Քաղաքականություն

Ֆրանսիայի ԱԺ-ում նախատեսում են ընդունել Բաքվի ագրեսիան դատապարտող և տարածաշրջանում տևական խաղաղության պահանջով բանաձեւ

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի ԱԺ-ում նախատեսում են ընդունել Բաքվի ագրեսիան դատապարտող և տարածաշրջանում տևական խաղաղության պահանջով բանաձեւ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկօրյա այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ հոկտեմբերի 29-ին այցելել են Սյունիքի մարզ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, оրենսդիրները Գորիսում հանդիպել են Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանի, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ:

«Վերջիններս հյուրերին մանրամասն ներկայացրել են սեպտեմբերյան ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետեւանքով մարզում ստեղծված իրավիճակը, խնդիրները: Նշվել է, որ հակառակորդը թիրախավորել է խաղաղ բնակչությանը, վիրավորվել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող գյուղացիներ: Բարձրաձայնվել են ՀՀ ինքնիշխան տարածքից գյուղացիների` խոշոր եղջերավոր մեծաքանակ անասուններ գողանալու դեպքեր: «Այս ամենին զուգընթաց ոչ մի գյուղացի չի լքել իր բնակավայրը»,- ասել է Գորիս համայնքի ղեկավարը: Հայկական կողմը կարեւորել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի վարած քաղաքականության հասցեական դատապարտումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հյուրերը նշել են, որ Ֆրանսիայի խորհրդարանում իրենք ներգրավված են հայկական հարցերի բարձրաձայնմանը վերաբերող գործընթացներում եւ այսօր էլ ցանկանում են տեղեկացնել թե' Ֆրանսիայի եւ թե' միջազգային հանրությանն ու գործընկերներին Հայաստանի ինքնիշխան տարածքների հանդեպ ադրբեջանական ագրեսիայի մասին: «Հյուրերը նշել են, որ առաջիկայում Ֆրանսիայի խորհրդարանում նախատեսում են ընդունել ադրբեջանական ագրեսիան դատապարտող եւ տարածաշրջանում տեւական խաղաղության հաստատում պահանջող բանաձեւ»,- հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Նշվում է, որ Սյունիքի փոխմարզպետի ուղեկցությամբ ֆրանսիացի օրենսդիրներն այցելել են նաեւ Ադրբեջանի ռազմական գործողություններից տուժած Վերիշեն ու Վաղատուր գյուղեր, ծանոթացել ագրեսիայի հետեւանքով առաջացած ավերածություններին:

Անդրադարձ է կատարվել տեւական ժամանակահատվածում դիտորդական առաքելության տեղակայմանը, տնտեսական փոխգործակցությանը, ինչպես նաեւ քույր-քաղաքներ Գորիսի եւ Վիենի միջեւ համագործակցությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում