Երևանում՝ 11:07,   30 Մայիս 2024

Հայտնի են «Մանկական Եվրատեսիլ»-ի այս տարվա խորհրդանիշն ու կարգախոսը

Հայտնի են «Մանկական Եվրատեսիլ»-ի այս տարվա խորհրդանիշն ու կարգախոսը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հայտնում են, որ 16 երկիր կմասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հանրային հեռուստաընկերության տարածած հաղորդագրությունից, այդ երկրներն են Ալբանիան, Իռլանդիան, Իտալիան, Իսպանիան, Լեհաստանը, Հայաստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Ղազախստանը, Մալթան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Սերբիան,  Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը, Վրաստանը, Ֆրանսիան։ Միացյալ Թագավորությունը, որը Ուկրաինայի փոխարեն հյուրընկալելու է «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը, 2005 թվականից ի վեր առաջին անգամ կմասնակցի մրցույթին։

Անցած տարի Փարիզում «Քամի, քամի» երգով Մալենայի հաղթանակի շնորհիվ Հայաստանն է կազմակերպում 20-րդ «Մանկական Եվրատեսիլը», որի ընթացքում կհնչեն 9-14 տարեկան երիտասարդ արտիստների նոր երգեր։

Այս տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթն իր 20-րդ պտույտն է կատարում արևի շուրջը։ Շեշտը դնելով փոքրիկներին ուրախություն և զվարճանք բերող այս անվերջ շրջապտույտի վրա՝ Հանրային հեռուստաընկերությունն ընտրել է «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսը։

Մրցույթի այս տարվա խորհրդանիշը միջազգայնորեն ճանաչված խաղալիք է՝ հոլը, որի այս տեսակը հատուկ է հայկական մշակույթին և զարդարված է ազգային նախշերով։ Այդ նախշերը Հայաստանում կարելի է տեսնել պատմական-ճարտարապետական հուշարձանների, գորգերի և հագուստի վրա։ Ավանդական փայտե խաղալիքներին տրվել է նեոնային տեսք, որն արտացոլում է ժամանակակից Հայաստանը։

«Մեզ համար չափազանց կարևոր էր ընտրել մի այնպիսի խորհրդանիշ, որը կարտացոլեր և՛ հրաշքի գաղափարը, և՛ «Մանկական Եվրատեսիլի» 20-ամյակը, և՛ կմիավորեր մասնակից բոլոր մանուկներին: Վստահ եմ՝ բոլորս այս խաղալիքի հետ կապված լավ հիշողություններ ունենք։ Կոնցեպտի վրա աշխատելիս պարզ դարձավ, որ հոլ ունեն գրեթե բոլոր երկրները, և ամեն մեկինը առանձնահատուկ է յուրովի։ Սա հրաշալի արտացոլում է նաև «Մանկական Եվրատեսիլի» արժեքները՝ բոլոր միավորվում են հրաշքի, երաժշտության և ուրախության գաղափարի շուրջը և, միևնույն ժամանակ, առանձնանում են իրենց երգով ու ելույթով»,- ասել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։

«Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի գործադիր ղեկավար Մարտին Օստերդալն էլ նշել է, որ ուրախ են այս տարի Երևանում ողջունելու երիտասարդ, տաղանդավոր արտիստների 16 երկրից, որոնք մասնակցելու են 20-րդ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին։

«Մեծ ոգևորությամբ ենք վերադառնում Հայաստանի մայրաքաղաք ավելի քան տասը տարի անց, որպեսզի պտտենք հրաշքը այս հոբելյանական երեկոյի ընթացքում և բարի վերադարձ մաղթենք Միացյալ Թագավորությանը՝ «Եվրատեսիլ 2023»-ը հյուրընկալող երկրին։ Հանրային հեռուստաընկերության մեր գործընկերներն այնքան լի են էներգիայով, ոգեշնչվածությամբ և ստեղծարարությամբ։ Անհամբերությամբ սպասում ենք դեկտեմբերին կայանալիք այս դիտարժան շոուին»,-նշել է նա:

«Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 11-ին։

Հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Սահմանային իրավիճակով պայմանավորված` Հանրային հեռուստաընկերությունը հետաձգել էր «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի բրենդինգի հրապարակման օրը: Այնուամենայնիվ, մրցույթի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, և ըստ ժամանակացույցի՝ վերջնաժամկետները փոփոխել այլևս հնարավոր չէր:

«Հուսով ենք, որ «Մանկական Եվրատեսիլի» կազմակերպչական աշխատանքները և բուն մրցույթը կանցկացվեն խաղաղության պայմաններում, և մեզ հնարավորություն կտրվի երեխաներին իրական երաժշտական տոն պարգևել Երևանում»,- ասել են կազմակերպիչները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am