Երևանում՝ 11:07,   27 Մայիս 2024

Գյումրում եզրափակվեց HAY-AT JAZZ փառատոնը

Գյումրում եզրափակվեց HAY-AT JAZZ փառատոնը

ԳՅՈՒՄՐԻ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ի բակում, մայիսի 7-ին, Վահագն Հայրապետյանի և Արտյոմ Մանուկյանի կատարումներով  եզրափակվեց HAY-AT JAZZ ամենամյա ջազային փառատոնը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Հայը՝ ջազում, ջազը՝ բակում…» ենթախորագրով փառատոնն այս տարի անցկացվում էր 5-րդ անգամ. մայիսի 5-ից սկսած ջազային համերգների հարթակներն էին  Գյումրու թանգարանների բակերը։

Համերգի ավարտին Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը  շնորհակալություն հայտնեց «Մանուկյան» ընկերությանը և երաժիշտներին՝ այս օրերին քաղաքին ջազային տրամադրություն պարգևելու համար: «Այս անմիջական մթնոլորտն ու բակերն են մեզ ուժ տալիս: Սա հրաշք էներգետիկ դաշտ է»,-համերգի ավարտին «Արմենպրես»-ին իր տպավորությունները փոխանցեց հայտնի ջազմեն Վահագն Հայրապետյանը՝ վստահեցնելով՝ Գյումրի էլի է գալու:

«Սա շատ լավ ավանդույթ է, որը պետք է զարգացնել: Եթե այս փառատոնն այսուհետ ավելի լուրջ աջակցություն ստանա պետության և քաղաքապետարանի կողմից, կարծում եմ՝ աջակցությունը կտա այնպիսի արդյունք, որ անգամ աջակցողները չեն կարող պատկերացնել»,- նշեց «Ջազի հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կամո Մովսեսյանը: 

HAY-AT JAZZ-ի գաղափարը ծնվել է 2016 թվականին և կյանքի կոչվել 2017-ին: Ընդմիջում ունեցել է միայն 2018 և 2021 թվականներին:  Այս տարի փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ:

Արմենուհի Մխոյան       


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am