ԱԺ եվրոինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահը միջազգային խորհրդաժողովում ներկայացրել է ՀՀ-ի վրա Բաքվի հարձակման նպատակները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հրավերով նոյեմբերի 9-10-ը գտվում է Վիլնյուսում` մասնակցելու «Ժողովրդավարության ապագան» խորագրով բարձր մակարդակի խորհրդաժողովին։
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարությունից, խորհրդաժողովում մոտ երեսուն երկրների ու կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվում են ժողովրդավարական պետություններին և համակարգերին սպառնացող ժամանակակից մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները։
Ըստ աղբյուրի՝ նոյեմբերի 10-ին կայացած քննարկման ընթացքում Արման Եղոյանը ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած խնդիրները, մասնավորապես, Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման ու ագրեսիվ քաղաքականության հեռահար նպատակներն ու խորքային դրդապատճառները։