ՀՀ ՄԻՊ-ը միջազգային գործընկերներին է ներկայացրել Ադրբեջանի ԶՈՒ կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ զեկույց
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը սեպտեմբերի 19-ին առցանց հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) գործադիր տնօրեն Էլեոնոր Մորելի և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Իլյա Նուզովի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմից, Պաշտպանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների վերաբերյալ արտահերթ զեկույցը՝ հատուկ անդրադարձ կատարելով կյանքի իրավունքի, խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի բացարձակ արգելքի խախտումներին, ինչպես նաև քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմանը:
Պաշտպանը պատասխանել է նաև գործընկերների հարցերին և ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանության ներկայիս իրավիճակը Հայաստանում։