Երևանում՝ 11:07,   4 Մարտ 2024

Ասկերանում տեղաշարժը պարալիզացվել է. հղիներն անասելի դժվարություններով են հասնում Ստեփանակերտ

Ասկերանում տեղաշարժը պարալիզացվել է. հղիներն  անասելի 
դժվարություններով են հասնում Ստեփանակերտ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձել է հանրային տրանսպորտի աշխատանքի դադարեցման, շրջանում առաջին անհրաժեշտության ապրանքների սղության հետևանքով առաջացած խնդիրներին, բուժհաստատություններում տիրող իրավիճակին և  Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում ասկերանցիների շարունակվող նստացույցին:

-Պարոն Ապրեսյան, հուլիսի 25-ից Արցախում վառելիքի գերսղության պատճառով դադարեցվել է հանրային տրանսպորտի աշխատանքը: Ասկերանի շրջանի բնակիչները ևս ամբողջապես զրկված են առողջական, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման նպատակով Ստեփանակերտ հասնելու հնարավորությունից: Ի՞նչ խնդիրների է այս հանգամանքը հանգեցրել շրջանում և ի՞նչ կարող է տեղի ունենալ նման իրավիճակի շարունակվելու դեպքում: 

-Հանրային տրանսպորտի աշխատանքի դադարեցմամբ Ասկերանն ամբողջությամբ պարալիզացվել է` խախտվել է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը ևս։ Հույժ անհրաժեշտության դեպքում այս օրերին մարդիկ հաճախ ոտքով են հասնում Ստեփանակերտ։ Հաշված օրերի ընթացքում կսպառվեն նաև բնակիչների` նեղ օրվա համար նախատեսված վառելիքի խնայողությունները։ Այս իրավիճակի երկարատև շարունակումն աղետալի և անդառնալի հետևանքի պատճառ կարող է դառնալ։ 

-Շրջանի կամ գոնե շրջկենտրոնի հողօգտագործողները կարողանո՞ւմ են ինչ-որ կերպ իրացնել իրենց արտադրանքը: Ի՞նչ խնդիրների են բախվում նրանք այս օրերին: 

-Շրջանի հողօգտագործողներն անցել են խիստ խնայողության ռեժիմի, որպեսզի կարողանան իրենց արտադրանքը մայրաքաղաք հասցնել, չէ՞ որ քաղաք կերակրողը գյուղն է։ Սակայն այդ խնայողություններն էլ անսպառ չեն։ Այս օրերին Արցախում բոլոր ոլորտներում էլ խնդիրներ կան, որոնցից կարևորագույնը կապված է բնակիչների առողջության հետ։ 

-Մթերքի ու դեղորայքի վիճակն ինչպիսի՞նն է շրջանում, առաջին անհրաժեշտության ո՞ր ապրանքներ են հիմա բացակայում, որո՞նք են սպառման եզրին և ի՞նչ հումանիտար իրավիճակի են հանգեցրել այդ խնդիրները բնակչության համար: 

 -Ինչպես և ամբողջ հանրապետությունում, այնպես էլ մեր շրջանում, առաջին անհրաժեշտության բոլոր ապրանքներն էլ բացակայում են՝ շաքարավազ, ձեթ, մանկական սնունդ, քաղցրավենիք ու այս շարքը շատ երկար է։ Դեղորայքի հետ խնդիրներ կարծես թե, այս պահին չկան, սակայն դա ևս օրերի հարց է։ 

-Ի՞նչ վիճակում են հայտնվել շրջանի բուժհաստատությունները՝ գյուղական բնակավայրերում բուժկետերը, իսկ շրջկենտրոնում շրջբուժմիավորումը ի՞նչ հրատապ խնդիրների մասին են բարձրաձայնում: Ինչպե՞ս է կազմակերպվում գյուղական բնակավայրերից հիվանդների տեղափոխումը շրջկենտրոն կամ Ստեփանակերտ՝ եթե հրատապ անհրաժեշտություն է առաջանում: 

 -Նման իրավիճակի երկարատև շարունակման դեպքում սակավ դեղորայքի պաշարները ևս սպառվելու են։ Այս ամենի հետ կարևոր հանգամանքներից մեկն էլ այն է, որ շրջբուժմիավորման բժիշկ-մասնագետները ժամանում են Ստեփանակերտից։ Վերջին շրջանում ավելացել են շտապ օգնության կանչերը։ Գյուղական համայնքների բուժկետերի աշխատողներն արագ արձագանքում և ցուցաբերում են առաջին օգնությունը, առավել հրատապ դեպքերում օգնությունն իրականացվում է շրջբուժմիավորման շտապ օգնության կողմից։ 

 -Շրջափակման վերջին ամիսների ընթացքում եղե՞լ է, որ դեռևս չծնված երեխաների մահացության կամ այլ արտառոց դեպքեր են արձանագրվել՝ սննդի ու դեղորայքի սղության պատճառով: 

-Սթրեսային իրավիճակները, թերսնվածությունն ու անորոշությունը անդառնալի հետևանքների պատճառ են դարձել։ Նման պայմաններում շրջանի որևէ բնակավայրից շրջկենտրոն կամ անհրաժեշտության դեպքում մայրաքաղաք հասնելու համար հղի կինը անասելի դժվարությունների է հանդիպում, ինչն էլ հաճախ հանգեցնում է դեռևս չծնված երեխաների մահացության։ Ու վերջերս, համապատասխան մասնագետների հավաստմամբ, շրջանում բավականին աճել է նման դեպքերի քանակը։ 

 -Որքանո՞վ եք կարողացել իրականացնել հացահատիկի բերքահավաքը: Ինչպե՞ս կգնահատեիք այս տարվա բերքատվությունը: Հակառակորդի կողմից այդ աշխատանքները խոչընդոտելու դեպքերը շա՞տ են եղել: 

-Հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը ջանացել ենք կազմակերպել անկորուստ՝ իրականացնելով նախապատրաստական բոլոր միջոցառումները։ Բերքահավաքը հաճախ իրականացվել է թշնամու նշանառության տակ, հրադադարի ռեժիմի հաճախակի խախտմամբ։ Ցավոք, ցանքատարածությունների մի մասում բերքահավաք իրականացնել այդպես էլ չի ստացվել՝ թշնամու ագրեսիվ պահվածքի, ապա նաև՝ դիզվառելիքի սղության պատճառով։ 

 -Ասկերանի բնակիչները շարունակու՞մ են նստացույցը Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում: 

 - Հուլիսի 15-ից մինչ օրս Ստեփանակերտի օդանավակայնի տարածքում ասկերանցիները շուրջօրյա հերթապահություն էին իրականացնում։ Հանրային տրանսպորտի բացակայության պայմաններում երեկ շրջանի բնակիչներից շատերը, որոնք կամք և ցանկություն ունեին միանալու համաժողովրդական շարժմանը, ոտքով հասել են օդանավակայանի տարածք, որտեղից ահազանգի կոչեր են հնչեցվել շուրջ ութ ամիս շարունակվող շրջափակման և արցախահայության դեմ ուղղված հանցագործությունների վրա կույր և համր ձևացող միազգային հանրության հանցավոր անտարբերության դեմ։ Հանրային տրանսպորտի իսպառ բացակայության պայմաններում էլ կան անհատներ, ովքեր փորձում են օդանավակայանի տարածքում անշեջ պահել համաժողովրդական շարժման վառած կարմիր լույսը… 

-Ընդհանուր առմամբ ինչպե՞ս և ի՞նչ նախաձեռնությունների, քայլերի շնորհիվ են այս օրերին կարողանում ամբողջական շրջափակման ծանր դժվարություններին դիմակայել Ասկերանում: 

 -Հաշվի առնելով երկարատև շրջափակումը, Ասկերանի շրջանի բնակիչներից շատերը բավականին ընդլայնել են ցանվող մշակաբույսերի քանակն ու տեսակը։ Շրջանի տարածքում քիչ չի նաև ջերմոցների թիվը։ Ճիշտ է, այս տարի հաճախակի տեղացած կարկուտը շատ վնասներ է հասցրել հողի մշակներին, այնուամենայնիվ, աճեցրած բերքի մի մասը կարողանում են շուկա հանել։ Այս ծանրագույն փորձությանը դիմագրավելու, ճգնաժամից հաղթանակով ու պատվով դուրս գալու համար ի մի են բերվել, հաշվարկվել առկա բոլոր ռեսուրսները, սակայն դրանք էլ անսպառ չեն։ Չկրկնվեմ, սակայն նման իրավիճակի երկարատև շարունակումը աղետալի ու անդառնալի հետևանքների է հանգեցնելու:

Վան Նովիկով 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]