Երևանում՝ 11:07,   25 Մայիս 2024

Հոկտեմբերի 27-ի գործի ամբողջական բացահայտման համար նույնիսկ այս պահին կա հնարավորություն. Անդրանիկ Քոչարյան

Հոկտեմբերի 27-ի գործի ամբողջական բացահայտման համար նույնիսկ այս պահին կա 
հնարավորություն. Անդրանիկ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այս պահին էլ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության ամբողջական բացահայտման համար հնարավորություն է տեսնում, այսպիսով` ՀՀ գլխավոր դատախազին հորդորում է հետևողական լինել այս հարցով : «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում:

«Հոկտեմբերի 27-ի շարունակաբար չբացահայտված լինելը մեզ չի տալիս հնարավորություն, որ մեր երկրում ներքին համերաշխություն կառուցենք և կասկածամտությունը հանենք մեր երկրի ներքին կյանքից: Ուստի, օրվա խորհրդին համահունչ, խնդրում եմ, որ նոր գլխավոր դատախազը հետևողական լինի Հոկտեմբերի 27-ի բացահայտմանն առնչվող բոլոր խնդիրների կապակցությամբ: Նույնիսկ այս պահին կա հնարավորություն՝ Հոկտեմբերի 27-ի ամբողջական բացահայտման համար»,-ասաց Քոչարյանը:

Նրա խոսքով՝ շատ կարևոր վկաներ մահացել են, բայց նաև կան դրա բացահայտմանը հասնելու հեռանկարներ:  Ըստ պատգամավորի՝ եթե այսքան տարի որևէ առաջընթաց չի եղել այս առումով, նշանակում է՝ խանգարող հանգամանքներ են եղել, և այդ խանգարող հանգամանքները անպայման նույնպես պետք է բացահայտվեն:

1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանը եղբոր, քեռու և մի քանի այլ անձանց հետ իրականացրել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա հարձակում, որը տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Գործողությունների հետևանքով զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է:

Հոկտեմբերի 27-ի հարձակման ժամանակ զոհված, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը, 2019 թվականի դեկտեմբերի 18-ին դիմել էր Գլխավոր դատախազություն՝ պահանջելով վերացնել Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասի կարճման որոշումն ու սկսել նոր քննություն։ Բախշյանի բողոքը բավարարվել էր, քրեական գործի վարույթը կարճելու մասին նախաքննության մարմնի 2004 թվականի նոյեմբերի 11-ի որոշումը վերացվել էր, և քրեական գործով նախաքննությունը հանձնարարվել էր ԱԱԾ-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am