Երևանում՝ 11:07,   4 Մարտ 2024

Փառքի ճանապարհն աշխատասիրությունն է. Եվրոպայի չեմպիոն Գոռ Սահակյան

Փառքի ճանապարհն աշխատասիրությունն է. Եվրոպայի չեմպիոն Գոռ Սահակյան

ՎԵԴԻ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական սպորտային իրականությունը կարելի է բաժանել երկու մասի՝ ծանրամարտի Եվրոպայի՝ Երևանում կայացած առաջնությունից առաջ և դրանից հետո: Հայաստանի ծանրամարտի ընտրանին նոր էջ գրեց ոչ միայն մեր երկրի, այլ նաև համաշխարհային սպորտի համար: Տղամարդկանց հավաքականի 10 մասնակիցներից 10-ն էլ մեդալ նվաճեցին: Նրանց շարքում առաջին ոսկին նվաճեց Գոռ Սահակյանը:

Գոռի հետ մեր հանդիպումը կայացավ Մարտին Վարդանյանի անվան Վեդու քաղաքային մանկապատանեկան մարզադպրոցում, որտեղ մեր հանդիպումից հետո նա պետք է հերթական մարզումն անցկացներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Սահակյանը պատմեց իր անցած ճանապարհից,  թե ինչպես է գերվել ծանրամարտով ու ինչ նպատակներ ունի իր առաջ դրած:

 HM2_0966.JPG (466 KB)

-Գոռ, պիտի խնդրեմ սկզբի համար պատմեք, թե ինչպե՞ս և ե՞րբ եք սկսել հետաքրքրվել ծանրամարտով:

-Ի սկզբանե մեծ եղբայրս էր մարզվում ծանրամարտով: Եկել էի նայելու Վեդիի առաջնությունը, որին նա մասնակցում էր և հաղթեց: Ինձ ոգևորեց այդ փաստը և սիրեցի ծանրամարտը: Հենց նա էլ ինձ բերեց ծանրամարտի մարզադպրոց և ընդունեց մարզադպրոց: Փոքրամարմին էի և առաջին մարզիչս չընդունեց ինձ, բայց հաջորդ օրը Պողոս Պողոսյանի մոտ եկանք, ով վերցրեց ինձ մարզումների: Ու քանի որ մարզաձևի տեխնիկական հատվածին տիրապետում էի, միանգամից էլ սկսեցի մարզումներս:

-Իսկ քանի՞ տարեկան էիք այդ ժամանակ:

- 8 տարեկան էի: Դրանից երեք ամիս անց մասնակցեցի Վեդիի առաջնությանը և հաղթեցի: Ինչն էլ ոգևորեց ինձ:

HM2_0890.JPG (628 KB)

-Իսկ ձեր ավագ եղբայրը դեռևս ծանրամարտով զբաղվո՞ւմ է:

-Ոչ, նա այլևս չի մարզվում: Մասնակցեց պատերազմին և վերադարձից հետո էլ չշարունակեց:

-Արդյոք եղե՞լ է մի պահ, որը բեկումնային էր, որից հետո հասկացաք, որ, այո, ծանրամարտը Ձեր  մարզաձևն է:

-Մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությանը մասնակցեցի 15 տարեկանում, դարձա չեմպիոն և հենց այդ առաջնությունից հետո իմ մեջ ինչ-որ բան փոխվեց: Մինչ այդ էլ էի հավատում, որ ծանրամարտն իմն է, բայց այդ առաջնությունից հետո էր, որ մեջս եղած ուժը կրկնապատկվեց:

-Երբեմն չե՞ք հոգնում: Ոչ թե ֆիզիկապես, այլ բուն մարզաձևից:

-Այն կարծիքին եմ, որ եթե ունես նպատակ, չես կարող, չպիտի հոգնես: Այո, մարզումները ծանրաբեռնված են: Բայց, ոչ, չեմ հոգնում:

HM2_0834.JPG (456 KB)

-Ո՞րն է Ձեր հաջորդ նպատակը, երբ արդեն  իսկ Եվրոպայի չեմպիոն եք:

-Յուրաքանչյուր մարզիկի մեծագույն նպատակն Օլիմպիական խաղերն են: Առաջ չեմ ընկնում, ես դեռ 19 տարեկան եմ, և առաջ Աստված, տեսնենք՝ ինչ կլինի: Այո, ինձ ջանասեր աշխատանք է սպասվում:

-Ինչպիսի՞ն է կյանքը ապրիլի 17-ից հետ (հեղ. Գոռ Սահակյանը Եվրոպայի չեմպիոն դարձավ ընթացիկ տարվա ապրիլի 17-ին):

 -Եթե անկեղծ` հպարտ եմ, որ կարողացել եմ ուրախության պահ պարգևել հայ ազգին: Ուրախ եմ, որ սկսել են ինձ ճանաչել ոչ միայն Վեդիում, այլ նաև Երևանում: Բայց այս ամենից հետո կրկնապատկվել է այն պատասխանատվությունը, որը մինչ չեմպիոնությունը կար: Հիմա բոլոր սպասում են հաջորդ մրցաշարին: Ես էլ Եվրոպայի առաջնության ավարտից երկու օր անց վերսկսել եմ մարզումներս:

HM2_1212.JPG (931 KB)

-Ասում են, որ մարզիկների դեպքում երկու տարբերակ է գործում. տաղանդ կամ ջանասեր աշխատանք: Դուք տաղանդավոր ե՞ք, թե՞ աշխատասեր:

-Ավելի շատ աշխատասեր եմ: Երբեմն լսում եմ, որ ուժը գեներով է փոխանցվում, սակայն մեր ցեղում չկա այդպիսի մեկը: Փառքի ճանապարհն աշխատասիրությունն է:

-Ձեր քաշային կարգն օլիմպիական չէ: Բայց չկա զինվոր, որը չի ուզում գեներալ դառնալ և չկա մարզիկ, ով չի ուզում օլիմպիական մեդալ ունենալ: Արդյոք արդեն իսկ մտածում ե՞ք օլիմպիական քաշում հանդես գալու մասին, թե վաղ եք համարում:

-Մտածում եմ, բայց չեմ շտապում, քանի որ տարիքս թույլ է տալիս: Սեպտեմբերին` աշխարհի առաջնության ավարտից հետո, կմտածեմ քաշային կարգի փոփոխության մասին: Բայց քաշի փոփոխությունը հեշտ գործ չէ: 73 կգ-ում հանդես կգամ, բայց այդքանը բավարար չէ: Պետք է նաև հարմարվեմ այդ քաշին, մկանային զանգված հավաքեմ: Ես ինձ 2028 թվականի Օլիմպիական խաղերում եմ տեսնում:

HM2_1151.JPG (670 KB)

-Ո՞րն է ապագայի այն պահը, որի համար աշխատում եք հիմա:

-Սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունը: Գիտեմ, որ առավել դժվար է լինելու: Բայց մենք մեր մրցակիցներին լավ ենք ճանաչում: Առաջ չընկնելով` մեծ աշխատանք ունեմ անելու:

-Գոռ, ինձ մոտ տպավորություն է, որ Եվրոպայի առաջնությունից հետո Դուք գերմոտիվացված եք:

-Այո, ճիշտ եք: Մեծահասակների Եվրոպայի չեմպիոնության զգացումը բացարձակ այլ էր: Առավել մեծ է պատասխանատվությունը, բայց ուզում եմ կրել այդ պատասխանատվությունը:

-Դեռ շատ երիտասարդ եք: Բայց վաղ թե ուշ գալու է այն օրը, երբ պիտի հեռանաք սպորտից` ճանապարհը զիջելով երիտասարդ սերնդին: Ինչպե՞ս կուզեք, որ Ձեզ հիշեն:

-Գիտեք, մարզիչս միշտ կրկնում է՝ Եվրոպայի, աշխարհի չեմպիոն կլինեք, բայց առաջին հերթին լավ մարդ եղեք: Ես հենց այդպես էլ կուզեի, որ ինձ հիշեն, պարզապես լավ մարդ:

HM2_1145.JPG (778 KB)

-Եթե տեսնեիք Աստծուն, ի՞նչ կասեիք:

-Շնորհակալություն կհայտնեի: Ոչնչի չես կարող հասնել, եթե Աստծով չառաջնորդվես: Ամեն մի գործս առաջին հերթին Աստծուն եմ թողնում: Ծանրամարտի այս ճանապարհն էլ սկսել եմ Աստծով, նրա օգնությամբ էլ ավարտին եմ հասցնելու:

-Գոռ, և մի քանի բլից հարցեր. պաղպաղա՞կ, թե՞ պիցցա:

-Պաղպաղակ:

-Թո՞մը, թե՞ Ջերին:

-Ջերին:

-Լե՞ռ, թե՞ ծով:

-Լեռ:

-Գի՞րք, թե՞ ֆիլմ:

-Գիրք:

-Աշխարհի առաջնության ոսկե մեդա՞լ, թե՞ Օլիմպիական խաղերի բրոնզ:

-Օլիմպիական խաղերի բրոնզ:

HM2_1173.JPG (713 KB)

-Սո՞ւրճ, թե՞ թեյ:

-Թեյ:

-Պոկո՞ւմ, թե՞ հրում:

-Հրում:

-Խորովա՞ծ, թե՞ դոլմա:

-Դոլմա:

-Կատո՞ւ, թե՞ շուն:

-Շուն:

-Զանգե՞լ, թե՞ հաղորդագրություն  ուղարկել:

-Զանգել:

-Ինստագրա՞մ, թե՞  ֆեյսբուք:

-Ինստագրամ:

-Ջո՞ւր, թե՞ կրակ:

-Ջուր:

-Մեսի՞, թե՞ Ռոնալդու:

-Մեսի:

-Գոռ, ի սրտե շնորհակալ եմ հաճելի զրույցի համար:

 

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Լուսանկարները` Հայկ Մանուկյանի

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]