Երևանում՝ 11:07,   23 Փետրվար 2024

Աշխատասիրությունն է բացահայտում տաղանդը. Մալխաս Ամոյան

Աշխատասիրությունն է բացահայտում տաղանդը. Մալխաս Ամոյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարզիկների սպորտային կյանքը երկար չէ. քեզ հիշում են անցած ճանապարհի, նվաճած մեդալների և քո մարդկային հատկանիշների շնորհիվ: Կմնա՞ս արդյոք մարդկանց հիշողության մեջ, կմնա՞ս արդյոք սպորտի պատմության մեջ՝ բացառապես կախված է նրանից, թե որքան հոգի, նվիրում կդնես գործիդ մեջ՝ լինի դա ըմբշամարտ, ծանրամարտ, վազք, լող, թե սպորտային լրագրություն: Կամք. ահա այն հատկանիշը, որը միջին վիճակագրական մարզիկին առանձնացնում է սպորտի պատմության մեջ իր հետքը թողնել ցանկացող մարզիկից:

Հայկական սպորտի հենակետային մարզաձևերից մեկը եղել և մնում է ըմբշամարտը: Սերնդափոխությունը շարունակվում է՝ բերելով նոր անուններ՝ հին ազգանուններով: Անցնող տարին դրական էր 77 կգ քաշային ըմբիշ Մալխաս Ամոյանի համար, ով աշխարհի առաջնությունում դարձավ բրոնզե, Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալակիր և նվաճեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ամոյանը պատմել է անցնող տարվա և սպասվող ճանապարհի մասին:

2023.10.27_13.44.39.15.JPG (864 KB)

-Մալխաս, պատմեք խնդրեմ` ինչպե՞ս սկսվեց ըմբշամարտում ձեր ճանապարհը:

-Ամեն ինչ, որպես այդպիսին, սկսվեց 2005 թվականին, երբ սկսեցի հաճախել «Դինամո» մարզական համալիրի ըմբշամարտի դահլիճ: Սկզբում` մարզումների ժամանակ, մի երազանք ունեի` նմանվել լեգենդար հայ ըմբիշներին, որոնք շատ են․  բոլորին անուններով չեմ թվարկի: Մարզիչս` Համլետ Հովհաննիսյանը, ամեն օր ինձ ասում էր, որ քնելուց առաջ ինքս ինձ համար կրկնեմ, որ պետք է դառնամ աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի հաղթող: Բայց նաև գիտակցում եմ, որ այս ամենին միայնակ չեմ հասել, հասել եմ մարզիչներիս, հավաքականի մարզիչների, ինձ հետ մարզվող ընկերների շնորհիվ:

-Բոլորս գիտենք` Ռոման Ամոյանը ձեր հորեղբայրն է, ի՞նչ դեր է խաղում նա ձեր մարզական կարիերայում:

-Ռոմանն իսկապես ինձ շատ է օգնել, քանի որ նրա անցած ուղին ես նույնպես պարտավոր էի անցնել: Նրան տեսնելով` թե՛ պարտությունների, թե՛ հաղթանակների ժամանակ, ինքս իմ մեջ ընկալել եմ առկա բարդությունները: Դա ինձ օգնել է, որ չկրկնեմ նրա սխալները, և հուսով եմ, որ այն մեդալները, որոնք չի կարողացել նվաճել նա, կնվաճեմ ես:

 2023.10.27_13.30.53.38.JPG (801 KB)

-Վստահ, ինչ-որ մի պահի մտածել եք` եթե չլիներ ըմբշամարտը, ապա ի՞նչը կփոխարիներ դրան:

-Եթե անկեղծ՝ այս նույն հարցը ինքս ինձ տվել եմ, բայց իսկապես չեմ գտել պատասխանը (ծիծաղում է. հեղ.): Մեծացել եմ՝ ըմբշամարտն իմ աչքի առաջ ունենալով: Ինչպես ժողովուրդն է ասում` երեխան սովորում է այն, ինչ տեսնում է: Տեսել եմ միայն ըմբշամարտ:

 2023.10.27_13.51.23.17.JPG (816 KB)

-Անցնող 2023 թվականը ինքնատիպ տարի կարելի է անվանել Ձեզ համար. աշխարհի առաջնության բրոնզ, Եվրոպայի առաջնության ոսկի և Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Ինչպիսի՞ գնահատական կտաք ձեր կատարած աշխատանքին:

-Անկեղծ եմ ասում` միշտ ձգտում եմ առավելագույնին: Յուրաքանչյուր մրցաշարի չեմ գնում միայն մեդալ հետևից, այլ նպատակ ունեմ ոսկի նվաճել: Բայց, երբ չի ստացվում,  նայում եմ թերացումներիս, աշխատում դրանց վրա: Այս տարում շատ կարևոր էր աշխարհի առաջնությունը, որը քվոտա էր տալիս առաջիկա Օլիմպիական խաղերի համար: Տարբերվող էր այն առումով, որ Խաղերի ուղեգիր նվաճեցի, որը բոլոր մարզիկների երազանքն է: Նպատակ ունեի աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր դառնալու, սակայն գոտեմարտը ճիշտ չդասավորեցի, հոգեբանորեն պատրաստ չեղա: Ճիշտ է` տխուր էի, որ ոսկին բաց թողեցի, բայց սփոփիչ է այն, որ Փարիզ-2024-ի ուղեգիր ունեմ:

 2023.10.27_13.32.15.05.JPG (621 KB)

-Մալխաս, որպես այդպիսին նորեկ եք 77 կգ քաշում: Ինչպե՞ս եք հարմարվում նոր քաշային կարգին:

-77 կգ քաշային կարգում կան լավ մարզիկներ` մոտ 15-ն են նրանք: Չէի էլ մտածում, որ նոր քաշում կկարողանայի դառնալ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր: Ամեն մարդու չի հաջողվում քաշային կարգի փոփոխության հետ այդ քաշային կարգում շուտ հարմարվել: Բայց ինքս ինձ համար որոշել էի, երբ դառնամ աշխարհի չեմպիոն, կփոխեմ քաշային կարգս, քանի որ 72 կգ քաշային կարգը օլիմպիական չէր, իսկ ես ուզում էի հանդես գալ օլիմպիական քաշում: Ինձ համար հասկացել եմ մեկ բան` եթե կա նպատակ, ոչինչ չի կարող կանգնեցնել քեզ:

-Փարիզ-2024-ը կլինեն Ձեր առաջին Օլիմպիական խաղերը: Մենք դեռևս նախորդ խաղերից օրինակներ ունենք մարզիկների, որոնք, գուցե, հոգեբանորեն պատրաստ չէին ՕԽ-ին: Արդյոք զրույցներ ունենում ե՞ք ավագ, փորձառու մարզիկների հետ Օլիմպիական խաղերի բացառիկության մասին:

-Փարիզի Խաղերը կլինեն առաջինն ինձ համար, այդ իսկ պատճառով շատ եմ զրուցում Ռոմանի հետ, Արթուր Ալեքսանյանի հետ, ովքեր խորհուրդ են տալիս, որ սովորական մոտեցում ունենամ Օլիմպիական խաղերին: Որքան էլ լավ մարզավիճակում լինես, Օլիմպիական  խաղերի բացառիկ լինելը, հնարավոր է, որ խանգարի:

2023.10.27_13.31.13.84.JPG (825 KB)

- Սպորտում հաջողության հասնելու տարբերակները երկուսն  են` կամ դու տաղանդավոր ես, կամ դու աշխատասեր ես: Ըստ Ձեզ, ո՞րն է մարզիկների հաջողության գաղտնիքը, ո՞րն է «ոսկե միջինը»:

-Սպորտում կա «ոսկե միջին», բայց ես առավել կողմնակից եմ աշխատասիրությանը: Աշխատասիրությունն է բացահայտում տաղանդը: Եթե տաղանդ էլ չունենաս, աշխատասիրությունը կարող է բարձրացնել և արդյունքների հասցնել: Մեզ համար ամենավառ օրինակը Արթուր Ալեքսանյանն է, ով այս տարիքում ջանասիրաբար աշխատում է: 

- Ո՞րն է ձեր «հաղթաթուղթը» գոտեմարտելիս:

-Ուժեղ կողմս, գուցե, այն է, որ հավատում եմ` ունակ եմ հաղթելու, հաղթելու ցանկացած մրցակցի: Պարզապես գիտեմ, որ հաղթանակի հասնելու համար ճանապարհ է պետք անցնել, դրա համար օր ու գիշեր մարզվում եմ:

 2023.10.27_13.35.10.06.JPG (777 KB)

- Ո՞րն է ըմբշամարտի գեղեցկությունը:

-Ըմբշամարտում դուք տեսնում եք միայն գոտեմարտերը, բայց այս մարզաձևի գեղեցկությունը մարզադահլիճներում ջանք ու եռանդ չխնայող մարզիկներն են` ամենօրյա աշխատանքով: Ըմբշամարտի գեղեցկությունն ինձ համար կարգապահությունն է, ծանր մարզումները: Այն, ինչը դուք չեք տեսնում:

-Մալխաս, եթե բացառիկ հնարավորություն ունենայիք գոտեմարտելու պատմության մեջ գոյություն ունեցող մեկ ըմբիշի հետ, ո՞ւմ կընտրեիք:

-Իմ քաշային կարգում դեռ մանուկ հասակից սիրել եմ Ռոման Վլասովի գոտեմարտերը։ Կարծում եմ, հենց նրան էլ կընտրեի:

2023.10.27_13.59.49.69.JPG (900 KB)

-Թեև Ձեր դեպքում ամեն ինչ առջևում է, բայց գալու է մի օր, որ թողնեք մեծ սպորտը: Ինչպե՞ս կցանկանաք, որ Ձեզ հիշեն:

-Հիշեք ինձ՝ որպես լավ մարդու: Սպորտային կյանքը լավն է, բայց դրանից հետո էլ կյանք կա: Մեր օրերում մարդկանց հիշում են իրենց մարդ տեսակով: Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի ոսկե մեդալներն անիմաստ կլինեն, եթե լավ մարդ չես:

-Եթե տեսնեիք Աստծուն, ի՞նչ կասեիք:

-Միայն շնորհակալություն:

-Անչափ շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]