Երևանում՝ 11:07,   4 Մարտ 2024

Սեպտեմբերի հավաքներին առնչվող վարույթներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 60 անձի նկատմամբ. ՀՀ ՔԿ ամփոփումը

Սեպտեմբերի հավաքներին առնչվող վարույթներով հանրային քրեական 
հետապնդում է հարուցվել 60 անձի նկատմամբ. ՀՀ ՔԿ ամփոփումը

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է սեպտեմբերի 19-ին, 20-ին և դրան հաջորդող մի քանի օրերին Երևան քաղաքում իրականացված զանգվածային հավաքների, երթերի և այլ գործողությունների ընթացքում դրանց անմիջական մասնակիցների, ինչպես նաև այլ անձանց կողմից կատարված հանցավոր արարքների դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում քննվող վարույթներով քրեական ընդհանուր շարժընթացը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, կատարված վերոնշյալ բնույթի առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ընդհանուր առմամբ նախաձեռնվել է 34 քրեական վարույթ։ Դրանցից 2-ը վերաբերում են սեպտեմբերի 19-ին և 20-ին Հանրապետության հրապարակում, Կառավարության շենքի դիմաց կազմակերպված և իրականացված զանգածային անկարգությունների փաստերին, մյուսները՝ հրապարակայնորեն զանգվածային անկարգությունների, կամ բռնություն գործադրելու կոչեր հնչեցնելուն, գույքի վնասմամբ, անձանց նկատմամբ բռնություններով ուղեկցվող խուլիգանություններին, հավաքի մասնակիցների կողմից ապօրինի սառը զենք կրելուն, հավաքի մասնակցի մոտ ապօրինի պահվող թմրամիջոցի հայտանբերմանը, ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը, բռնության գործադրմամբ, միջամտելուն և այլնի։

«Նախաձեռնված քրեական վարույթների մի մասը միացվել, և քննությունը շարունակվել է ընդհանուր վարույթների շրջանակներում։ Առանձին քրեական վարույթներ քննչական ենթակայության կարգով փոխանցվել են այլ մարմնի։

ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով, տարբեր հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով, ինչպես նշված օրերին, այնպես էլ դրանից հետո, ձերբակալվել է ակցիաների մասնակից ընդհանուր 64 անձ։ Սեպտեմբերի 19-ին և 20-ին կատարված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթների շրջանակներում, ինչպես համապատասխան հրապարակային տեսագրությունների զննությամբ, այնպես էլ օպերատիվ հետախուզական միջոցառումների միջոցով իրականացվել է այդ հանցավոր գործողություններին մասնակից անձանց նույնականացմանն ուղղված ծավալուն աշխատանք։ Դրանց արդյունքներից ելնելով՝ կայացվել են արդեն ինքնությունը պարզված, նույնականացված և գործողություններն անհատականացված անձանց ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու որոշումներ, ինչի կատարմանը, ինչպես նաև հանցավոր արարքներում ներգրավված որոշ անձանց ինքնությունը պարզելուն ուղղված գործողությունները շարունակվում են նաև ներկայում»,- ասվում է հաղորդագրության մեջ։     

Ըստ աղբյուրի՝ քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 60 անձի նկատմամբ, որոնցից՝ 4-ը՝ անչափահաս, 2-ը՝ կին։ Նրանցից՝

  • 46-ի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է զանգվածային անկարգություններին մասնակցության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդված), որոնցից մեկի դեպքում՝ իրացման նպատակով ապօրինի թմրամիջոցի շրջանառության (ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդված) հետ համակցությամբ,
  • 7-ի նկատմամբ՝ զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 328-րդ հոդված), կամ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդված), կամ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի տարբեր մասերով),
  • 4-ի նկատմամբ՝ պաշտոնատար անձի (ոստիկանի) օրինական ծառայողական գործունեությանը, բռնության գործադրմամբ, միջամտելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մաս),
  • 3-ի նկատմամբ՝ խուլիգանություն կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի տարբեր մասերով)։

Մեղադրյալներից 42-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Հետագայում 14 անձի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել է անազատության հետ չկապված այլ խափանման միջոցներով։

Հանրային քրեական հետապնդման ենթարկվող 8 անձ գտնվում է հետախուզման մեջ։

Ներկա պահի դրությամբ մեղադրական եզրակացությամբ ավարտվել է 7 անձի վերաբերյալ 5 քրեական վարույթ, որոնցից 4-ի նյութերն արդեն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու։ Ավարտված վարույթներից՝

  • մեկը՝ երեք անձի մասով, վերաբերում է սեպտեմբերի 20-ի զանգվածային անկարգություններին մասնակցությանը,
  • մեկը՝ մեկ անձի վերաբերալ, վերաբերում է առերևույթ զանգվածային հավաքի մասնակցի կողմից իրացման նպատակով թմրամիջոցի ապօրինի շրջանառությանը (անջատված մասով),
  • մեկը՝ մեկ անձի վերաբերյալ, վերաբերում է համացանցի միջոցով բռնությունների և դրանց արդարացմանն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելուն,
  • երկուսը՝ երկու անձի վերաբերյալ, վերաբերում է ոստիկանության աշխատակցի ծառայողական գործունեությունը բռնության կիրառմամբ խոչընդոտելուն։

Նշվում է, որ մյուս քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է։ 

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]