Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Ադրբեջանը ԼՂ հայերին էթնիկ զտման ենթարկելու հստակ նպատակ է ունեցել և դա իրականացրել է. Ռուբինյանը՝ ԵԽԽՎ-ում

Ադրբեջանը ԼՂ հայերին էթնիկ զտման ենթարկելու հստակ նպատակ է ունեցել և դա 
իրականացրել է. Ռուբինյանը՝ ԵԽԽՎ-ում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերին էթնիկ զտման ենթարկելու հստակ նպատակ է ունեցել, ինչն իրականացրել է:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հանձնաժողովում «Ղարաբաղի հայերի իրավունքները, մարդասիրական իրավիճակն ու Ադրբեջանի միջազգային պարտավորությունները» թեմայով լսումներում այս մասին ասաց Հայաստանի ազգային ժողովի պատվիրակության ղեկավար  Ռուբեն Ռուբինյանը:

«Բոլորին ակնհայտ է, որ Ադրբեջանը հստակ նպատակ է ունեցել՝ էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայերին, և նրանք իրականացրել են այդ էթնիկ զտումը»,-ասաց Ռուբինյանը:

Նա շեշտեց՝ ընթացող քննարկմանն իրեն զարմացնում է ադրբեջանցի գործընկերների ցինիկության աստիճանը, որոնք դարձել են իրենց ավտորիտար, ցեղասպան ռեժիմի փաստաբանները: Նրանք պնդում են, թե իբր Լեռնային Ղարաբաղի հայերն Ադրբեջանի քաղաքացիներ են:

«Նկատեցի՞ք, որ նրանցից որևէ մեկը որևէ բառ չասաց 100 հազար հայի ճակատագրի մասին: Նրանցից ոչ ոք չխոսեց նրանց կարիքների մասին, ցավակցություն, ափսոսանք չհայտնեց զոհերի համար, նրանց համար, ովքեր բաժանված են իրենց ընտանիքներից: Բայց, եթե հաշվի ենք առնում, որ նրանց ներկայացրած ռեժիմի հստակ նպատակը եղել է հենց հայերից ազատվելը, ամեն ինչ դառնում է տրամաբանական»,-ասաց պատգամավորը:

Ռուբինյանն անդրադարձավ նաև ադրբեջանցի պատգամավոր Քամալ Յաֆարովին: 

«Այս ժողովուրդն այնքան զուրկ է ամոթից, որ նույնիսկ ամբողջ բնակչության էթնիկ զտումից ընդամենը 2 շաբաթ հետո նրանք գալիս են այս կազմակերպություն և Հայաստանը կոչում «Արևմտյան Ադրբեջան»: Նա Հայաստանը կոչեց «Արևմտյան Ադրբեջան»,-նշեց պատգամավորը:

Ռուբինյանը հիշեցրեց Ադրբեջանի վերջին գործողությունները, այդ թվում՝ 2020 թվականի պատերազմը, վերջին էթնիկ զտումները, բոլոր իրեդենտիստական խոսակցությունները՝ Հայաստանից արտատարածքային միջանցքի պահանջների վերաբերյալ, Հայաստանի սահմանները չճանաչելը և ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակի կողմից Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» կոչելը:

«Պետք չէ հանճար լինել՝ հասկանալու համար, որ Ադրբեջանը դարձել է սպառնալիք միջազգային կարգի և միջազգային իրավունքի համար: Եվ այդ ռեժիմը պետք է պատժվի՝ իհարկե օրենքով: Մենք, որպես հայկական պատվիրակություն, որպես Հայաստան, միջազգային հանրությունից, ձեզնից յուրաքանչյուրից անհատապես աջակցություն ենք ակնկալում»,-ասաց Ռուբինյանը:

Նա Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների պարտավորությունների կատարման հանձնաժողովի ղեկավարին խնդրեց թույլ չտալ, որ որևէ մեկը նման ագրեսիվ տերմինաբանություն օգտագործի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am