Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը կշարունակի համագործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ վերջնական կարգավորման հասնելու համար. Նեդ Փրայս

ԱՄՆ-ը կշարունակի համագործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ վերջնական 
կարգավորման հասնելու համար. Նեդ Փրայս

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն իր գործընկերների հետ շարունակում է ներգրավված մնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրների լուծմանն ուղղված ջանքերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

«Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագայի խթանմանը: Մենք շարունակում ենք ներգրավված մնալ երկկողմանիորեն, համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, նաև միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է ԵԱՀԿ-ն՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող բոլոր առկա հիմնախնդիրներին լուծումներ գտնելու համար», - ասել է Փրայսը:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հիշեցրել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենի կողմից Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների միջև Վաշինգտոնում և Նյու Յորքում կազմակերպված հանդիպումների մասին:

«Մենք կշարունակենք անել այն, ինչը, մեր գնահատմամբ, լավագույն հեռանկարներն ունի՝ առաջ տանելու անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ Հարավային Կովկասի տարածաշրջանի տեսլականը: Մենք, իհարկե, ցանկանում ենք տեսնել, որ կողմերն իրենք են առաջընթաց գրանցում: Թե ինչպիսին է լինելու այս հակամարտության համապարփակ լուծումը, մեր որոշելու հարցը չէ: Դա ծանր աշխատանք է, որ կողմերն իրենք պետք է անեն», - ասել է պետքարտուղարության խոսնակը։

Նեդ Փրայսը դարձյալ շեշտել է, որ կշարունակի համագործակցել կողմերի հետ վերջնական լուծման հասնելու համար:

«Մենք ամենօրյա ռեժիմով ներգրավված ենք և կշարունակենք սերտորեն համագործակցել կողմերի հետ՝ երկկողմ, եռակողմ, ԵԱՀԿ-ի միջոցով, ինչպես նաև այլ գործընկերների միջոցով, որպեսզի օգնենք հասնել այդ վերջնական վիճակին», - նշել է Փրայսը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am