Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սեռական բռնության դեպքերի չնչին մասն է տեղափոխվում իրավական հարթություն. Շիրակի «Կանանց իրավունքների տան» հիմնադիր

Սեռական բռնության դեպքերի չնչին մասն է տեղափոխվում իրավական 
հարթություն. Շիրակի «Կանանց իրավունքների տան» հիմնադիր

ԳՅՈՒՄՐԻ,  7  ՄԱՅԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասնագետները վկայում են՝ սեռական բռնության  դեպքերը շատ են, բայց ամոթի ու մատնացույց լինելու հանգամանքը լռեցնում են տուժողներին: Խնդիրը հիմնականում առկա է ողջ Հայաստանում, սակայն դեպքերը մարզերում կրկնակի շատ են, ինչը ոչ միայն տուժողների իրավունքների իրազեկման պակասի հետ է կապված, այլև մտածելակերպի: Շիրակի մարզում խնդրով զբաղվող «Կանանց իրավունքների տուն» կենտրոնի հիմնադիր Կարինե Դավթյանը  «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց. «Դեպքերը շատ են, բայց ամոթի ու մատնացույց լինելու հանգամանքը լռեցնում է տուժողներին»:

2022 թվականին կազմակերպության կողմից Շիրակի մարզում արձանագրված 163 ընտանեկան բռնության դեպքերից 19-ը սեռական բռնության դեպքեր էին, իսկ 2023 թվականի առաջին եռամսյակում արդեն 7 դեպք է արձանագրվել: «Դեպքերն ավելի շատ են, բայց այս մասին խոսել խուսափում են շատերը, կամ էլ, լավագույն դեպքում, ասում են՝ չեմ ուզում խոսել դրա մասին: Այնպես որ, արձանագրված 19 դեպքը իրական պատկերը չէ՝ տուժածների գրեթե  90 տոկոսը չի ուզում խոսել դրա մասին»,- նշում է Կարինե Դավթյանը՝ տեղեկացնելով, որ հիմնական թիրախը կանայք և աղջիկներն են և անչափահաս երեխաները: Կանայք և աղջիկներն առավել շատ են տուժում, քանի որ ոչ միայն ընտանիքում են բռնության ենթարկվում, այլ նաև աշխատանքային հարաբերությունների ժամանակ: «Կանայք ավելի շատ են գործատուների ու գործընկերների կողմից սեռական ոտնձգությունների ենթարկվում: Ի դեպ, սեռական ոտնձգությունը ոչ միայն կոնկրետ գործողությունն է, այլ նաև որոշակի հայացքը, բառերը կամ ժեստերը, որոնք որպես սեռական բռնություն չի ասոցացվում մարդկանց մոտ»,- նշում է պատասխանատուն:

Շատ հաճախ  կանայք ու աղջիկները սեռական բռնության ենթարկվելուց հետո չեն դիմում բժիշկի, իսկ երբ երեխաներն են ենթարկվում սեռական բռնության, ծնողները կա՛մ չեն հավատում, կա՛մ էլ չեն բարձրաձայնում՝ հիմնականում փոքր գյուղական բնակավայրերում: Մեծ մասի համար դա պատվի հարց է ու, խնդիրը թաքցնելով, իրենց կարծիքով, մոռանում են խնդրի մասին, մինդեռ հոգեբանները փաստում են՝ խնդիրը թաքցնելով, հետագայում  երեխան լուրջ խնդիրների առաջ է կանգնում:  «Ծնողների կարծիքով՝ խնդիրը թաքցնելը պայմանավորված է երեխային չհավատալու կամ հետագայում չթիրախավորելու հանգամանքով»,- նշում է Կարինե Դավթյանը՝ փաստելով՝ երբ Շիրակի մարզում դեմ առ դեմ  հետազոտությունն են անցկացրել, մարդիկ խուսափել են խոսելուց, իսկ առցանց հարթակում՝ անանուն հարցման ժամանակ,  ցուցանիշն այլ է: Կարինե Դավթյանը նաև նշում է, որ կազմակերպության կողմից արձանագրված սեռական բռնության դեպքերից իրավական հարթություն շատ չնչին տոկոսն է տեղափոխվում:

Արմենուհի Մխոյան       

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]