Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ը չի զիջի նախորդ մրցույթներին. ստեղծագործական թիմը հիշարժան շոու է խոստանում

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ը չի զիջի նախորդ մրցույթներին. ստեղծագործական 
թիմը հիշարժան շոու է խոստանում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթի ստեղծագործական կազմը վստահեցնում է, որ երևանյան շոուն, որն անցկացվելու է դեկտեմբերի 11-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հիշարժան է լինելու. լուսավոր, գեղեցիկ և համապատասխան բոլոր միջազգային չափանիշներին: Մրցույթի շրջանակում հյուրերը ոչ միայն ելույթներով կներկայացնեն իրենց յուրահատուկ շոուները, այլև հնարավորություն կունենան ծանոթանալու Հայաստանի պատմությանն ու մշակույթին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը մրցույթի հաղորդակցության ղեկավար Աննա Օհանյանը հիշեցրեց, որ մրցույթի այս տարվա խորհրդանիշը միջազգայնորեն ճանաչված խաղալիք է՝ հոլը, որի այս տեսակը հատուկ է հայկական մշակույթին և զարդարված է ազգային նախշերով։ Այդ նախշերը Հայաստանում կարելի է տեսնել պատմական-ճարտարապետական հուշարձանների, գորգերի և հագուստի վրա։ Ավանդական փայտե խաղալիքներին տրվել է նեոնային տեսք, որն արտացոլում է ժամանակակից Հայաստանը։

«Հոլն իր կախարդական պտույտներով բոլոր երեխաներին հրավիրում է հավատալ հրաշքին, և մեր կարգախոսն է՝ «Պտտի՛ր հրաշքը»»,-շեշտեց Օհանյանը:

Մրցույթի գործադիր պրոդյուսեր Դավիթ Ծերունյանն էլ նշեց, որ Հայաստանը հյուրընկալում է  20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլ»-ը, ինչը շատ պարտավորեցնող է: «Դեկտեմբերի 4-ից սկսած մեր քաղաքում եվրատեսիլյան տարատեսակ միջոցառումներ են լինելու թե՛ քաղաքացիների, թե՛ պատվիրակությունների համար: Մրցույթի մասնակիցներին հնարավորություն ենք տալու ծանոթանալ մեր երկրի մշակույթին: Նրանք այցելելու են թանգարաններ, այլ մշակութային հաստատություններ ու տեսարժան վայրեր»,-ասաց Ծերունյանը:

Անդրադառնալով բեմին՝ պրոդյուսերն ընդգծեց, որ Հանրային հեռուստաընկերությունը և Եվրոպական հեռարձակողների միությունը շաբաթներ առաջ  սոցիալական հարթակներում հրապարակել են եվրատեսիլյան բեմի կոնցեպտը: Բեմն ստանալու համար ներքին մրցույթ է անցկացվել, որի շրջանակում հայ դիզայներներն առաջարկել են բեմի իրենց տարբերակները: «Մեր թիմի համար սկզբունքային էր հայ դիզայներներին իրենց գաղափարները ներկայացնելու հնարավորություն տալը: Ուրախ ենք, որ հաջողվել է, և բեմի կոնցեպտը մեծ արձագանք է գտնել մեր եվրոպական գործընկերների շրջանում: Բեմը յուրաքանչյուր պատվիրակի թույլ կտա սեփական հրաշքը ստեղծել բեմի վրա, քանի որ այն տեխնիկապես շատ ճկուն է»,-հավաստիացրեց նա:

Ծերունյանի խոսքով՝ «Մանկական Եվրատեսիլ»-ը ընտանեկան շոու է, և շոուի վրա աշխատել են թե՛ տեղի, թե՛ արտերկրի մասնագետները: Շոուն շատ դրական կլինի, կլինեն խաղեր, հումոր:

Մրցույթի ստեղծագործական մասի պատասխանատու Անուշիկ Տեր-Ղուկասյանն էլ նշեց՝ Հայաստանի շոուն չի զիջելու մինչ այդ մրցույթի ընթացքում կազմակերպված որևէ շոուի: Բացելով փակագծերը՝ նա ասաց, որ երեկոյին ելույթ կունենա «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան և կներկայացնի իր նոր երգը:

Հայաստան են հրավիրել մրցույթի բոլոր հաղթողներին, որոնք կկատարեն հաղթած երգերը: Հաղորդավարները ևս մրցույթով են ընտրվել: Նրանք երեքն են լինելու, սակայն  կազմակերպիչները չասացին, թե ովքեր են նրանք:

Հանդիպմանը պարզ դարձավ, որ մրցույթին Հայաստանը ներկայացնելու է 14-ամյա Նարե Ղազարյանը: Նա ասաց՝ կանի հնարավորը, որ պատվով հանդես գա: Նրա պրոդյուսերը Գրիգոր Կյոկչյանն է, պարուսույցը՝ Հովհաննես Սարգսյանը: «Նրանք են ինձ խորհուրդ տվել մասնակցել մրցույթին: Խոստանում եմ լավ ներկայանալ ու սիրով իմ հրաշալի երկրի հետ ծանոթացնել մեր հյուրերին»,-ասաց Նարեն:

Եվրատեսիլյան երգն արդն ընտրված է և շուտով հոլովակ կունենա: Հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, գործիքավորման հեղինակը՝  Նիկ Էգիբյանը: 

Մրցույթի տոմսերը վաճառվելու են առցանց հարթակում: Տոմսերը կարժենան 5000-30 հազար դրամ:  Երկրպագուները կարող են տոմսեր գնել և ներկա լինել նաև դեկտեմբերի 10-ին կայանալիք շոուին: Այն նույն շոուն է, որը կլինի դեկտեմբերի 11-ին, սակայն նախատեսված է միայն ժյուրիի անդամների համար: Այն եթեր է հեռարձակվում ոչ թե հեռուստադիտողների, այլ  բոլոր երկրներում մրցույթի ժյուրիի անդամների համար:

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի անցկացմանն աջակցել են ՀՀ կառավարությունն ու Երևանի քաղաքապետարանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]