Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Միջազգային հարթակներում Կիպրոսն ու Հայաստանն արդյունավետ համագործակցում են. ՀՀ ԱԺ նախագահ

Միջազգային հարթակներում Կիպրոսն ու Հայաստանն արդյունավետ 
համագործակցում են. ՀՀ ԱԺ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության  ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կիպրոս Գիորգալիսին (նստավայրը՝ Մոսկվա):

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել վերջին տարիներին Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ ձեւավորված միջպետական եւ բազմոլորտ հարաբերությունները: Նա երախտագիտություն է հայտնել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի գործընկերներին 2023 թվականի ապրիլի 6-ին «Հայերի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիան եւ Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ» բանաձեւի միաձայն ընդունման համար:

Հանդիպմանն ընդգծվել է երկու խորհրդարաններում գործող համագործակցության հանձնաժողովների դերը՝ կարեւորելով օրեր առաջ ՀՀ ԱԺ Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հայկ Կոնջորյանի գլխավորած պատվիրակության այցը Կիպրոս: Բարձր է գնահատվել միջազգային տարբեր կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում բարեկամ երկրների պատվիրակությունների միջեւ սերտ եւ արդյունավետ համագործակցությունն ու փոխաջակցությունը:

«Կիպրոս կատարած իմ պաշտոնական այցից մի միտք է տպավորվել, երբ գործընկերներս ասացին, որ Կիպրոսը պատրաստ է ստանձնել Հայաստանի փաստաբանի դերը Եվրամիությունում»,- նշել է Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ Հայաստանը եւս պատրաստ է աջակցել Կիպրոսին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել 2023 թվականի ընթացքում Կիպրոսում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություն բացելու կառավարության որոշմանը: Այս համատեքստում խորհրդարանի նախագահը հույս է հայտնել, որ փոխադարձության սկզբունքով Կիպրոսը Հայաստանում նույնպես ներկայացուցչություն կբացի:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը ողջույններ է փոխանցել Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուին՝ հույս հայտնելով, որ նրան շուտով կհյուրընկալի Հայաստանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am