Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 4 հիվանդ
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից չորս հիվանդներ՝ «Ձախակողմյան հիդրոնեֆրոզ», «Հղիություն I, 13 շաբաթական, քրոմոսոմային տրիսոմիայի բարձր ռիսկ՝ Դաունի համախտանիշ, հիպոթիերոզ», «Աջ կրծքագեղձի մուլտիցենտրիկ քաղցկեղ» և «Անհասների ռետինոպաթիա IV-V աստիճան, ծիածանաթաղանթի ռուբիոզ, եղջերաթաղանթի պղտորում, լեյկոկորիա, աֆակիա» ախտորոշումներով հունվարի 15-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասյ մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությունը։
Ըստ աղբյուրի՝ մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 28 հիվանդ։