Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Քոչարյանը խոստանում է քննարկել Նիկոլ Փաշինյանի և Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ քննիչ հանձնաժողովի բաց նիստ անելու առաջարկը

Քոչարյանը խոստանում է քննարկել Նիկոլ Փաշինյանի և Դավիթ Տոնոյանի 
մասնակցությամբ քննիչ հանձնաժողովի բաց նիստ անելու առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է, որ կքննարկեն Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի առաջարկը՝ իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հանձնաժողովի բաց նիստ անցկացնելու վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Տոնոյանի հայտարարությանը:

«Չկասկածեք, որ առաջարկը կքննարկվի: Եվ, եթե հնարավոր լինի, կտանք լուծումներ»,-ասաց Քոչարյանը:

Քոչարյանը չհամաձայնեց Տոնոյանի այն հայտարարության հետ, որով նա կասկածի տակ է դրել հանձնաժողովի անկողմնակալությունը: «Եթե ինքը ցանկանում է գալ հանձնաժողով, այստեղ կողմնակալության խնդիր չէ: Կողմնակալության խնդիրը կլուծվի, երբ մասնակիցները կհնչեցնեն հարցեր, եթե անհրաժեշտ է, այդ հարցերը հասանելի կլինեն բոլորին»,-ասաց Քոչարյանը:

Անդրադառնալով Դավիթ Տոնոյանի մտքին, որ 44-օրյա պատերազմին վերաբերող, դրան նախորդած և հաջորդած ու դասակարգված տեղեկատվության որոշ հանգամանքների, տեղեկությունների ծանոթ չէ՝ Քոչարյանը շեշտեց, որ Տոնոյանը պաշտպանության նախարար է եղել:  «Շատ հանգամանքների հետ կապված մենք հարցեր ունենք հնչեցնելու: Այնպես որ՝ իր ծանոթ լինել-չլինելը կապ չունի մեր աշխատանքների հետ: Ինքն ինչո՞ւ պետք է ծանոթ լինի: Մենք իր պաշտոնավարման ընթացքին վերաբերող շատ հարցերի պատասխաններ պետք է ստանանք նաև իրենից»,-ասաց հանձնաժողովի նախագահը:

Ավելի վաղ Դավիթ Տոնոյանը տարածած հայտարարությամբ վերահաստատել էր, որ պատրաստ է կրել իր բաժին պատասխանատվությունը: Ուստի առաջարկեկ է իր ու Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացնել քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ, որի ընթացքում կպատասխանեն հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերին:

Տոնյանը նաև ասել էր, որ 44-օրյա ռազմական գործողություններին վերաբերող, դրանց նախորդող, ինչպես նաև հաջորդող տեղեկատվությունը դասակարգված է, որին ինքը չի կարող տիրապետել իր կալանքի պատճառով, ինչը որակել էր ապօրինի:

Բացի այդ, Տոնոյանը կարծիք էր հայտնել, թե անկախ փորձագետների և ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների բացակայությունը քննիչ հանձնաժողովի նիստերին ոչ միայն հարցեր է առաջացնում վերջինիս աշխատանքի անկողմնակալության վերաբերյալ, այլև պարարտ հող է հանդիսանում քաղաքական շահարկումների, զրպարտանքների եւ դիլետանտական բամբասանքների շարունակության համար:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր ցանկություն հայտնել, որ քննիչ հանձնաժողովում իր հարցաքննությունը լինի հրապարակային, պատրաստվում է պատմել, թե որն է եղել 2020-ի հոկտեմբերի 19-ին թուղթ չստորագրելու պատճառը, ինչի մասին խոսել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am