Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ժողովրդի ստեղծածը «Բերդ» պարային անսամբլը վերադարձնում է ժողովրդին՝ նոր փայլով, նոր գեղագիտությամբ. Կարեն Գևորգյան

Ժողովրդի ստեղծածը «Բերդ» պարային անսամբլը վերադարձնում է ժողովրդին՝ նոր 
փայլով, նոր գեղագիտությամբ. Կարեն Գևորգյան

«Բերդ» պարային անսամբլը եկող տարի տոնում է հոբելյանական 60-ամյակը: Պարարվեստի ոլորտում ունեցած ձեռքբերումների, անսամբլի ընթացիկ աշխատանքների, ոլորտի խնդիրների մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է անսամբլի գեղարվեստական ղեկավար Կարեն Գևորգյանի հետ, ով հպարտությամբ ընդգծում է՝ ժողովրդի ստեղծածը «Բերդ» պարային անսամբլը վերադարձնում է ժողովրդին՝ նոր փայլով, նոր գեղագիտությամբ, նոր շարժումների համակարգով:

- Պարոն Գևորգյան. 2023 թվականը «Բերդ» պարային անսամբլի համար հոբելյանական տարի է, ինչպե՞ս եք պատրաստվում:

- Այո, եկող տարի մենք պատրաստվում ենք նշել մեր անսամբլի  60-ամյակը: Բազմաթիվ երկրներից արդեն հրավերներ ունենք:  Մեր անսամբլի երկրպագուներին նոր անակնկալներ ենք մատուցելու մեր մենահամերգներով:  2023 թ.-ի համար շատ պրոդյուսերներ եւ մշակույթի կազմակերպիչներ, որոնք աշխարհի լավագույն պարային կոլեկտիվներն են ներկայացնում, «Բերդ» պարային անսամբլի հետ ձեռք են բերել նախնական պայմանավորվածություններ՝ մեծ բեմեր դուրս գալու եւ հայկական պարը ներկայացնելու:

- Արդյոք մտահոգիչ չէ, որ դեռեւս թերի են ուսումնասիրված հայկական պարերը, մասնավորապես, գեղջկական պարերը, որոնք հիմքն են հայ պարարվեստի:

- Պարը մեր հնամենի պատմության մեջ խոշոր դերակատարում է ունեցել: Եթե ժամանակի ընթացքում հայկական պարարվեստն արժեւորվեր այնպես, ինչպես մշակույթի մյուս ճյուղերը, մեր պարը մեծ զարգացում կունենար: 

- Մերօրյա պարային կատարումներն արտացոլո՞ւմ են մեր ժողովրդական պարերին բնորոշ դիմագիծը, առանձնահատկությունը;

- Այս հարցի շուրջ կարելի է շատ երկար խոսել: Կարծում եմ, որ կոլեկտիվների մեծամասնությունը չի ուսումնասիրում հայկական պարերի շարժողական համակարգը, բնույթը, տեսակները: Օտարածին շարժումներով աղճատում են մեր պարի ձեւն ու բովանդակությունը:  Հայերի հասարակական կյանքում պարը շատ մեծ նշանակություն է ունեցել, որի մասին վկայում է Պլուտարքոսը:  Հայտնի է նաեւ, որ Արամի տոհմը 5-րդ դարում տոնախմբությունների ժամանակ կերպարանափոխված, դիմակներով պարեր են ներկայացրել: Այսօրվա պարուսույցները չեն ուսումնասիրում հայկական պարի ողջ ժառանգությունը, եւ այս առումով, կարծում եմ, որ ոչ միայն Հայաստանում, այլեւ Սփյուռքում շատ վատ է հայկական պարի վիճակը:  Միայն տեսնեք, թե ինչ տարազներով են ներկայացնում հայկական պարը եւ ազգային պարի քողի տակ ինչ անճաշակ շարժումների համակարգ են ներկայացնում օտար հանդիսատեսին:  Այստեղ նաեւ շատ մտահոգված եմ այն առումով, որ պարի զարգացման հայեցակարգ չունի մեր երկիրը,  մշակույթի, պարարվեստի ոլորտը դուրս է մնացել այդ դաշտից: Մենք չենք տեսնում, օրինակ, առաջիկա 5 տարվա ընթացքում ազգային պարը ի՞նչ ուղղությամբ պիտի զարգանա եւ ո՞րն է այն գործիքակազմը, որով կարող ենք մեր ազգային պարը բերել միջազգային խաչմերուկներ:  «Բերդ» անսամբլը դա անում  է շատ բարձր մակարդակով, եւ միջազգային բեմերում  ներկայացնում է հայկական պարը հավուր պատշաճի:

- Մինչեւ Սրբուհի Լիսիցյանի՝ հայոց էթնիկ պարերի շարժումների գրառման համակարգի ստեղծումը, հայկական պարն արդյոք ժամանակի ընթացքում աղճատումների չի ենթարկվել:

- Որպեսզի ճիշտ եւ օբյեկտիվ կարողանանք քննարկել  պարարվեստի այսօրվա վիճակը, անհրաժեշտ է պարզել նրա զարգացման սկզբունքային խնդիրները, ազգային պարերի առանձնահատկությունները: Ես խորությամբ ուսումնասիրում եմ հայկական պարերի ժառանգականությունը: Սրբուհի Լիսիցյանը հավաքագրել է պարեր, գրի առել 3 հատորի տեսքով, որը համարվում  է մեր պարի «Աստվածաշունչը»:  Նրանից հետո եղել են մարդիկ, որոնք շարունակել են նրա թողած ժառանգությունը, պարահավաքչության աշխատանքը, այդ թվում՝ մեր տաղանդավոր բալետմաստեր Ազատ Ղարիբյանը, Արտաշես Կարապետյանը, անհամեստություն չթվա՝  նաեւ մենք ենք այդ գործն անում: Դաշտադեմից մինչեւ Զոլաքար հավաքագրում ենք այդ պարերը:  Ժողովրդի ստեղծածը «Բերդ» պարային անսամբլը վերադարձնում է ժողովրդին՝ նոր փայլով, նոր գեղագիտությամբ, նոր շարժումների համակարգով:  Այս իրողությունը ինձ հույս է տալիս ասելու, որ հայկական պարը զարգացման լայն ճանապարհ ունի անցնելու:

Հունիսի 26-ին ԿԳՄՍ նախարարության «Ազգային պարի ակունքներում » դրամաշնորհային ծրագրում մենք հաղթել ենք` ներկայացնելով Սասնա ժողովրդական բացառիկ պարերի մի ամբողջական շարք՝ 10 րոպե տեւողությամբ, տարազների ճշգրիտ մեկնաբանմամբ: Երկրորդն անում ենք «Վասպուրականը»: Հենց հիմա մենք այդ աշխատանքներով ենք զբաղված: Ճշգրտությամբ, բացառիկ նմուշներ, որոնք դեռ բեմ չեն բարձրացել. հենց այդ նմուշներն ենք ներկայացնում՝ տարազների ճշգրիտ մեկնաբանմամբ, շարժումների ամբողջական համակարգով, երաժշտությունների ճշգրիտ մեկնաբանմամբ, նոր գործիքավորմամբ:

- Պարոն Գևորգյան, ԿԳՄՍ նախարարությունը որոշել է մի քանի պարային համույթներ եւ անսամբլներ միավորել  եւ ստեղծել մեկ կառույց, ի՞նչ կարծիք ունեք, այս փոփոխությունը կարո՞ղ է դրական ազդեցություն ունենալ անսամբլների գործունեության վրա:

- Նախարարությունն ուզում է պարարվեստի ոլորտում ավելի արդյունավետ աշխատանք տեսնել, ինձ թվում է, որ միավորումը ճիշտ է: Այսօր պարարվեստի դաշտում բոլորին հավասար պայմաններ տրված չեն, ստեղծագործական կոլեկտիվների համար հավասար պայմաններ ստեղծված չեն: Հետեւաբար՝  կարծում եմ, որ մշակույթի ոլորտում համապատասխան փոփոխություններ պետք է իրականացվեն, գան մարդիկ, ովքեր ունեն ստեղծագործական լավ մտքեր, երեւակայություններ: Միավորումը հավասար պայմաններ կստեղծի խմբերի համար:

Զրուցեց՝ Լիանա Սարգսյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]