Երևանում՝ 11:07,   4 Մարտ 2024

Ինքն իրեն կորցնելուց մինչև ինքն իրեն գտնելը. Սյունե Սևադայի «Աղի թեյ»-ը, գրական գործունեությունն ու անելիքները

Ինքն իրեն կորցնելուց մինչև ինքն իրեն գտնելը. Սյունե Սևադայի «Աղի թեյ»-ը, 
գրական գործունեությունն ու անելիքները

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արձակագիր, լրագրող Սյունե Սևադան չի վախենում գրականության միջոցով խոսել իրեն հուզող հարցերի մասին. ինչպես ինքն է ասում՝ չի սիրում հարմարավետության սահմաններ, գուցե հենց դրա շնորհիվ թե՛ երիտասարդների, թե՛ հասուն ընթերցողի գրապահարաններում տեղ զբաղեցրած «Կախվածություն» պատմվածքների ժողովածուից հետո գրեց իր համար փորձարարական «Աղի թեյ» վեպը:

Վեպը և՛ անձնական է, և՛ համամարդկային, և՛ հարցեր է առաջ քաշում, և՛ պատասխաններ տալիս:

Գիրքը մեկ շնչով ընթերցելուց հետո «Արմենպրես»-ի թղթակիցը հեղինակի հետ զրուցել է Սյունե Սևադա գրողի, գրականության, վեպի հերոսների, նրանց ապրումների ու ցանկությունների մասին:

-Գրքին նվիրված փառատոններից մեկին մասնակցելիս ծանոթացա Ձեր «Կախվածություն» պատմվածքների ժողովածուին: Սեր, հիասթափություն, հրավառություն… Կան գրողներ, որոնք մնում են պատմվածքների ժանրում, և նրանց այդպես էլ չի հաջողվում վեպ գրել: Ձեզ հաջողվեց: «Աղի թեյ»-ն ինքնաբերաբա՞ր է ծնվել, թե՞ վաղուց կար մտահղացումը:

-Սովորաբար մարդիկ պատմվածքների հրատարակմամբ են սկսում իրենց գրական ուղին, գրողի ճանապարհը: Իմ պարագայում «Կախվածություն» գիրքը պատմվածքների ավարտն էր:

S02.jpg (50 KB)

Պատմվածքներ գրում եմ 15-16 տարեկանից, բայց գիրքը հրատարակվեց, երբ 24 տարեկան էի: Ինչ-որ պահի հասկացա, որ ուզում եմ անցնել ավելի մեծ տեքստերի, ինչն իրականում գիտակից որոշում էր: Ուզում եմ ավելի բարդ փորձարկումներ անել, որովհետև պատմվածքն այն հարթակն է, այն տարածքը, որտեղ ինձ լավ եմ զգում: Կարծում եմ՝ գրողի համար պարբերաբար անհարմարություն զգալը կարևոր է, որովհետև առանց դրա դու չես աճի թե՛ որպես գրող, թե՛ որպես անհատ: «Կախվածություն»-ն ամփոփում էր և՛ որպես գիրք, և՛ որպես կյանքի տվյալ փուլ: Երբ այն Սյունեին համեմատում եմ «Աղի թեյ»-ի Սյունեի հետ, տեսնում եմ ակնհայտ տարբերությունը: «Աղի թեյ»-ի պարագայում ինձ այլ խնդիրներ էին հետաքրքրում, իսկ պատմվածքները հույզերի փաստագրում էին: Ավարտուն եմ համարում պատմվածքների փուլը. չեմ կարծում, որ ևս մեկ ժողովածու կլինի:

-Ամեն դեպքում երբեք մի ասա երբեք: Իսկ «Աղի թեյ»-ի սյուժեն արա՞գ է կառուցվել, թե՞ երկար փնտրտուքների արդյունք է:

-Այն պարբերաբար փոխվել է. երկու բան էր հիմնային՝ Ալեքսի կերպարը, որ շատ արագ ծնվեց, և աղի թեյին վերաբերող պատմության գիծը, որն անձնական փորձի հիման վրա է: Խոսքն այն հատվածի մասին է, որտեղ հերոսուհին աղի թեյ է խմում: Կորոնավիրուսի ժամանակ հանդիպեցի դասընկերուհիներիցս մեկին, ով ասաց. «Սյուն, գիտե՞ս, երբ քեզ տեսնում եմ, մտածում եմ, եթե մեր դասընկերներն իմանային, որ հանրային մարդ ես դառնալու, աղի թեյի դեպքը կլինե՞ր: Հիշո՞ւմ ես դա»: Զարմացա, որ դեռ կա մեկը, որ հիշում է այդ պատմությունը: Մինչ ես կհասնեի տուն, իմ մտքում արդեն ձևավորվել էր այն գաղափարը, որ ցանկանում եմ այդ պատմությունը գրել, բայց՝ փոփոխված: Օրինակ՝ մեր դպրոցում ճաշարան չկա, ես շատ սիրել եմ իմ դպրոցը, և իմ ուսուցիչները շատ լավն են եղել: Առաջին դեմքով է գրվել գիրքը, և իմ առաջ դպրոցը չարատավորելու, զուգահեռներ չտանելու խնդիր էր դրված,  որովհետև գիրքը  և՛ իմ մասին է, և՛ իմ մասին չէ: Վախենում էի դպրոցին ինչ-որ կերպ վնասել, որովհետև իրականում աղի թեյի դեպքը երեխայական բան էր: Որոշեցի ամեն դեպքում պատմել այդ պատմությունը, հետո բուլինգի թեման բարձրացնել: Հետո Ալեքսի կերպարը ծնվեց, որ երկար եփվում էր մտքումս:  Ես փորձում էի մեծերի մասին գրել:

S05.jpg (233 KB)

-Ալեքսը հավաքակա՞ն կերպար է:

-Նա իրական չէ: Գրքում նկարագրվող սրճարանը, որը Կասկադում է, ևս իրական չէ, բայց շատերին եմ խոստացել, որ հարստանալու դեպքում ինքս եմ նման սրճարան բացելու: Սկզբում Ալեքսին կարողացա կապել աղի թեյի հետ, հետո եկավ Նենէի կերպարը: Գիտակցում էի, որ ինձ և Նենէին նույնականացնելու են, բայց որոշեցի գրել: «Աղի թեյ»-ն ինձ համար փորձարարություն էր: Ոլորտում կային մարդիկ, որոնք ասում էին՝ շատ դժվար է պատմվածքներից դեպի վեպ թռչելը: Գրում են վիպակ, ևս մեկ ժողովածու և այլն, սակայն ես հարմարավետության տարածքներ չեմ սիրում: Կարող եմ գրել ևս մեկ «Կախվածություն», և այն կհաջողի, բայց ինձ համար կարևոր էր որպես գրող աճելը:

Պատմվածքներ գրելը փորձված գետ է, բայց այն կարող է մի օր քեզ խեղդել, եթե դու չլինես էքսպերիմենտալ.  մեր մասնագիտությունն է այդպիսին. պետք է բարդ բաներ փորձել, չվախենալ սխալվելուց: Այս տարի լրանում է «Աղի թեյ» գրքի հրատարակման մեկամյակը, բայց ես վստահ չեմ այն հաջողե՞լ է, թե՞ ոչ: Ընթերցողները սիրում են գիրքը, իսկ ես մտմտում եմ՝ արդյոք ա՞յն էր, ինչ ցանկանում էի գրել:

-Ինչպես այլ ընթերցողներ, ես ևս գիրքը կարդալիս Նենէի կերպարում Ձեզ էի պատկերացնում: Գրողները հաճախ են խոստովանում, որ իրենցից մի մասնիկ կա կերպարներում:

-Այդպես է:

S06.jpg (74 KB)

-Հիշում եմ՝ զրուցում էի Գուրգեն Խանջյանի հետ, և նա ասաց՝ իր գրքերի բոլոր կերպարներում ինքն է:

-Եթե չեմ սխալվում, Խանջյանը շատ է սիրում շնամարտեր, և ինքն էլ շուն ունի: Սովորաբար գրողները տեսքտերում թաքցնում են շատ սուր էմոցիաներ, այն, ինչը շատ ցավեցրել է, այն, ինչը շատ սիրել են: Փոքր հուշումներ ես տալիս. հավանաբար դա գրողի համար ինքնավերլուծության ու թերապիայի նման բան է դառնում, որովհետև գրելով՝ դու քեզ տեսնում ես կողքից ու շատ բաներ հասկանում: «Աղի թեյ»-ի պարագայում ինձ համար շատ բան բացահայտեցի:

-Տարիներ առաջ «Ճամփորդ» ամսագրում պարբերաբար ընթերցում էի Ձեր հոդվածները, որոնք լի էին ասելիքով: Գուցե սխալվում եմ, բայց «Աղի թեյ»-ի առանցքային հերոսներից մեկի՝ Իդայի կերպարում տեսա ամսագրի հիմնադրին՝ լուսահոգի Արիանա Կաոլիին, որի մասին Դուք միշտ ջերմ գրառումներ եք կատարում:

-Իդայի կերպարը չկար, մինչև Արիանայի մահը: Երկար ժամանակ այս մասին չէի խոսում, որովհետև վախենում էի, որ, եթե ինձ նույնականացնում են Նենէի հետ, և ես ունեմ իրավունք և հնարավորություն ասելու, որ այնքան էլ այդպես չէ, Արիանայի պարագայում նա իրեն պաշտպանելու հնարավորություն չունի: Հետո մտածում էի, որ սա այնքան Արիանայի մասին չէ, ինչքան մահն էր ցնցել ինձ:  Ես վերցրել եմ վթարը, դժբախտ պատահարը և միան դա: Չեմ ուզում մնացածը նույնականացվի Արիանայի հետ: Վթարն է և իմ ապրումներն են՝ կապված այդ վթարի հետ, մնացածը հորինված է: Չէի ցանկանում կարծիք ձևավորվի, որ ես փորձում եմ ուշադրություն գրավել Արիանայի անունով: Իրականում ուզում էի գիրքը նվիրել նրա հիշատակին: Մհեր Դավոյանին՝ մեր շատ սիրելի խմբագրին նվիրված պատմվածք ունեմ, որը տեղ է գտել «Կախվածություն» գրքում: Ի դեպ՝  Ալեքսի կերպարում Մհերից պատառիկներ կան: Մհերը Ռազմիկ Դավոյանի որդին էր, հրաշալի մարդ, որը ևս կյանքից հեռացավ:  «Ճամփորդ»-ի անձնակազմով շատ մտերմացել էինք, և մեր հիմնադիրների մահերը մեզ տապալեցին:

Մի խոսքով՝ վթարի միտքը եկել է Արիաննայի հետ կատարված դժբախտ դեպքից հետո, իսկ երաժշտությունը, որը գրքում դեր ունի, ինձ հետ առնչություն ունի: Երկար տարիներ երգել եմ, և երաժշտությունն իմ մեծ սերն է եղել, մինչև ձայնս կորցնելը, ինչի պատճառով չկարողացա կոնսերվատորիա ընդունվել և հասկացա, որ երաժշտությանն ամենամոտը, հավանաբար, գրելն է:

S03.jpg (104 KB)

-«Աղի թեյ»-ի կերպարները շատ տարբեր են. նրանցից յուրաքանչյուրն ունի իր անձնական դրաման, երջանիկ զգալու եղանակները, ցանկություններն ու երազանքները: Չենք մոռանում նաև Վանին, որը ևս հետաքրքիր հերոս է: Գիրքն ընթերցելիս ամեն մեկը յուրովի է ընկալում նրանց, իսկ ըստ Ձեզ՝ իրականում, ի՞նչ էին ուզում հերոսները, հասա՞ն իրենց նպատակներին:

-Ընթերցողները միշտ հարցնում են, թե պատմությունը շարունակություն ունի՞, պատասխանում եմ, որ Ալեքսն ամուսնացել է, Նենէն ու Վանը նշանվել են և այլն: Կերպարներն ապրում են: Կարծում եմ՝ նրանք փնտրում էին իրենք իրենց: Գիրքը գրելիս ինձ շատ օգնել են «Նյումեգ» հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանի հետ զրույցները, ինչի համար շատ շնորհակալ եմ: Հասկանում էի, որ «Աղի թեյ»-ի հրատարակման ընթացքում ինձ կորցնելու և նորից գտնելու փուլում էի: Հիմա, երբ գիրքը կարդում եմ, զգում եմ, որ այն անցած փուլ է, ինքս անցել եմ այդ փուլը: Կարծում եմ, որ կերպարների համար ևս այդպես է: Նրանք իրենք իրենց գտնելու, կյանքը փոխելու նպատակ ունեին:

-Պուշկին փողոցում մի սրճարան կար, որտեղ գումար վճարելու պարագայում քեզ տալիս էին բաժակ, որը կարող էիր պատին խփելով կոտրել: Այդպես թեթևության զգացում էր առաջանում: Գրքի հերոսները «Հայֆիլմ»-ի շենքում են ապակիներ կոտրում ու ձերբազատվում բացասական հույզերից: Սյունեն ինչպե՞ս է պայքարում, երբ իրեն նյարդայնացնում են, հունից հանում:

-Շատ եմ վերլուծում, կարդում: Հոգեբանությունն իմ ամենամեծ սերերից է և շատ կարևոր է:  Եթե լավ հոգեբանություն չգիտես, պետք է շատ լավ գրականագիտություն իմանաս: Տեքստի հետ աշխատելու կարողությունը, հոգեբանություն իմանալն օգնում են անձնական հարցերում: Խոսում եմ ընկերներիս հետ, հոգեբան ունեմ: Գրում եմ այդ մասին ու դուրս եմ բերում հույզերը, սակայն սովորաբար փորձում եմ վերլուծել ու գտնել զայրույթի պատճառը, տեսնել, թե որտեղից է այն գալիս ու ինչ  է հնարավոր անել դրանից խուսափելու համար, հնարավո՞ր չէ ծիծաղել ու անցնել: Այդպես սովորում ես իրավիճակներն ու զայրույթի պատճառները հիմնովին հասկանալ:

-Հետաքրքիր է նաև գրքի շապիկը: Ալեկոծված ծովից դուրս եկող տղամարդն ո՞վ է:

-Այստեղ և՛ Վանն է, և՛ Ալեքսն է, և՛ Նենէն է: Ամբողջ գիրքն է պարան գտնելու և ինքդ քեզ վերև բարձրացնելու մասին:  Գուցե գիրքը նաև այն ընթերցողների մասին է, որ գիրքը սիրում են, որովհետև բոլորն էլ այնպիսի փուլում եմ այն կարդում, երբ ցանկանում են խմել աղի թեյերը, ընդունել եղածն ու առաջ շարժվել:

Ես հավատում եմ մարդու ուժին, հավատում եմ, որ ցանկության դեպքում մարդն ինքն իրեն կարող է դուրս բերել այն ամենից, ինչի մեջ հայտնվել է ու փոխել իրականությունը: «Աղի թեյ»-ի հիմնական ասելիքներից մեկը նաև դա էր:

S01.jpg (177 KB)

-Չնայած ամբողջ համակրանքին, որ Նենէն տածում էր իր ընկերուհու՝ Իդայի հանդեպ, ի վերջո որոշում է բոլորի առաջ բացել ճշմարտությունը՝ նշելով, որ ճշմարտությունը չասելու պատճառով փթթելու փոխարեն՝ փտում ես: Իրականում այդպե՞ս է: Սյունե Սևադան դառը ճշմարտությունը նախընտրո՞ւմ է քաղցր ստից:

-Մինչ գրքի լույս ընծայումը, հրատարակումից հետո ևս տարբեր աղի թեյեր եմ խմել: «Աղի թեյ»-ն ինձ օգնել է, իմ սեփական գիրքն ինձ օգնել է շատ բաներ հասկանալ կերպարների միջոցով: Այո՛, դառը ճշմարտությունն ավելի ընդունելի է, որովհետև այդ պարագայում չես համառում, չես ձևացնում, որ ամեն բան կարգին է, այլ հասկանում ես, որ խնդիր կա, որը պետք է լուծել: Ինձ համար խնդիրը բարձրաձայնելը կարևոր է, աղի թեյի դառնությունն ու սևությունը պետք է ընդունել, տեսնել մութ կողմերը, որ ունեն բոլորը: Կարելի է դրանք չբարձրաձայնել, բայց ինքդ քեզ համար ընդունելը կարևոր է, հակառակ դեպքում առաջ չես գնա: «Աղի թեյ» գրքի հերոսները բացահայտեցին խնդիրներն ու խոսեցին դրանց մասին: Այո՛, ես կարծում եմ, որ ազնվությունն ու ճշմարտությունը փրկում են հազար ու մի ցավից:

-Ինձ գրավեց նաև այն դրվագը, երբ հրատարակիչն ու գրողը քննարկում են գրականության լեզուն: Ի՞նչ լեզու պետք է ունենա մերօրյա գրականությունը, որ սիրով ընթերցեն թե՛ դասական, թե՛ ժամանակակից գրականության երկրպագուները:

-Կա մի խնդիր, որի մասին հաճախ խոսում է «Նյումեգ» հրատարակչության խմբագիր Գնել Նալբանդյանը: Նա հրաշալի մասնագետ է, ֆանտաստիկ մարդ: Վերջերս «Ինչպե՞ս գրել վեպ» թեմայով  հանդիպում էր կազմակերպվել երիտասարդ գրողների հետ, որին ես ևս մասնակցում էի: Այնտեղ Նալբանդյանի հետ քննարկվեց հենց այդ հարցը: Ըստ նրա՝ հայ գրականության մեջ հաճախ բոլոր կերպարները խոսում են նույն լեզվով: Օրինակ՝ Րաֆֆու «Սամվել» վեպը. մայրը, հայրը, Սամվելը խոսում են նույն լեզվով: Այսինքն՝ եթե անունը փակում ես ու կարդում տեքստը, չես հասկանա, թե  հեղինակն ով էր, ով է դա ասում: Ոճը, խոսքի ռիթմը, ասելիքը. տպավորություն է, որ խոսում է նույն մարդը, ուղղակի տարբեր բաների մասին: Լեզուն նույնն է: Համակարծիք եմ պարոն Նալբանդյանի հետ, որ կա լեզվի խնդիր, իսկ գրականությունը շնչող օրգանիզմ է: Հնարավոր է՝ դուք չեք ուզում առօրյա լեզուն տեսնել գրականության մեջ, բայց այն չի կարող չլինել, որովհետև մենք խոսում ենք այդպես: Կարող եմ գրել մաքրամաքուր հայերենով, առանց օտար բառերի, առանց ա-երի, բայց չեմ կարող դա անել, որովհետև կկորցնեմ ոճականությունը, տեքստի ռիթմը:

Ես ևս քննադատության եմ արժանանում, և հիմնականում հասուն տարիքի ընթերցողներն են ընդդիմանում նոր լեզվին: Միայն ես չեմ այդպես գրում, այլև շատերը, ինչի համար ուրախ եմ: Ոսկեղենիկ հայերենը ոչ ոք չի փչացնում, հավաստիացնում եմ: Ուզում եմ հաջորդ գիրքը գրել ավելի գեղեցիկ հայերենով, հետաքրքրված եմ բառարանային բառերով, որոնք ինձ շատ դուր են դալիս, և մտածում եմ, թե որտեղ կարելի է դրանք օգտագործել, բայց ես նաև չեմ վախենում գրել առօրյա լեզվով:

Ինչպե՞ս ենք մենք հագուստը կրում. երեկոյան զգեստով ցերեկը սուրճ խմելու չենք գնում, իհարկե, կարող ենք նման բան անել: Նույնը լեզուն է: Պետք է հասկանալ, թե այն որտեղ և ինչպես ես կրում, իսկ կոնտրաստ ցույց տալու համար պետք է իմանալ դասական լեզվի մտածողությունը, բազան: Օրինակ՝ Խանջյանը վերցնում է լեզվական գիտելիքն ու խաղում դրա հետ: Գրոտեսկի ձևից դու հասկանում ես՝ անկեղծությո՞ւն է, թե՞ մաքուր գրոտեսկ:

352561687_6112828582179412_2881198609586483677_n.jpg (263 KB)

-Հետաքրքիր է… Յուրաքանչյուր լրագրող իր պարտքն է համարում զրույցի վերջում տալ այդ հարցը. ի՞նչ ստեղծագործության վրա եք աշխատում այսօր, ի՞նչ թեմաներ են Ձեզ հուզում, որոնք գուցե գրական գործի հիմք դառնան:

-Ինձ սկսել են հետաքրքրել 40-50 տարեկանից բարձր մարդիկ: Հասկանում եմ, որ այդ տարիքից հետո կյանքն սկսկում է ընթանալ այլ ռիթմով: Իմ կենսափորձն ինձ դեռ թույլ չի տալիս այդ պատնեշը հաղթահարել: Ինչքան էլ գրականություն կարդաս, հոգեբանություն իմանաս, ընդունում ես, որ կան որոշ հարցեր, որոնք չես կարող լիարժեք ընկալել առանց կենսափորձի: Փորձում եմ հասկանալ, թե հիմա որքանո՞վ կարող եմ անդրադառնալ այդ տարիքային խմբին:

Այն, ինչի վրա աշխատում էի, կարծում եմ՝ իրեն սպառել է: Հավանաբար, կսկսեմ նոր բան գրել, իսկ թե ինչ, դեռ չգիտեմ: Հավատում եմ, որ մի հրաշքով այս տարի հնարավոր կլինի նոր գիրք ունենալ, ուզում եմ, որ ամեն տարի նոր գիրք լույս տեսնի: Տարբեր խնդիրներ են լինում տարվա ընթացքում, որ անհամատեղելի են գրելու հետ, հետո էլ կրկնվելու վախ կա: Չեմ ուզում երկրորդ «Աղի թեյ»-ը գրել: Հարց է ծագում՝ արդյոք ես բավարար փոխվե՞լ եմ մեկ տարվա ընթացքում, որ այլ խնդիրներ վեր հանեմ:

Ուզում եմ իմ անձնական կայքը ստեղծել, հոդվածներ, հարցազրույցներ գրել, որովհետև կարոտում եմ լրագրությունը: Կլինեն նոր պատմվածքներ, իսկ վեպի մասին պետք է մտածել:

-Սյունե, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար:

-Ես էլ եմ շնորհակալ:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Սյունե Սևադայի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]