Երևանում՝ 11:07,   23 Փետրվար 2024

Համահայկական խաղերը միտված են հայերի համախմբվելուն, հայկական միասնականությանը. Իշխան Զաքարյան

Համահայկական խաղերը միտված են հայերի համախմբվելուն, հայկական 
միասնականությանը. Իշխան Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսին տեղի են ունենալու 8-րդ համահայկական խաղերը, ինչի կապակցությամբ ամիսներ առաջ Կառավարության որոշմամբ ստեղծվել է կազմկոմիտե։ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն «Արմենպրես»-ի հետ զրուցում նկատեց՝ 25 տարի առաջ ծնված գաղափարի հիմքում համահայկականությունն է, հայկական աշխարհի ամրությունը:

Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

  -Պարոն Զաքարյան, մայրաքաղաքի ամենաբանուկ հատվածում՝ Հանրապետության հրապարակում, նախկին ԱԳՆ շենքի վրա հայտնվել են Համահայկական խաղերի մեծ պաստառները։ Ո՞ր փուլում են միջոցառման կազմակերպման աշխատանքները:

- Ինչպես գիտեք, օգոստոսին տեղի են ունենալու 8-րդ համահայկական խաղերը, Կառավարության որոշմամբ ամիսներ առաջ ստեղծվել է կազմկոմիտե։ Գումարվել է երեք նիստ, տրված են հանձնարարականներ։ Դրանից հետո տեղի է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր։ Մի խոսքով՝ արված է հսկայական աշխատանք, առջևում ավելի շատ գործ կա դեռ անելու. Նոր հարցեր են ծագում, նոր խնդիրներ։ Բայց դրանք բոլորը լուծվելու են, ոչ մի դժվարություն մեզ չի վախեցնում, ունենալու ենք շատ լավ ու շատ կարևոր մարզական խաղեր։

- Որքանո՞վ է նպատակահարմար այս դժվար, խառը պայմաններում նման միջոցառում կազմակերպելը։ Չկա՞ մտավախություն, որ հանրության չի ընկալվի:

- Հե՛նց դժվար ժամանակներում է այս գաղափարը առավել կարևոր, հե՛նց դժվար ժամանակներում է համահայկականությունը կարևորվում։ Հե՛նց դժվար ժամանակներում չպետք է վախենալ ու պատասխանատվություն վերցնել՝ լավ գործ, դժվար գործ, կարևոր գործ անելու համար։ Հանգիստ, հեշտ ժամանակներում ով ասես՝ կանի։ Խոսում ենք համախմբվելու, հայկական միասնականության մասին. սա հենց դրան է միտված։ Սա լինելու է մեծ տոն, որն ունի շատ խորքային շերտեր։

1111226.jpg (50 KB)

 - Կա՞ որևէ առանձնահատկություն, որով այս համահայկական խաղերը տարբերվելու են նախորդներից։

- Տարբերություններ իհարկե, կան. տարբերվելու են աշխարհում տիրող իրավիճակով, տարածաշրջանում տիրող վիճակով, Արցախի շրջափակումով և այլ բարդություններով։ Իհարկե, կարելի էր ձեռքներս ծալել, ոչինչ չանել։ Բայց մեր միանշանակ կարծիքն էր, որ այդ բոլոր դժվարությունները շատ լավ հասկանալով հանդերձ՝ պետք է անցկացնել Համահայկական 8-րդ խաղերը։ Այս տեսակետը պաշտպանեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն, ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց կազմկոմիտե և սկսվեցին աշխատանքները։

Մեծացնելու ենք խաղերի աշխարհագրությունը. Օրինակ, Միջին Ասիայում մենք ունենք լավ համայնքներ, բայց նրանք նախկինում ներգրավված չեն եղել։ Եղել եմ Միջին Ասիական պետություններում, հանդիպել ու բանակցել եմ տեղի հայերի հետ, պայմանավորվել ենք միասին աշխատել։ Եղել եմ Մոսկվայում, որտեղ կարևոր հանդիպումներ եմ ունեցել ՌԴ սպորտի նախարարի հետ, Մոսկվայի կառավարության սպորտի դեպարտամենտի ղեկավարի հետ: Եղել եմ Մինսկում, հանդիպել եմ Բելառուսի սպորտի նախարարի հետ, մանրամասն քննարկումներ եմ ունեցել մեր դեսպանի հետ: Եղել եմ Փարիզում, Համբուրգում, Ստամբուլում, Թեհրանում: Առաջիկայում էլ պլանավորված են այցեր Վրաստան և արաբական երկրներ։ Գործը տանելու ենք առաջ։ Կանխատեսում եմ ևս 3-4 պետությունների հայ համայնքների մասնակցություն, որոնք մինչ այդ չէին մասնակցում Համահայկական խաղերին։ Իսկ մասնակիցների ընդհանուր թիվը 5000-ից ավել է կանխատեսվում։ Կարծում եմ՝ հասկանալի է միջոցառման մասշտաբայնությունը և աշխարհագրական ընդգրկումը։

- Այնուհանդերձ, ի՞նչ գաղափար է թաքնված Համահայկական խաղերի հիմքում, ո՞րն է միջոցառման հիմնական նպատակը:

- 25 տարի առաջ ծնված գաղափարի հիմքում համահայկականությունն էր, հայկական աշխարհի ամրությունը։ Սերունդներ են փոխվում, սերունդներ են մեծանում օտար երկրներում, օտար միջավայրերում, որոնք հայերենին արդեն դժվար են տիրապետում, կամ՝ ընդհանրապես չեն տիրապետում: Կապերը կտրվում են ոչ միայն հայրենիքի հետ, այլև՝ համայնքների միջև։ Համահայկական խաղերը, մեծ մարզական տոնի միջոցով, հայկականության, հայապահպանության, հայաստանակենտրոն հայության միավորման գաղափարն է։ Ավելի վերքաղաքական, վերանձնային, վեր ամեն մասնավոր շահից գաղափար այսօր դժվար է գտնել։

-  Համահայկական նախորդ խաղերն Արցախում էին, այսօր Արցախը շրջափակման մեջ է։ Կկարողանա՞ն այս տարի Արցախից թիմեր մասնակցել:

- Մտածում ենք, աշխատում ենք այդ ուղղությամբ, եկեք առաջ չընկնենք։ Մի բան կարող եմ վստահ ասել՝ Արցախը միշտ լինելու է համահայկականության առանցքում, այդ թվում՝ Համահայկական խաղերի։

Նախորդ խաղերի ջահը վառեցիք պատմական Կիլիկիայում՝ Մուսա լեռում, 2015 թ. Մեծ եղեռնի 100-ամյակի ջահը վառեցիք Վանում (Ախթամար կղզում)։ Որտե՞ղ է վառվելու այս խաղերի ջահը։

-Այս հարցն ամենաշատն են ինձ տալիս։ Պատասխանը մեկն է՝ սպասեք հետաքրքիր անակնկալների, կամ, ավելի ճիշտ՝ դանդաղ շտապեք։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]