Երևանում՝ 11:07,   4 Մարտ 2024

ԱՆԻՖ-ը կարող է անփոխարինելի օգտակար գործիք հանդիսանալ միջազգային ԲՍԿ ստանդարտները Հայաստան ներմուծելու համար. Իսիդորո Լուչիոլա

ԱՆԻՖ-ը կարող է անփոխարինելի օգտակար գործիք հանդիսանալ միջազգային ԲՍԿ 
ստանդարտները  Հայաստան ներմուծելու համար. Իսիդորո Լուչիոլա

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի անկախ անդամ Իսիդորո Լուչիոլայի համոզմամբ՝ թեև բավականին կարճ ժամանակահատվածին, ԱՆԻՖ-ն արդեն ունի մի շարք հաջողված համատեղ ներդրումային ծրագրեր: Այնուամենայնիվ, ըստ նրա ակնհայտ է, որ դեռ շատ բան կա անելու, բայց, եթե ԱՆԻՖ-ը և Հայաստանը շարունակեն գնալ այս ճանապարհով, նոր հաջողված պատմությունների համար շատ այլ մեծ հնարավորություններ կբացվեն տարբեր ոլորտներում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում` ֆինանսական ոլորտում իտալացի առաջատար գործիչ ու ձեռնարկատեր Իսիդորո Լուչիոլան ընդգծեց, որ դա, անկասկած, նշանակում է, որ իրենք  ճիշտ ուղու վրա են և որ քայլ առ քայլ  Հայաստանը կընկալվի որպես երկիր, որտեղ արժե ներդրում անել։

 - Պարոն Լուչիոլա, շնորհակալություն հարցազրույցի հնարավորության համար։ Խնդրում եմ, ասեք, ի՞նչ կապ կա  Ձեր և Հայաստանի միջև և այս համատեքստում ինչպե՞ս սկսվեց Ձեր համագործակցությունը Հայաստանի պետական հետաքրքությունների ֆոնդի (ԱՆԻՖ-ի) հետ: Ինչպե՞ս  դարձաք ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի անդամ:

Ինձ միշտ գրավել է աշխարհի այս հատվածը, և հատկապես՝ Հայաստանը։ Նրա պատմությունը, նրա մշակույթը և ժողովուրդը շարունակում են ինձ համար ոգեշնչման անհավատալի աղբյուր լինել, երբ խոսքը վերաբերում է հայ համայնքի համախմբվածությանը և ճկունությանը: Իմ կյանքի ընթացքում ես հնարավորություն եմ ունեցել ճանաչել մի քանի հայերի և տեսնել, թե որքան խելացի և ուժեղ են նրանք: Չմոռանանք նաև պատմամշակութային բազմաթիվ կապերը Հայաստանի և իմ երկրի՝ Իտալիայի միջև: Ահա թե ինչու ես, առանց վարանելու, 2019 թվականին ընդունեցի Դավիթ Փափազյանի  հրավերը:

ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդին անդամակցելը հրաշալի հնարավորություն է դարձել Հայաստանն ավելի լավ ճանաչելու և այս երկրի համար իսկապես օգտակար բան անելու համար: Ենթադրում եմ, որ Իտալիայի կառավարությանը պատկանող զարգացման կազմակերպությունը ղեկավարելու և մի քանի միջազգային ինքնիշխան ֆոնդերի նախաձեռնման հարցերում ունեցած իմ փորձը եղել է ընտրության չափանիշ՝ ԱՆԻՖ-ին միանալու հրավերը ստանալու համար:

-Որքանո՞վ է կարևոր ինքնիշխան ֆոնդերի դերը ժամանակակից աշխարհում երկրների տնտեսությունների համար։ Ո՞րն է առաջնայինը՝ ներդրումների ներգրավո՞ւմը, տնտեսական հզորացո՞ւմը, թե՞ այլ բան։

Մեր օրերում ինքնիշխան ֆոնդերը հիմնարար դեր են խաղում ժամանակակից տնտեսությունում: ԱՆԻՖ-ի վստահելիությունն ու լրջությունը ակնհայտ է դառնում, երբ տեսնում ենք բոլոր հրաշալի մարդկանց, ում պարոն Փափազյանն ընտրել է այս ծրագրի մասը լինելու համար: Այս առումով, ողջ աշխատակազմը հստակ գիտի սուվերեն ֆոնդի  ռազմավարական նպատակը՝ զարգացնել և ձևավորել սեփական երկրի տնտեսությունը՝ միաժամանակ բարձրացնելով բնակչության բարեկեցության մակարդակը:

Հիմնական առաջնահերթությունը կլաստերների զարգացումն է և ներդրումային օրակարգի ձևավորումը, ինչպես նաև միջնորդ լինելը կառավարության և ներդրողների միջև,  ֆինանսական մասնակցություն ունենալը: Այս գործառույթներն իսկապես կարևոր են նաև պոտենցիալ օտարերկրյա ներդրողների դեպքում, որոնք դեռ քիչ բան գիտեն Հայաստանի մասին:

-Պարոն Լուչիոլա, ըստ Ձեզ, ներդրումային ի՞նչ հնարավորություններ ունի Հայաստանը։ Ինչպիսի՞ գրավչություն և առաջարկ ունի այն ներդրումային տեսանկյունից։

Ես իսկապես հավատում եմ, որ Հայաստանում մի շարք ոլորտներում,  ներդրումներ կատարելը հիանալի հնարավորություն է, քանի որ ձեր մարդկային կապիտալն է ձեզ այդքան արժեքավոր դարձնում: Ելնելով այս հզոր ակտիվից և հաշվի առնելով քաղաքական ռիսկերի և տնտեսության ոլորտում բարելավումները` միջազգային ներդրումային միջավայրում Հայաստանի տեսանելիությունը կարող է ավելի լավ խթանվել։ Այս առումով, ես խորապես վստահ եմ, որ քայլ առ քայլ  Հայաստանը կընկալվի որպես երկիր, որտեղ արժե ներդրում անել։

-Այս համատեքստում, ո՞րն է ԱՆԻՖ-ի դերն ու նշանակությունը Հայաստանում:

Ես, թերևս մեկ անգամ ևս պետք է անդրադառնամ անհավանական և բարձր որակավորում ունեցող թիմին, որն օգնում է ԱՆԻՖ-ին ճանապարհ հարթել հաջող ներդրումների համար՝ միշտ լինելով գործընկեր օտարերկրյա ներդրողների համար, ովքեր փնտրում են մասնագիտական փորձ, աջակցություն և կառավարության հետ համատեղ ձեռնարկությունում մասնակցություն ունենալու հարմարավետություն։

-ԱՆԻՖ-ը որոշ ժամանակ գործում և արդեն հասցրել է հաջող ծրագրեր իրականացնել։ Ինչպե՞ս կգնահատեք ԱՆԻՖ-ի գործունեությունը:

Թեև մենք խոսում ենք բավականին կարճ ժամանակահատվածի մասին, ԱՆԻՖ-ն արդեն ունի է մի շարք հաջողված համատեղ ներդրումային ծրագրեր: Պարզապես նշենք դրանցից մեկը՝ Հայաստանը պատրաստվում է ունենալ  արդյունաբերական ծավալով առաջին ամենամեծ արևային կայանը՝ ԱՆԻՖ-ի և Մասդարի միջև 2020 թվականին ստորագրված համատեղ համաձայնագրի շնորհիվ։

Մեկ այլ հաջող նախագիծ է 2021 թվականին Էյր Արաբիայի հետ համատեղ`  Ֆլայ Արնա ազգային ավիաընկերության ստեղծումը: Այս և շատ այլ ծրագրերում ԱՆԻՖ-ի ներդրումներն ընդլայնվել են տեղական ձեռնարկությունների մեջ՝ շուկա բերելով միջազգային անուններ: Ակնհայտ է, որ դեռ շատ բան կա անելու, բայց ես կարծում եմ, որ եթե ԱՆԻՖ-ը և Հայաստանը շարունակեն գնալ այս ճանապարհով, նոր հաջողված պատմությունների համար շատ այլ մեծ հնարավորություններ կբացվեն տարբեր ոլորտներում (օրինակ՝ առողջապահություն, ժամանց և այլն: )

- Ինքնիշխան ֆոնդերի միջազգային ֆորումը (IFSWF) Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին շնորհել է ասոցացված անդամի կարգավիճակ: Սա ի՞նչ հնարավորություններ կտա Հայաստանին։

Պատասխանելով այս հարցին, պետք է ընդգծեմ, որ 12,4 տրիլիոն ԱՄՆ դոլարը գերազանցող ուղղակի կառավարվող ակտիվներով սուվերեն ֆոնդերը այժմ կարող են համարվել ամենաազդեցիկ ինստիտուցիոնալ ներդրողները համաշխարհային ֆինանսական շուկաներում և նրանց ակտիվությունը գնալով աճում է։ Նրանք ունեն իրենց երկրների տնտեսությունը զարգացնելու և ապագա սերունդների համար հարստություն ստեղծելու հիմնական առաքելություն։ IFSWF-ի՝ աճող միջազգային ազդեցիկ հաստատության ասոցացված անդամ նշանակվելը ոչ միայն տեսանելիություն է տալիս ԱՆԻՖ-ին և Հայաստանին, այլև հնարավորություն է տալիս կիսել լավագույն փորձը և ստեղծել հետագա կապեր համատեղ ներդրումների համար: Այնուամենայնիվ, ասոցացված անդամակցությունը ԱՆԻՖ-ի համար և՛ հաջողություն է, և՛ պարտավորություն՝ անելու ավելին՝ լիիրավ անդամակցության հասնելու համար՝ շարունակելով ԱՆԻՖ-ի կողմից ընտրված կայուն և «ազդեցություն ունեցող» ներդրումների ուղին:

- IFSWF  կողմից Իտալիայում անցկացված կայուն զարգացման միջոցառմանը ԱՆԻՖ-ի անունից մասնակցել եք նաև դուք: Արդյո՞ք կայունությունը կարևոր է սուվերեն ֆոնդերի ծրագրերի համար:

Դա իսկապես այդպես է: Պարզապես ուշադրություն դարձրեք IFSWF-ի միջոցառման թեմային՝ «Սուվերեն ֆոնդերի կայունության հետքը»: Կայունությունը ինքնիշխան ֆոնդերի իրական նպատակն է:

Նրանք ամենաակտիվ խաղացողներն են կլիմայի գլոբալ փոփոխության դեմ պայքարի նախաձեռնություններին աջակցելու գործում՝ նվազեցնելով արտանետումները և զարգացնելով վերականգնվող էներգիան և նորարարական տեխնոլոգիաները, ինչպես նաև բարելավելով սոցիալական ազդեցությունը՝ կայունության տեսանկյունից ավելի բարձր ներդրումային չափանիշների ընդունման միջոցով:

Երկարաժամկետ տեսլականով ինքնիշխան ինստիտուցիոնալ ներդրողները, որոնք ի սկզբանե չեն տրվում իրենց ներդրումները մակերեսային «կանաչ ներկելու» և  «կանաչ լվացման» գայթակղությանը, դառնում են ավելի արդյունավետ, քան կառավարությունները՝ բնապահպանական, սոցիալական և կառավարչական (ԲՍԿ)  բոլոր ոլորտները արդյունավետ կառավարելու քաղաքականություն որդեգրելու առումով:

ԱՆԻՖ-ը խթանում է կայուն ներդրումները և նաև պարտավորվում է խթանել ու աջակցել այն բիզնեսներին, որոնցում ներդրումներ է կատարում՝ համապատասխանելու բնապահպանական, սոցիալական և կառավարչական (ԲՍԿ)   լավագույն փորձին: Կարծում եմ, որ այս առումով դեռ շատ անելիքներ կան, բայց նաև վստահ եմ, որ ԱՆԻՖ-ը կարող է անփոխարինելի օգտակար գործիք հանդիսանալ միջազգային ԲՍԿ ստանդարտները երկիր ներմուծելու համար: Համաշխարհային մատակարարման շղթայի՝ ստանդարտներին համապատասխանեցումը դառնում է ավելի ու ավելի խիստ ԲՍԿ թեմաների վերաբերյալ, և հայ գործարար գործընկերները պետք է հետ չմնան սահմանված չափանիշներին համապատասխանելու հարցում: Այդ իսկ պատճառով ակնհայտ է, որ ԱՆԻՖ-ի պատասխանատվությունը խթանելու և աջակցելու կայունության հաստատմանը հանուն ավելի լավ Հայաստանի մեծ է և կարող է հանգեցնել հսկայական հաջողության:

Իսիդորո Լուչիոլան ֆինանսական ոլորտում իտալացի առաջատար գործիչ ու ձեռնարկատեր է և միջազգային գործարար աշխարհում ունի երկարամյա աշխատանքային փորձ:

Նա ներդրումային բանկերի և անկախ կորպորատիվ ֆինանսական կառույցի հիմնադիր նախագահն է։ Ի.Լուչիոլան հանդիսանում է Իտալիայում գործող բանկերի (վարկային գործակալությունների), ինչպես նաև Իտալիայի ֆինանսական շուկայի առաջատար խորհրդատվական և գործակալական ծառայությունների գծով խորհրդատու:

Նա եղել է իտալական և միջազգային խոշոր ընկերությունների, պրոֆեսիոնալ ներդրողների և բանկերի  ֆինանսական խորհրդատու: Իսիդորոն, որպես մենեջեր, մեծ փորձ ունի արդյունաբերական ընկերությունների և իտալական զարգացման նորաստեղծ բանկի (այն ամբողջությամբ պատկանում է Իտալիայի գանձապետարանին) կառավարման գործում:

 Ի.Լուչիոլան կառավարական կոմիտեների անդամ է, դասախոսում է Ուրբինոյի համալսարանի միջազգային ֆինանսների բաժնում և իր նվաճումների համար բազմիցս պարգևատրվել է Իտալիայում և արտերկրում:

Գայանե Գաբոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]