Սա չափազանց մեծ արդյունքներ ապահովող ծրագիր կարող է դառնալ: Հարկավոր է արագ ու հետեւողական քայլերով կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք կհամաձայնեցվեն մեր փոխհամագործակցության օրակարգում »,-ասաց  մարզպետը։  

Կողմերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ առաջիկա շաբաթվա ընթացքում  Մարտունու համայնքապետարանի եւ «Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերության կողմից տրամադրված տվյալների հիման վրա ՄԱԿ-ի «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» գրասենյակի ներկայացուցիչները մասնագիտական ուսումնասիրություններ կկատարեն ոռոգման համակարգերի արդիականացման ուղղությամբ, այնուհետ, համապատասխան ընթացակարգերից հետո, կարող են մեկնարկել շինարարական աշխատանքները:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]