Հասարակական

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից 3 հիվանդներ տեղափոխվել են Հայաստանի ԲԿ-ներ

2 րոպեի ընթերցում

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից 3 հիվանդներ տեղափոխվել են Հայաստանի ԲԿ-ներ

ԵՐԵՎԱՆ,10 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից երեք հիվանդներ՝ «Վիճակ հիպոֆիզի մակրոադենոմայի հեռացումից հետո, ակրոմեգալիա, դիֆուզ խպիպ», «Վիճակ լյարդի փոխպատվաստումից և քիմիոթերապիայից հետո» և «Վահանաձև գեղձի պապիլյար կարցինոմա» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում էին բժիշկների հսկողության տակ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ երեք հիվանդներ հունվարի 10-ին տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

«Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 9 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը՝ հիվանդների վիճակը կայունացնելու համար:

Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 16 հիվանդ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում