Մշակույթ

«Ներկայացումը մեր ժողովրդի մասին է, որը միամիտ է ու անկեղծ». Կամերային թատրոնի խաղացանկը համալրեց «Սասունցի David Copperfield» ներկայացումը

6 րոպեի ընթերցում

«Ներկայացումը մեր ժողովրդի մասին է, որը միամիտ է ու անկեղծ». Կամերային թատրոնի խաղացանկը համալրեց «Սասունցի David Copperfield» ներկայացումը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երբևէ կպատկերացնեի՞ք, որ մի օր աշխարհահռչակ աճպարար Դեյվիդ Կոպերֆիլդը հյուրախաղերով կգա Հայաստան: Երևանի կամերային թատրոնը փորձել է «իրականություն դարձնել այդ այցը» «Սասունցի David Copperfield» ներկայացմամբ, որը ոչ միայն կախարդանքի, հրաշքի, այլև սիրո ու հավատարմության մասին է:

«Արմենպրես»-ի թղթակիցն ու լուսանկարիչը ներկա են եղել առաջնախաղին, զրուցել ռեժիսորի, արտիստների հետ ու վավերագրել բեմադրության ամենահետաքրքիր դրվագները:

Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր Արա Երնջակյանն ավելի քան 20 տարի առաջ է ներկայացումը բեմադրել, սակայն արդիական է համարում նաև մեր օրերում: Նա ներկայացումը վերականգնել ու հանդիսատեսի դատին է հանձնել դերասանական նոր կազմով ու մոտեցումներով:

2023.10.06_18.20.03.40.JPG (1.09 MB)

«Սա ոչ թե Դեյվիդ Կոպերֆիլդի, այլ Սասունցի Դավիթ Կոպերֆիլդի մասին է: Հորինված պատմություն է այն մասին, որ Կոպերֆիլդը Երևան է ժամանում հյուրախաղերով ու պարզվում է, որ նա ծագումով սասունցի է: Աճպարարությունը, որ կա ներկայացման մեջ, որը լուրջ է, առանց թիթիզությունների, իրականում օգնում է հիմնական միտքն ավելի լավ արտահայտել: Ներկայացումը մեր ժողովրդի մասին է, որը միամիտ է ու անկեղծ. այդքան արհավիրքների միջով անցնելուց հետո էլ հավատում է, որ բարին կհաղթի չարին»,-նշում է Արա Երնջակյանն ու կարևորում սիրո պատմությունը, որն առավել գեղեցկացնում է բեմադրությունը:

Ըստ սյուժեի՝ Կոպերֆիլդի երևանյան հյուրախաղերի ընթացքում նրա երկրպագուներից մեկը՝ Նարեկը, որն իր ընկերոջ հետ անընդհատ միջամտում է իլյուզիոնիստի շոուին, սիրահարվում է Կոպերֆիլդի օգնականին՝ Էմիլիին, որը փոխադարձում է նրա զգացմունքները: Էմիլին սիրում է Հայաստանն ու իր գործընկերներին պատմում հայկական համեղ ուտեստների, տեսարժան վայրերի, պատմամշակութային հուշարձանների մասին:

Բեմադրություններ անելիս Արա Երնջակյանը հաճախ դերասաններին անելանելի իրավիճակների մեջ է գցում, տալիս խնդիրներ, որ թվում է՝ անհնար է կատարել: «Սասունցի David Copperfield»-ի մեջ նման իրավիճակները ևս քիչ չեն: Դերասանները ոչ միայն տարբեր հնարքներ են կատարում, այլև խաղում են անգլերեն, սակայն դա չպետք է մտահոգի որևէ հանդիսատեսի, քանի որ կա հայերեն սինքրոն թարգմանություն:

Երնջակյանը ներկայացման գլխավոր հերոսի՝ Դեյվիդ Կոպերֆիլդի դերը վստահել է երիտասարդ դերասան Ավետ Զոհրաբյանին, որին Կամերային թատրոնի երկրպագուները ճանաչեցին «Համլետ» ներկայացմամբ, որում նա մարմնավորում է Համլետին, սակայն այս բեմադրության մեջ բոլորովին այլ Ավետ Զոհրաբյանի ենք տեսնում, որն իր էներգետիկայով, հրաշալի խաղով ու աչքերի փայլով գերում է թատերասերներին:

2023.10.06_18.33.59.83.JPG (1.00 MB)

Մինչ դերը կերտելը դերասանը շատ է դիտել Կոպերֆիլդի մասին պատմող ծրագրեր, ծանոթացել նրա հնարքներին ու եկել այն եզրակացության, որ հանրահայտ իլյուզիոնիստը ոչ այնքան ցանկանում է զարմացնել հանդիսատեսին ու իրեն ամենակարող զգալ, այլ հաճույք պատճառել մարդկանց: Նույնը փորձել է անել Զոհրաբյանը՝ ձգտելով կախարդանք նվիրել թատերասերներին, սակայն փաստում է՝ ներկայացումն այնքան էլ կախարդանքի մասին չէ. այն սիրո, հայրենիքի, այն սիրելու, գնահատելու, դիմացինի ցավով ապրելու մասին է:

Դերասանը կարևոր է համարում ընդգծել, որ իր թիկունքում կանգնած է թատրոնի անձնակազմը, որը հնարավորություն է տալիս իրեն ամենակարող զգալ բեմում:

«Նույնությամբ կրկնում ենք «Մահվան սղոց» հնարքը: Այն դիտելիս գուցե հանդիսատեսը վախենա, բայց ես ուրախ եմ, որովհետև եթե կարողանում ես տաբեր հույզեր արթնացնել՝ վախ, տագնապ, ծիծաղ, լաց և այլն, նշանակում է՝ աշխատանքդ ստացվել է»,-հավաստիացնում է Զոհրաբյանը:

Նա խորհուրդ չի տալիս տանը կրկնել այն հնարքները, որոնք հանդիսատեսը կտեսնի բեմում, հատկապես՝ «Մահվան սղոց»-ը, քանի որ այն գրագետ մոտեցում է պահանջում: «Մեզ մոտ ստացվել է ոչ միայն հնարքը, այլև գունավոր, շքեղ, փայլուն ներկայացումը, որի կարիքն այսօր կա»,-նշում է Ավետը:

Ներկայացման կարևորագույն կերպարներից մեկին՝ Կոպերֆիլդի մենեջեր Ջորջին մարմնավորում է Ներսես Մարկոսյանը: Նա ներկայացումը լուրջ մոտիվներով կատակերգություն է համարում:

2023.10.06_18.38.27.02.JPG (1.03 MB)

«Այս ներկայացման մեջ ամենահատկանշականն այն է, որ սեր է ծնվում ամերիկուհու և հայ տղայի միջև: Սեր ենք քարոզում, թե չէ՝ ֆոկուսները երկրորդական են: Իմ կերպարը կարևոր է, քանի որ նա է վարում շոուն»,-ասում է դերասանն ու հավելում՝ իր համար նորություն է եղել անգլերենով մի ամբողջ ներկայացում խաղալը: «Մի քիչ դժվար էր, սակայն մենք հաղթահարեցինք այդ խոչընդոտը, իսկ թատերասերները լավ տրամադրությամբ կհեռանան դահլիճից, սեր կտանեն, զարմանք, հիացմունք ու հարցականներ»,-եզրափակում է Մարկոսյանը:

Ներկայացման մեջ զբաղված են նաև Էրմինա Զախարովան, Ժորա Մարտիրոսյանը, Նարեկ Ալեքսանյանը, Մհեր Ալաբեգյանը, Վիկտորյա Սահակյանը, Խաժակ Մաջարյանը, Հովհաննես Դիշչյանը, երաժշտական գործիքավորումը՝ Վահե Գրիգորյանի:

Թատերասերները բուռն ծափահարություններով, «բրավո» վանկարկումներով ընդունեցին ներկայացումը, որը կրկին դիտելու հնարավորություն կլինի հոկտեմբերի 12-ին, 19-ին և 21-ին:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում