Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Արցախում պետական աջակցության ծրագրերով կխթանվի արևային ջրատաքացուցիչների և էլեկտրակայանների օգտագործումը

Արցախում պետական աջակցության ծրագրերով կխթանվի արևային 
ջրատաքացուցիչների և էլեկտրակայանների օգտագործումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հաշվի առնելով արևային ջրատաքացուցիչների էներգաարդյունավետությունը, Արցախում 2023 թվականի  բյուջետային տարում նախատեսվում է պետական աջակցության գործող ծրագրում ընդգրկել նաև գազաֆիկացված համայնքները:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի էներգետիկայի բաժնի պետ Արմեն Մեջլումյանը՝ հավելելով, որ  աջակցման մոդելը կձևափոխվի, որը ենթակա է լրացուցիչ քննարկման:

«Կառավարության ծրագրի համաձայն՝ չգազաֆիկացված բնակավայրերի բնակիչ- բաժանորդների համար արևային ջրատաքացուցիչների ձեռքբերման և տեղադրման գործընթացը մեկնարկել էր այս տարվա օգոստոս ամսից, որի ընթացքը, սակայն, ադրբեջանական սեպտեմբերյան ռազմական ագրեսիայի հետևանքով որոշ ժամանակ խաթարվել էր: Այս պահին հայտ ներկայացրած 155  շահառուից ծրագրից օգտվել է 66-ը՝  Ստեփանակերտի Նոր Արեշ թաղամասում, Մարտունու շրջանի Կոլխոզաշեն, ՆՆգի, Պառավաթումբ, Կաղարծի և Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր, Ճանկաթաղ, Կիչան համայնքներում:  Ընդ որում 31 արևային ջրատաքացուցիչ տեղադրվել է միայն Կոլխոզաշեն համայնքում, ինչը նշանակում է, որ գյուղի տնային տնտեսությունների գրեթե 50 տոկոսը ձեռք է բերել նշված համակարգերը»,-մանրամասնեց Մեջլումյանը՝ նշելով, որ տեղադրվող  արևային ջրատաքացուցիչների  արժեքի 50 տոկոսը ֆինանսավորում է պետությունը, իսկ մնացածը բնակիչ-բաժանորդը: Սոցիալական որոշակի խմբերի պատկանող 33 ընտանիքի  այդ հարցում աջակցել է Հայ օգնության միությունը:

Ներկայում, մեր զրուցակցի տեղեկատվությամբ,  արևային ջրատաքացուցիչների տեղադրման ծրագրից օգտվելու համար 9 համայնքից հայտագրված է ևս  90 շահառու, որից 28-ը ընտրված են ՀՕՄ Արցախի միավորի կողմից:

Ուսումնասիրելով բնակիչների կողմից ներկայացված հայտերը՝ արձանագրվել է, որ նույն բնակավայրի բնակիչները հիմնականում ընտրում են միևնույն մատակարար ընկերությունը՝  պայմանավորված  նրա  առաջարկած արժեքի մատչելիությամբ:

«Այն համայնքներում, որտեղ տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, բնակչությունը հավաստիանում է արևային ջրատաքացուցիչների օգտակարության հարցում, ինչը լրացուցիչ խթան է հանդիսանում դրանց ձեռքբերման և տեղադրման հարցում: Փորձը ցույց է տալիս, որ բնակիչներն առաջնորդվում  են էներգետիկ ծախսերը նվազեցնելու տրամաբանությամբ, սակայն շահագործելուց հետո իրենց գոհունակության աղբյուրը դառնում է հենց մեծ ծավալով տաք ջուր ունենալու փաստը»,-ասաց գերատեսչության բաժնի պետը՝ ընդգծելով, որ արևային ջրատաքացուցիչների տեղադրման շնորհիվ չգազիֆիկացված համայնքում բնակչի էներգետիկ ծախսերը կրճատվում են տարեկան միջինը 80 հազար դրամի չափով, իսկ արդեն 2-3 տարի  հետո նա լիովին անվճար տաք ջուր կունենա։ 

Պետական ծրագրով անցած տարի 16 արևային ջրատաքացուցիչներով  են ապահովվել նաև Արցախում գործող «Երկարօրյա դպրոցներ»-ը:

Արցախի կառավարության կողմից ընթացիկ տարվա մարտին հաստատվել է նաև բյուջետային և համայնքային բոլոր հաստատություններն էլեկտրաէներգիա արտադրող արևային կայաններով ապահովելու ծրագիրը: Արդեն իսկ 4 կիլովատ հզորությամբ արևակայաններ են շահագործման հանձնվել  Ասկերանի շրջանի վարչակազմի, Մարտունու արհեստագործական ուսումնարանի շենքերում,  իսկ 10 կիլովատ հզորությամբ՝ Ստեփանակերտի համար 3 և համար 7 դպրոցներում:

«Ծրագրի նպատակը տվյալ կազմակերպության էլեկտրաէներգիայի սպառման սեփական կարիքները բավարարելն է: Օրինակ 4 կիլովատ հզորությամբ արևային կայանի դեպքում հնարավոր է  տարեկան մինչև 300 հազար դրամի չափով խնայողություն ունենալ, իսկ 10 կիլովատի դեպքում՝ մինչև 700 հազար դրամի:

Բացի այդ, տվյալ կազմակերպությունները հանդես կգան որպես էլեկտրաէներգիայի ինքնավար արտադրող: Ներկայում օրենսդրական դաշտը թույլ է տալիս, որպեսզի էլեկտրաէներգիայի ավելցուկը  վաճառվի մատակարար՝ «Արցախէներգո» ընկերությանը:

Տեղադրվում են հիբրիդային և ցանցային կայաններ: Մասնավորապես, հիբրիդային արևակայանը հնարավորություն է ընձեռում նաև արտադրած էներգիայի ավելցուկը պահեստավորել՝ ինչը նաև ռազմավարական կարևորություն ունի»,-ներկայացրեց Մեջլումյանը՝ ավելացնելով, որ ծրագիրը շարունակական կլինի և 2023-2025 թվականների միջնաժամկետ ծրագրով, հավանական է, որ երկու տարվա ընթացքում լրիվությամբ կապահովվեն արևակայաններով:

ՏԿԵ նախարարության էներգետիկայի բաժնի պետը նշեց, որ  պատերազմից հետո Արցախը կարողանում է ապահովել էներգիայի ներքին պահանջարկի միայն 57 տոկոսը, իսկ մյուս մասը ներկրվում է Հայաստանի Հանրապետությունից:

«Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաև այն, որ էլեկտրալարերն  անցնում են   Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքներով, ներկա դրությամբ իրականացվում է կառավարության ծրագիր՝ էլեկտրաէներգետիկ ցանցի անվտանգության և հուսալիության բարձրացման ուղղությամբ։ Այդ շրջանակներում էլեկտրաէներգիայի օդային գծերը փոխարինվում են մալուխայինով, վերազինվում են բարձր հզորությամբ ենթակայաններ»,-ասաց Ա. Մեժլումյանը:

Նրա խոսքով՝ էլեկտրաէներգիայի սեփական պահանջարկը բավարարելու նպատակով կխթանվի արևային էներգիայի օգտագործումը:

«Արցախի բնակլիմայական պայմաններն այդ առումով բարենպաստ են: Մեր տարածքում 1 քառակուսի մետր հորիզոնական մակերևույթի վրա արևի հոսքի ներուժը կազմում է  տարեկան մոտ 1400 կիլովատ  ժամ»,-եզրափակեց ոլորտի պատասխանատուն: 

Վան Նովիկով

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am