Քաղաքականություն

Ադրբեջանը ցանկանում է ճնշում գործադրել Արցախի բնակիչների վրա, որ նրանք լքեն իրենց հողը.  Արցախի պետնախարարն՝ իտալական TEMPI-ին

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանը ցանկանում է ճնշում գործադրել Արցախի բնակիչների վրա, որ նրանք լքեն իրենց հողը.  Արցախի պետնախարարն՝ իտալական TEMPI-ին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել իտալական հեղինակավոր TEMPIպարբերականին՝ ներկայացնելով ադրբեջանական շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի պետական նախարարի աշխատակազմից, նա ընդգծել է, որ իրավիճակը բարդ է, սակայն արցախահայությունը մտադիր չէ հանձնվել և շարունակելու է պաշտպանել սեփական հողում ապրելու իր իրավունքը:

«Մենք ամբողջովին կտրված ենք արտաքին աշխարհից և արդեն բազմաթիվ հումանիտար խնդիրներ ունենք: Նման իրավիճակում շատ կարևոր է դառնում օդային կամրջի անհրաժեշտությունը»,- ասել է Վարդանյանը՝ ընդգծելով, որ Արցախի շրջափակման խնդիրը քննարկվել է ՄԱԿ Անվտանգության խորհրդում և ՄԻԵԴ-ում, և միջազգային ընդհանուր գնահատականով իրավիճակն անընդունելի է համարվել:

Խոսելով ադրբեջանական կեղծ բնապահպանական պահանջների մասին, պետնախարարն ասել է.«Նրանք ամենևին էլ բնապահպաններ չեն, նրանք Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ են: Կարևորելով բնապահպանական խնդիրները՝ մենք առաջարկել ենք Ադրբեջանին միջազգային հանձնաժողով ձևավորել և ստուգել, թե արդյոք կա շրջակա միջավայրին հասցված վնաս, որի մասին հաղորդվում է: Բայց նրանք չեն համաձայնվել։ Այն, ինչ տեղի է ունենում, մանրակրկիտ ծրագրված է: Ադրբեջանցիների մտադրությունը քաղաքական է, ոչ թե բնապահպանական. նրանք ցանկանում են ճնշում գործադրել Արցախի բնակիչների վրա, որպեսզի վերջիններս լքեն իրենց հողը»:

Արձագանքելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հարցին՝ Վարդանյանը նշել է.«Հայերն ու ադրբեջանցիները տարբեր ազգեր են, տարբեր մշակույթ, տարբեր արժեքներ ունեն, բայց պետք է ելք գտնեն ապրելու որպես հարևաններ նույն տարածաշրջանում, առանց պատերազմելու միմյանց դեմ: Խաղաղության համաձայնագիր ձեռքբերելը դժվար է, բայց հնարավոր: Կարևոր է, որ Ադրբեջանը ճանաչի Արցախը: Վստահ եմ՝ եթե սկսենք այս կետից, լուծումը կգտնվի»:

Պատասխանելով Ադրբեջանի կողմից իրեն թիրախավորելու մասին հարցին՝ Ռուբեն Վարդանյանն ասել է, որ«Ադրբեջանը դա անում է, որովհետև ես կարող եմ Արցախի ժողովրդի ձայնն ավելի լսելի դարձնել, և սա խնդիր է Բաքվի համար: Մեր կառավարությունը փորձառու առաջնորդների կարիք ունի, Արցախը պետք է ավելի բաց և մրցակցային դառնա: Ես վստահ եմ, որ իմ հմտությունները կարող եմ ծառայեցնել իմ ազգին, և հենց սա է Ադրբեջանի թիրախավորման պատճառը»,- ամփոփել է Վարդանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում