Երևանում՝ 11:07,   27 Փետրվար 2024

ՀՀ վարչապետի տիկինն ընդունել է երգիչ Բարսեղ Թումանյանին և Վիեննայի Բեթհովեն կոնսերվատորիայի տնօրեն Սիրանուշ Գալոյանին

ՀՀ վարչապետի տիկինն ընդունել է երգիչ Բարսեղ Թումանյանին և Վիեննայի 
Բեթհովեն կոնսերվատորիայի տնօրեն Սիրանուշ Գալոյանին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մարտի 22-ին ընդունել է հայ oպերային երգիչ, բաս, Հայաստանի ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանին և Վիեննայի Բեթհովեն կոնսերվատորիայի տնօրեն Սիրանուշ Գալոյանին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, Սիրանուշ Գալոյանը մասնագիտությամբ երաժիշտ է, երկար տարիներ ապրում է Ավստրիայում: Երկու տարի առաջ Ավստրիայի մայրաքաղաքում հիմնել է Վիեննայի Բեթհովեն կոնսերվատորիան:

«Կոնսերվատորիայի հովանավորն է գերմանական Bechstein համերգային դաշնամուրներ արտադրող ընկերությունը, որի հետ Սիրանուշ Գալոյանը նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել՝ Հայաստանի երաժշտական կրթական հաստատություններին ավելի քան 30 ռոյալ կամ դաշնամուր նվիրաբերելու հարցում:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նկատել է, որ քայլն ընդունելի է և խրախուսել, առաջարկել շարունակել հանդիպումներն ու քննարկումները, ներկայացնել ավելի դետալային ծրագիր և համագործակցությունը տեղափոխել գործնական դաշտ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ Հայաստանում այս պահին 166 արվեստի, գեղարվեստի և երաժշտական դպրոց է գործում, որից 27-ը մայրաքաղաքում: Դպրոցներից 124-ի համար վերջին տարիներին ձեռք է բերվել 659 երաժշտական գործիք՝ 22 դաշնամուր, 171 լարային, 137 փողային գործիքներ, 329 ազգային նվագարաններ: Ըստ նախարարի՝ որակյալ երաժշտական գործիքների՝ մասնավորապես դաշնամուրների կարիք միշտ կա՝ երաժշտական դպրոցից մինչև անգամ բարձրագույն ուսումնական հաստատությունների համար:

Նշվում է, որ Սիրանուշ Գալոյանը մանրամասնել է, որ դաշնամուրների նվիրաբերությունը առաջին քայլն է: Նպատակ կա Հայաստանի հետ գործակցությունը ավելի խորացնել՝ մրցույթների անցկացում, ուսանողների փոխանակման ծրագիր կրթական հաստատությունների միջև: Նպատակ կա բարենպաստ պայմաններ ստեղծել, որ Հայաստանից երիտասարդները կարողանան կրթություն ստանալ նաև Վիեննայի Բեթհովեն կոնսերվատորիայում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]