Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայաստանի կամավորները առանձնահատուկ են լինելու. STARMUS-ի համահիմնադիրը հանդիպեց երիտասարդներին

Հայաստանի կամավորները առանձնահատուկ են լինելու. STARMUS-ի համահիմնադիրը 
հանդիպեց երիտասարդներին

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սեպտեմբերի 5-10-ն անցկացվելիք միջազգային STARMUS VI փառատոնի շրջանակներում  փառատոնի համահիմնադիր աստղաֆիզիկոս  Գարիկ Իսրաելյանը հանդիպեց կամավորների հետ, որոնց ներկայացրեց փառատոնի փիլիսոփայությունը, գաղափարը և հնարավորությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Գարիկ Իսրաելյանը նախ շնորհակալություն հայտնեց  կամավորներին, որ գրանցվել են և ցանկություն հայտնել մասնակցելու STARMUS VI փառատոնին:

Փառատոնի համահիմնադիրը երիտասարդներին վստահեցրեց ՝ նրանց շատ հետաքրքիր և արդյունավետ շաբաթ է սպասվում:

«Բոլոր փառատոններին միշտ կամավորներ ունեցել ենք, բայց ամենաառանձնահատուկ կամավորները լինելու են Հայաստանի կամավորները, ես դրանում չեմ կասկածում: Ինչո՞ւ, որովհետև նման կարգի գիտնականները Հայաստան երևի թե առաջին անգամ են գալիս: Ձեզ համար շատ հետաքրքիր կլինի տեսնել, թե ում հետ եք աշխատելու:

Հայաստանում, մանավանդ վերջին տարիներին, շատ դժվար է եղել երիտասարդներին կենտրոնանալ ինչ-որ բանի վրա՝ պատերազմի, քաղաքական խնդիրների, քաղաքականացված մեդիադաշտի պատճառով: Եթե գտնվել են երիտասարդներ, ովքեր, չնայած այդ բոլոր բարդություններին, հետաքրքրվել են և ցանկացել են այս փառատոնին մասնակցել, օգնել, դա իմ համար շատ ու շատ ավելի կարևոր է, քան, եթե փառատոնը լիներ եվրոպական ինչ-որ այլ երկրում: Հայաստանյան պայմաններում ունենալ այսպիսի երիտասարդներ՝ ինձ փոփոխությունների հույս է տալիս»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Իսրաելյանը:

Հանդիպման ընթացքում նա պատմեց, թե ինչպես են կարողացել ընդամենը 30 կամավորներով պատշաճ կազմակերպել STARMUS II-ը, երբ միայն բրիտանացի տեսաբան ֆիզիկոս Սթիվեն Հոքինգին օգնելու և ուղեկցելու համար ներգրավված է եղել 3-4 կամավոր: Հիշեց, թե ինչ դժվարություններ են ունեցել  ամենաամբիցիոզ Starmus III փառատոնի ժամանակ: Նա  նաև պատասխանեց կամավորների հարցերին:

Աստղաֆիզիկոսը հուսով է, որ STARMUS-ը կբարձրացնի երիտասարդների շրջանում գիտության նկատմամբ հետաքրքրությունը, ինչպես նաև՝ Հայաստանում նմանատիպ նոր փառատոններ կկազմակերպվեն:

«Թող STARMUS-ը պատճառ հանդիսանա, որ Հայաստանում գիտության նկատմամբ վերաբերմունքում փոփոխություն լինի»,- ընդգծեց Իսրաելյանը:

STARMUS VI փառատոնի կամավորների համակարգող Դիանա Բալասանյանը հայտնեց, որ օգոստոսի 16-ից կմեկնարկի կամավորների ուսուցման շարք, որպեսզի նրանք շատ լավ պատկերացում ունենան փառատոնի մասին և պատրաստ լինեն փառատոնին:

«Ունենք մոտ 180 կամավոր Հայաստանի գրեթե բոլոր համալսարաններից: Մասնակցում են նրանք, ովքեր անգլերենի լավ իմացություն ունեն, որովհետև STARMUS-ը միջազգային փառատոն է,  և մենք աշխատում ենք միջազգային թիմով: Իհարկե, կամավորները նաև պետք է հետաքրքրված լինեն գիտությամբ, արվեստով, լինեն ակտիվ, ցանկություն ունենան սովորել:

Կամավորներն ուղեկցելու են ելույթ ունեցողներին, օգնելու են հանդիսատեսին, մանավանդ՝ արտասահմանցի: Եթե կլինեն մարդիկ, ովքեր լավ չեն կողմնորոշվի տեղանքում կամ ինչ-որ հարցեր կունենան՝ կամավորները նրանց կօգնեն: Երիտասարդները օգնելու են բեմում, օգնելու են STARMUS ճամբարում:

Կամավորներին տարբեր խրախուսանքներ են սպասվում, բայց, կարծում եմ, որ ամենամեծ խրախուսանքն այն է, որ նրանք կկարողանան տեսնել փառատոնը ներսից, նաև կկարողանան քաղել այն բոլոր գիտելիքները, որոնք STARMUS-ն առաջարկում է»,- ընդգծեց Բալասանյանը:

Կամավոր Կարինե Հովհաննիսյանը ցանկացել է STARMUS-ի աշխատանքներում ներգրավվել, քանի որ, իր կարծիքով, այն Հայաստանում անցկացվելիք ամենամեծ գիտական փառատոններից մեկն է:

«Կարծում եմ, փառատոնի շնորհիվ շատ ընդունակություններ ձեռք կբերեմ, քան ունեի մինչև այս: Բացի այդ, լինելու են այնպիսի մեծություններ, որոնց Հայաստանում տեսնելը, իրենց օգնելը և իրենց հետ աշխատելը ինձ համար մեծ պատիվ է»,- եզրափակեց Հովհաննիսյանը:

STARMUS փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանի և լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից՝ դառնալով համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների մտածողների, գիտության մշակույթի ու արվեստի գործիչների միավորող հարթակ, որի շրջանակներում նրանք հանրության հետ կիսվում են իրենց գիտելիքներով, փորձով ու նորագույն հայտնագործություններով։ Նրանց միավորումը մեկ հարթակի շուրջ հնարավոր է դարձնում մեր ժամանակների խնդիրների վերհանումն ու լուծումների շուրջ քննարկումները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]