Երևանում՝ 11:07,   23 Փետրվար 2024

Ծանրամարտն իմ էության մի մասն է. Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյան

Ծանրամարտն իմ էության մի մասն է. Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյան

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ծանրամարտի դպրոցը եղել և մնում է աշխարհում լավագույններից մեկը: Ժամանակի ընթացքում ավագներին երբեմն փոխարինելու են գալիս հենց իրենց որդիները: Այս պարագայում Երևանում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացահայտումներից մեկը Գարիկ Կարապետյանն էր: 102 կգ քաշային կարգում հանդես եկող Կարապետյանը հայ ծանրորդ Ալեքսանդր Կարապետյանի որդին է: Գարիկի հետ մեր հանդիպումը կայացավ Գյումրիում` մի մարզադահլիճումը, որը կիսախարխուլ վիճակում էր, սակայն հենց այս դահլիճից ենք աշխարհին տվել մեծանուն ծանրորդների, և այդ ընթացքը չի կանգնել: Գարիկն իր առօրյա մարզումներն էր անցկացնում հոր` Ալեքսանդր Կարապետյանի ներկայությամբ: Նրա հետ նույն դահլիճում պատանիներ էին, որոնք, անխոս, հայկական սպորտի ապագան են: Նրանք տեսնում էին Եվրոպայի չեմպիոնին, մարզվում նրա կողքին ու, վստահաբար, գիտեն երազանքները իրականություն դարձնելու գինը:

2023.06.02_16.40.00.95.JPG (859 KB)

«Արմենպրես»-ի հետ զրույցում Գարիկ Կարապետյանը վերհիշեց երևանյան Եվրոպայի առաջնությունը, որտեղ հավաքականը պատմական արդյունք գրանցեց, պատմեց իր անցած ճանապարհից ու ապագայի պլաններից:

-Գարիկ, խնդրում եմ, պատմեք Ձեր մասին:

-Ծանրամարտով սկսել եմ հետաքրքրվել 13-14 տարեկանից: Հայրս տարավ ինձ այդ ճանապարհով: Կարող եմ հանգիստ ասել, որ այն պահից, ինչ մտել եմ ծանրամարտի մարզադահլիճ, ծանրամարտն իմ էության մի մասն է:  

-Ծանրամարտը Ձեր ընտանիքի մարզաձևն է: Ի՞նչ եք սպասում այս մարզաձևից:

-Եթե անկեղծ, ծանրամարտում նոր-նոր են սկսվել հաջողություններս: Բայց ուզածս Եվրոպայի առաջնության չեմպիոնությունը չէ միայն: Չեմ բավարարվելու այսքանով: Բայց պիտի անկեղծ ասեմ, հենց ամենասկզբում, երբ նոր էի գալիս, չէի սիրում այն ամենն, ինչ անում էի:  Ժամանակի ընթացքում սկսեցի սիրել ամեն ինչ, ինչը կապված է ծանրամարտի հետ: Հիմա ապրում եմ այս մարզաձևով: Ձգտելու եմ հասնել այն նվաճումներին, որոնք ունի հայրս և անցել նրան: Ուզում եմ օլիմպիական ոսկին, ինչին հայրս չի հասել իր կարիերայի ընթացքում:

-Իսկ ինչպիսի՞ խորհրդատու է Ձեր հայրիկը:

-Մենք ծանրամարտի մասին զրուցում ենք միայն մարզադահլիճում, իսկ տանն առհասարակ չենք էլ քննարկում: Տանը զուտ հայր և որդի ենք, մարզադահլիճում մարզիչ և մարզիկ փոխհարաբերություններն են:

2023.06.02_15.54.02.46.JPG (858 KB)

-Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունում դարձաք Եվրոպայի չեմպիոն: Ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում ապրիլից հետո:

-Գիտեք, ոչինչ էլ չի փոխվել: Ամեն ինչ նույնն է, ես այն Գարիկն եմ, որը կար Եվրոպայի առաջնությունից առաջ: Թեպետ, արդեն սկսել են դրսում ինձ ճանաչել, ինչը ոգևորիչ է և ստիպում է նորից առավելագույնին ձգտել:

-Արդեն 2 ամսից ավել ժամանակ է անցել: Ի՞նչն ես ամենաշատը հիշում Եվրոպայի առաջնությունից:

-Ինձ համար շատ մեծ էր պատասխանատվությունն այս առաջնությունում, քանի որ մեր հողում էինք այն ընդունել ու սխալվելու իրավունք չունեինք: Բայց ամենաշատը հիշում եմ երկրպագուներին, մարդկանց, նրանց էմոցիաները և պոկում վարժության երրորդ մոտեցումը (ծիծաղում է. հեղ):

2023.06.02_16.12.39.71.JPG (523 KB)

-Ի դեպ, պոկում վարժության երրորդ մոտեցման ժամանակ ի՞նչ տեղի ունեցավ: Միթե լարվածությունն էր պատճառը:

-Ոչ, լարվածություն չկար, բնավ չկար: Հակառակը, շատ հանգիստ էի, քանի որ մարզումների ժամանակ բարձրացրել էի առավել բարձր կիլոգրամներ: Երրորդ մոտեցման ձախողումն էլ հենց դրա հետևանքն էր: Ինձ մոտ, կարծես, հակառակն է. մարդիկ հուզմունքից են ձախողվում, իսկ ես՝ հանգստությունից:

2023.06.02_16.23.58.49.JPG (465 KB)

-Ասում են սպորտում մեծ բարձունքների հասնում են տաղանդավորները կամ աշխատասերները: Ձերը տաղա՞նդն է, թե՞ աշխատասիրությունը:

-Կարո՞ղ եմ չպատասխանել այդ հարցին:

-Ինչո՞ւ:

- (Ծիծաղում է. հեղ) Շուրջբոլորս ասում են տաղանդը կա, բայց աշխատասեր չեմ:

-Դուք հանդես եք գալիս 102 կգ քաշային կարգում, որն ամենաբարդ քաշային կարգերից  մեկն է ծանրամարտում: Ինչպե՞ս եք պատրաստվում մրցակցել ավագ սերնդի հետ:

-Հիմա դեռ չեմ էլ մտածում մրցակցությունների մասին: Երիտասարդ եմ, դեռ խոսք ունեմ ասելու երիտասարդական առաջնություններում, հատկապես, որ իմ պլաններում այս տարի կա նաև երիտասարդական առաջնությունների մասնակցելը: Կենտրոնացած եմ մարզումներիս վրա:

2023.06.02_16.35.11.90.JPG (519 KB)

-Որն է հաջորդ քայլը, որի համար աշխատում եք այսօր:

-Նպատակս աշխարհի մեծահասակների առաջնությունն է: Բացի այդ, հուլիսին պիտի մասնակցեմ երիտասարդների Եվրոպայի առաջնությանը: Հոկտեմբերին էլ երիտասարդների աշխարհի առաջնությունն է:

-Մարզիկների մեծագույն երազանքը` Օլիմպիական խաղերը, սարերի հետևում չեն: Ձեզ Փարիզի՞, թե՞ Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերում եք տեսնում:

-Նախ ամեն ինչ կանեմ Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցելու համար, բայց եթե չստացվի էլ, ապա 2028 թվականին Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերն էլ մեծագույն նպատակ են:  

2023.06.02_16.16.18.94.JPG (438 KB)

-Դեռ շատ երիտասարդ եք, բայց վաղ թե ուշ գալու է այն օրը, երբ պիտի հեռանաք սպորտից` ճանապարհը զիջելով երիտասարդ սերնդին: Ինչպե՞ս կուզեք, որ Ձեզ հիշեն:

-Եթե հաջողեմ, ապա որպես Օլիմպիական խաղերի չեմպիոն և որպես լավ մարդ:

-Գարիկ, շնորհակալ եմ զրույցի համար:

 

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Լուսանկարները` Հայկ Մանուկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]