«Երևանյան բեսթսելեր». «Իկիգայ»-ը ՝ առաջատար. փաստավավերագրական, հունիս, 2023
10 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հունիսի վաճառքների։
Հեկտոր Գարսիայի և Ֆրանսեսկ Միրալեսի «Իկիգայ. երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» առաջին տեղում է։ «Իկիգայ. երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» յուրահատուկ լրագրողական հետաքննություն-հետազոտություն է՝ պարզելու, թե որն է Ճապոնիայի Օկինավա կղզու բնակիչների երկարակեցության գաղտնիքը և ինչ է իրականում նշանակում իկիգայը: Շնորհիվ այս գրքի՝ դուք բազմաթիվ տեղեկություններ կստանաք երկարակեցության գաղտնիքների և իրենց կյանքում թեկուզ փոքրիկ, բայց կարևոր նպատակներ ունեցող ճապոնացիների մասին: Այն կօգնի ձեզ գտնել ձեր սեփական իկիգայը ու լիցքավորվել թարմ էներգիայով՝ պատրաստ ապրելու երկար ու երջանիկ:
Երկրորդ տեղում է Ռոբին Շարմայի «Հրովարտակ՝ ուղղված ամենօրյա հերոսին» գիրքը։ Համաշխարհային մակարդակի բանախոս, հանրահայտ ընկերությունների բիզնես-մարզիչ, համաշխարհային ճանաչում և փառք վայելող անհատների խորհրդատու, բազում մոտիվացիոն գրքերի հեղինակ Ռոբին Շարման ընթերցողի դատին է հանձնում իր հերթական բեսթսելերը՝ «Հրովարտակ՝ ուղղված ամենօրյա հերոսին» գիրքը: Գրքում հեղինակը խոսում է մարդկային տաղանդների, յուրաքանչյուր անհատի մեջ թաքնված հնարավորությունների, նրա հանճարեղության, առաքինության և հերոսության մասին: Հետևեք Ռոբին Շարմայի առաջադրած կանոններին, բանաձևերին, խորհուրդներին, առաջարկներին ու հորդորներին և կյանքում կկարողանաք դառնալ հաջողակ, երջանիկ, հարուստ ( և՛ հոգեպես, և՛ ֆինանսապես) ու ինքնաբավ անհատականություն...
Երրորդ տեղում է Ջո Նավարոյի «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքը։ Այս գրքում դուք կիմանաք, թե որ նախնադարյան բնազդներն են կառավարում մեր մարմնի լեզուն, ինչու չի կարելի վստահել մարդու դեմքի արտահայտություններին, որն է մարմնի «ամենաանկեղծ» մասը, ինչպես կարդալ դիմացինի իրական մտքերը նրա ձեռքերի, ոտքերի, իրանի և շուրթերի միջոցով և ինչպես կիրառել այս գիտելիքները՝ ավելի վստահ ու անկեղծ տպավորություն թողնելու համար։ Գրքում ներկայացված են ոչ միայն համոզիչ օրինակներ FBI-ի գործակալի իրական պրակտիկայից, այլև առկա են հղումներ ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում ամենահայտնի հետազոտողների աշխատություններին: Գրքում կգտնեք նաև պատկերներ, որոնք է՛լ ավելի ընկալելի և հետաքրքիր կդարձնեն ընթերցանությունը:
Չորրորդ տեղում է Ռոբերտ Կիյոսակիի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքը։ «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»-ը անձնական ֆինանսների կառավարում ուսուցանող թիվ մեկ գիրքն է ամբողջ աշխարհում։ Այն պատմում է Ռոբերտ Կիյոսակիի և նրա երկու հայրիկների՝ հարազատ հոր և լավագույն ընկերոջ հոր՝ հարուստ հայրիկի պատմությունը, այն մասին, թե ինչպես են այդ երկու տարբեր մարդիկ ձևավորում ներդրումների և փողի մասին իր գաղափարներն ու ընկալումները։ Գիրքը հօդս է ցնդեցնում այն առասպելը, թե հարուստ լինելու համար պետք է ունենալ բարձր եկամուտ, և բացատրում է փողի համար աշխատելու և փողը քեզ համար աշխատեցնելու տարբերությունը։
Հինգերորդ տեղում է Գարեգին Նժդեհի «Չխրատվող ժողովուրդը»: Խորհրդածությունների և հոդվածների այս գրքում Նժդեհը դիմում է հայ երիտասարդությանը՝ մղելով ինքնաճանաչողության: Նա անդրադառնում է մեր բնավորությանը, պատմական առաքելությանը, տարածաշրջանում մեր հնարավորություններին: Խոսելով ապագայի պատերազմներից՝ Նժդեհը խրախուսում է Հայաստանում ռազմարդյունաբերության հիմնումը: Նա գերակա է համարում մեր ժողովրդի հավաքական պայքարը, որովհետև այդպես «ավելի ուժեղ ենք, քան ժամանակավոր դժբախտությունը»:
Վեցերորդ հորիզոնականում է Էկհարթ Թոլլի «Ներկայի ուժը»։ «Ներկայի ուժը» գիրքը իրավմամբ համարվում է պոպուլյար հոգեբանության, մոտիվացիայի և էզոթերիկայի ժանրերի ամենաառանցքային ստեղծագործություններից մեկը, իսկ հեղինակ Էկհարթ Թոլլը՝ ամենահեղինակավոր հոգևոր ուսուցիչներից մեկը:
Այս գիրքը կստիպի ձեզ մի պահ դադարեցնել մտքերում տիրող աղմուկը, երանելի լռություն հաստատել հոգում և գլխում ու վերջապես ապրել միակ իրական պահը՝ Ներկա պահը:
Գարեգին Նժդեհի «Գլխովին կորչելու վտանգը» գիրքը յոթերորդն է։ Գրքում Նժդեհն անդրադառնում է Հայաստանի աշխարհագրական դիրքին, որն ավելի մտահոգիչ է, քան քաղաքական ճակատագիրը: Նա ասես կանխատեսել էր Քառասունչորսօրյա պատերազմը՝ մատը դնելով պանթուրքիզմի նկրտումների վրա։ Խոսելով գլոբալիզմի մասին և դրա դեմ՝ Նժդեհը կարևորում է հայրենասիրությունը և սեփական ուժերին ապավինելու հանգամանքը։ Նա քննադատում է դժբախտություններն արտաքին պատճառների վերագրելու և փրկությունը դրսի ուժերից սպասելու մոլորությունը։ Նժդեհն աններելի է համարում պարտությունը՝ չընդունելով որևէ արդարացում. «Չէ՞ որ միշտ էլ երկու բերանով կարելի է ապացուցել, որ պարտության օրը հացը ժամանակին չհասավ, թշնամին թվական գերազանցություն ուներ...»։ «Չսարսափենք, բայց և առանց սին պատրանքների և ավելորդ նախապաշարումների ընդունենք այդ դառը ճշմարտությունը՝ մեր ապագան վտանգված է»,– սթափեցնում է զորավարը։
Ռոբին Շարմայի «Առավոտյան ժամը 5-ի ակումբը» ութերորդ տեղում է։ «Առավոտյան ժամը 5-ի ակումբը» մոտիվացիոն աշխատություն է: Այստեղ Շարման փորձում է ընթերցողին սովորեցնել առավոտյան վաղ արթնանալու խորհուրդը: Շարման իր հերոսների օրինակով ընթերցողին օգնում է դառնալ հաջողակ, երջանիկ, ինչու չէ, նաև սիրված: Հերոսների հետաքրքիր և արկածներով լի շրջագայությունները տարբեր երկրներով էլ ավելի ու խորհրդավոր են դարձնում գիրքը:
Իններորդ տեղում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «Ավետյաց երկրի տեսիլքով» գիրքը։ Գիրքը պարզ և անկեղծ զրույցների շարք է մեր այսօրվա դառն իրականության և գողացված ուրախության ժամանակաշրջանում թե՛ մեր անցած ճանապարհի և թե՛ մեր անելիքների մասին՝ հիմնված Աստվածաշնչի կենդանի ապրող պատգամի և մեր ժառանգության վերլուծության վրա։
Դեյլ Քարնեգիի «Ինչպես դադարել անհանգստանալ և սկսել ապրել» գիրքը տասներորդ տեղում է։ Քարնեգիի նոր թարգմանված գիրքը արդեն հասանելի է ընթերցողներին: Պետք է կարողանալ վայելել կյանքը՝ ինչպիսին էլ որ այն մեզ բաժին ընկած լինի։ Անհանգստությունը մեծագույն չարիք է, որը ավելի շատ է քայքայում մարդու առողջությունը, քան ցանկացած հիվանդություն։ Քարնեգին այս գիրքը գրել է հենց այդ նպատակով, որպեսզի ուրիշ մարդկանց հետ կատարված օրինակների հիման վրա մեզ պարզ և մատչելի կերպով սովորեցնի ամենակարևորը. որ կյանքը պետք է շարունակել վառ գույներով...
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | 0 | ![]() |
Հեկտոր Գարսիա և Ֆրանսեսկ Միրալես «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» | Դավինչի | 89 |
2 | +1 | ![]() |
Ռոբին Շարմա, «Հրովարտակ՝ ուղղված ամենօրյա հերոսին» | Բուկինիստ | 54 |
3 | * | ![]() |
Ջո Նավարոյի «Ես կարդում եմ Ձեր մտքերը» | Դավինչի | 51 |
4 | +5 | ![]() |
Ռոբերտ Կիյոսակի, «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» | Անտարես | 50 |
5 | -1 | ![]() |
Գարեգին Նժդեհի «Չխրատվող ժողովուրդը» | Վերնատուն | 49 |
6 | -2 | ![]() |
Էկհարթ Թոլլի «Ներկայի ուժը» | Դավինչի | 47 |
7 | * | ![]() |
Գարեգին Նժդեհի «Գլխովին կորչելու վտանգը» | Վերնատուն | 46 |
8 | -3 | ![]() |
Ռոբին Շարմայի «Առավոտյան ժամը 5-ի ակումբը» | Բուկինիստ | 42 |
9 | նոր | ![]() |
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «Ավետյաց երկրի տեսիլքով» | հեղ․հրատ | 35 |
10 | * | ![]() |
Դեյլ Քարնեգիի «Ինչպես դադարել անհանգստանալ և սկսել ապրել» | հեղ․հրատ | 30 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Ցանկում ներառված չեն հանրագիտարանները
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը: