Միջազգային

ՌԴ-ում տեղի է ունեցել Պուտինի և Կիմ Չեն Ընի հանդիպումը՝ Հյուսիսային Կորեայի կողմից նոր հրթիռային արձակումից ժամեր անց

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ում տեղի է ունեցել Պուտինի և Կիմ Չեն Ընի հանդիպումը՝ Հյուսիսային Կորեայի կողմից նոր հրթիռային արձակումից ժամեր անց

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հյուսիսային Կորեայի կողմից 2 բալիստիկ հրթիռի արձակումից ժամեր անց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը հանդիպում են անցկացրել Ամուրի մարզի «Վոստոչնի» (Արևելյան) տիեզերակայանում։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС-ի հրապարակումը։

«Շնորհակալ եմ, որ չնայած Ձեր զբաղվածությանը, հրավիրել եք մեզ և ջերմ ընդունելություն ցույց տվել», - ասել է Կիմ Չեն Ընը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։

Ողջույնի խոսքից հետո կողմերը սկսել են բանակցությունները։ Վլադիմիր Պուտինը տիեզերակայանում շրջայց է անցկացրել իր հյուսիսկորեացի գործընկերոջ համար և հայտնել, որ նրա հետ քննարկելու է «բոլոր թեմաները»։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ կողմերը քննարկելու են երկկողմ համագործակցության հարցերը, իրավիճակը տարածաշրջանում և, ընդհանրապես, աշխարհում։

ԱՄՆ-ում կարծում են, որ երկու երկրների ղեկավարները նախատեսում են քննարկել ռուսական բանակին հյուսիսկորեական զենքերի մատակարարումների հարցը։

Կիմ Չեն Ընը պաշտոնական այցով Ռուսաստան է ժամանել սեպտեմբերի 12-ին։ Նրանց նախորդ հանդիպումը կայացել էր Վլադիվոստոկում՝ 2019 թ․-ին։

Սեպտեմբերի 13-ի առավոտյան, մինչ Կիմ Չեն Ընը Ռուսաստանում է, ԿԺԴՀ-ն փոքր հեռահարության 2 բալիստիկ հրթիռ է արձակել, որոնք, ըստ Հարավային Կորեայի պաշտպանական գերատեսչության, թռել են 650 կմ և ընկել Ճապոնական ծովում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում