Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանի գործողությունների հետևանքով Հայաստանում քաղաքացիական անձանց վիրավորումների դեպքերի առնչությամբ

ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանի գործողությունների հետևանքով 
Հայաստանում քաղաքացիական անձանց վիրավորումների դեպքերի առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգները շարունակում է խիստ մտահոգիչ համարել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը։

«Մենք խորապես մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող հարձակումների առնչությամբ։ Մենք այս շարունակական հարձակումներին ականատես ենք լինում երկրորդ օրը շարունակ։ Մենք մասնավորապես խիստ մտահոգված ենք Հայաստանի ներսում քաղաքացիական անձանց վիրավորումների մասին տեղեկությունների առնչությամբ»,- նշել է Փրայսը։

Նա հիշեցրել է, որ ռազմական գործողություններից կարճ ժամանակ անց պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ «Նա մեր խորը մտահոգությունն է հայտնել սահմանին իրականացվող ռազմական գործողությունների՝ այդ թվում և Հայաստանի ներսում հրետակոծությունների մասին տեղեկությունների առնչությամբ։ Նա կոչ է արել նախագահ Ալիևին անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները, կանգնեցնել զինված ուժերի գործողությունները և հետ քաշել ուժերը սահմանից, ինչպես նաև դադարեցնել որևէ տեսակի ռազմական գործողություն, որը կարող է վտանգել քաղաքացիական անձանց կյանքը, աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր կարևոր խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու ուղղությամբ։

Մենք թե՛ այս համատեքստում, թե՛ դրանից առաջ, երկու առաջնորդներին բոլոր մակարդակներում հստակ ասել ենք, որ այս խնդիրը չի կարող ռազմական կարգավորում ունենալ։ Եվ մենք կոչ ենք արել երկու կողմերին զերծ մնալ հետագա ռազմական գործողություններից ու ներգրավվել երկխոսության ու դիվանագիտության մեջ»,- հայտարարել է Փրայսը։

Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը շարունակում է լինել Բաքվում, որտեղ նախօրեին հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Իսկ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդն իր հերթին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

«Մենք շարունակում ենք հանձնառու լինել՝ անելու հնարավոր ամեն բան՝ առաջ մղելու Հարավային Կովկասի խաղաղ և բարեկեցիկ ապագան»,- հայտարարել է պետդեպի խոսնակը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am