Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Լաչինի միջանցքի արգելափակումը պետք է դադարեցվի․ Ալեքսանդր Շալենբերգ

Լաչինի միջանցքի արգելափակումը պետք է դադարեցվի․ Ալեքսանդր Շալենբերգ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը հայտարարել է, որ իրենց մտահոգում է հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, որը հետևանք է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման։ Վիեննայում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո Շալենբերգը հայտարարել է, որ Լաչինի միջանցքի արգելափակումը պետք է դադարեցվի։

Ավստրիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ավստրիայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների աշխատանքային հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։ Հիշատակելով վերջերս ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած բանակցությունները՝ Ավստրիայի ԱԳՆ-ն շեշտել է, որ դրանք լարվածությունը թուլացնելու հույսեր են արթնացրել։ Նշվում է նաև, որ Ավստրիան հաստատակամորեն հանդես է եկել Հայաստանում ԵՄ-ի քաղաքացիական առաքելություն տեղակայելու օգտին՝ աջակցելու կայունության ու անվտանգության հաստատմանը։ Նշվել է նաև, որ չնայած Ուկրաինայի իրադարձությունների վրա արդարացի ուշադրությանը՝ չպետք է անտեսվեն մնացած թեժ կետերը։

«Ես ուրախ եմ Եվրամիության ամուր հանձնառության և Վաշինգտոնում կայացած բանակցությունների համար։ Սա ճիշտ ուղղություն է, և ես հույս ունեմ, որ մի օր կայունություն և խաղաղության համաձայնագիր կլինի։ Սակայն դեռևս կան շատ բաց հարցեր, որոնք քննարկման կարիք ունեն։ Դրանց թվում է նաև հումանիտար մտահոգությունը, որը մեզ  շատ է անհանգստացնում․ խոսքը Լաչինի միջանցքի արգելափակման մասին է։ Այս արգելափակումը պետք է դադարեցվի»․- հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ավստրիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Վիեննան հասանելի է՝ որպես Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների վայր՝ հիշեցնելով, որ Վիեննան դա նախկինում ապացուցել է՝ հանդես գալով որպես երկխոսության և դիվանագիտության կենտրոն։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am